Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մոսկովյան միջազգային երաժշտության տան նախագահ Վլադիմիր Սպիվակովին:
«Հարգելի Վլադիմիր Թեոդորի,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 70-ամյա հոբելյանի առթիվ:
Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և երկար տարիների կյանք, ընտանեկան բարօրություն և ներդաշնակություն:
Ձեր ստեղծագործական ուղին ոգեշնչում է երկրպագուների լայն շրջանակի և ընդօրինակելի է երիտասարդ սերնդի համար: Դուք, իրավամբ, արժանացել եք խորհրդային և ռուսաստանյան ականավոր ջութակահարի և դիրիժորի կոչմանը՝ անվերապահ ճանաչում ձեռք բերելով միջազգային ասպարեզում:
Ձեր արվեստը սիրում և բարձր են գնահատում նաև մեր երկրում, որտեղ Ձեզ վաղուց համարում են ոչ թե հյուր, այլ հարազատ մարդ, ով մեր ժողովրդի համար ամենածանր պահերին եղել է նրա կողքին:
Կարդացեք նաև
Երիտասարդ տաղանդների որոնմանն ու բազմակողմ աջակցմանն ուղղված Ձեր հասարակական, բարեգործական և մանկավարժական բազմամյա գործունեությունը, անկասկած, նպաստում է երաժշտական արվեստի զարգացման գործում Ձեր ներդրած ավանդույթների շարունակականությանը:
Այդ կապակցությամբ կցանկանայի երախտագիտությունս հայտնել Վ.Սպիվակովի անվան հիմնադրամի միջոցով հայ տաղանդավոր երեխաներին Ձեր հետևողական աջակցության համար:
Հարգելի Վլադիմիր Թեոդորի, ցանկանում եմ Ձեզ անսպառ եռանդ և հաջողություններ` Ձեր ստեղծարար և ստեղծագործական գործունեության շարունակության համար»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ