Լրահոս
Օրվա լրահոսը

Վերարտադրման մեխանիզմը

Սեպտեմբեր 12,2014 10:22

Ընդդիմության ձեւակերպումը՝ «սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվում են իշխանությունը վերարտադրելու նպատակով», իմ մեջ որոշակի թերահավատություն է առաջացնում: Ոչ թե այն պատճառով, որ ես հավատում եմ իշխանության «վեհ նպատակներին», այլ որովհետեւ վստահ եմ, որ իշխանությունը վերարտադրվելու է բոլոր պարագաներում: Այնքան ժամանակ, մինչեւ չփոխվի մեր՝ քաղաքացիներիս մտածողությունը, իսկ դա երկարատեւ գործընթաց է:

1998 թվականի սկզբին «հայտնի ուժերը» պահանջեցին նախագահի հրաժարականը: Ի՞նչ է, այդ ուժերը ընդդիմությունի՞ց էին: Ի՞նչ է, օլիգարխիան 5 րոպեում չհարմարվե՞ց նոր նախագահի «դրվածքին»: Վերեւում պայմանավորվեցին, որ մեկը կգնա՝ մյուսը կգա: Չեղա՞վ, որ իշխանությունը վերարտադրվեց:

Դա մեր 23 տարվա ընթացքում միակ «իշխանափոխությունն» էր: Մնացած՝ «խորհրդարանական» կամ «նախագահական ընտրություններ» կոչվող միջոցառումների վերաբերյալ՝ սկսած 1995 թվականից, ոչ մեկի մոտ, կարծում եմ, կասկած չկա, որ դա իշխանության վերարտադրություն էր:

Հիմա մենք մոտենում ենք վերարտադրման հերթական փուլին: Այն կարող է տեղի ունենալ 2015, 16, իսկ ավելի հավանական է՝ 17 եւ 18 թվականներին: Վերարտադրության մեխանիզմը դարձյալ կլինի վերեւների պայմանավորվածությունը: Այստեղ պետք է համաձայնել, որ խորհրդարանական համակարգը ՀՀԿ-ի համար կստեղծի գործարքի համար ավելի բարենպաստ պայմաններ:

Բայց ինչպես էլ կոչվի երկրի առաջին դեմքի պաշտոնը՝ նախագահ, թե վարչապետ, դա կլինի համաձայնեցված թեկնածություն՝ ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից, Ռոբերտ Քոչարյանը կամ, ասենք, Արմեն Սարգսյանը՝ Լոնդոնից: Անուն-ազգանունը էական չէ, կարեւորն այն է, որ սկզբում թեկնածուն «կհաստատվի», իսկ հետո միայն տեղի կունենան ընտրություններ՝ որպես տեխնիկական միջոցառում: Հենց դա էլ կոչվում է «իշխանության վերարտադրություն»: Այս խաղում մնացած կուսակցությունները՝ ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը եւ «Ժառանգությունը», որոնք որեւէ լուրջ հավակնություն չունեն, փորձում են մանեւրելով պահպանել իրենց համեստ տեղը խորհրդարանում:

Սա «չոր» քաղաքականություն է: Մնացածը՝ «վայ, խեղճ ժողովուրդը տառապում է», «վույ, արտագաղթը» ու այլն, դրա համեմունքներն են: Իհարկե, ոչ մի վատ կամ արտառոց բան չկա, որ իրավիճակի վրա էական ազդեցություն ունեցող մարդիկ պայմանավորվում են, կամ՝ որ նրանք, ում ազդեցությունն ավելի փոքր է, ձգտում են ապահովել իրենց նվազագույն մասնակցությունը: Իսկ ինչո՞ւ է պետք որեւէ մեկից «վեհ նպատակներ» սպասել:
Ի դեպ, ինչպես եւ աշխարհի բազմաթիվ այլ երկրներում, «ընդդիմություն» հասկացությունն էլ է խիստ պայմանական: Դա, ի վերջո, ֆունկցիա է, որը կատարում է մարդկանց որոշակի խումբ՝ խաղի որոշակի կանոնների սահմաններում: Բովանդակային առումով ընդդիմադիրը Հայաստանում Շանթ Հարությունյանն է, որը, եթե մի կողմ թողնենք նրա էքստրավագանտ դրսեւորումները, առաջարկում է առկա խնդիրների սկզբունքային այլ լուծումներ: Ճիշտ, թե սխալ՝ քննարկելու հարց է: Շանթը չի խաղում առաջարկված կանոններով: Պատահակա՞ն է արդյոք, որ դասական «քաղաքական դաշտում» Շանթը համախոհներ չունի:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. david says:

    Վերարտադրման, թե* վերացման:

  2. Գրիգոր says:

    Սա այն եզակի դեպքն է, երբ ես 100 տոկոսով համամիտ եմ հեղինակի հետ:

  3. ՀՀ քաղաքացի says:

    Հարցնում եք Իսկ ինչո՞ւ է պետք որեւէ մեկից «վեհ նպատակներ» սպասել… Ասեմ

    ԱՄՆ Սահմանադրության հայրերից ոմանք ստրկատեր էին, բայց նրանց գրած Սահմանադրությունը ստրուկին էր ձեռնտու…

    Չեխիայում նախագահին առաջարկում էին երրորդ անգամ առաջադրվել, բայց նա հրաժարվեց` ասաց օրենքը թույլ չի տալիս…

    Սրանք վեհ նպատակների դասական օրինակներ են` որ մարդիկ իրագործել են հանուն իրենց իսկ երկրի….
    Վեհ նպատակ սպասել պետք է, բայց սպասումն արդարացնող է պետք

  4. Լավատես says:

    Երբ տան վարձի թուղթը գալիս է, այնտեղ մանրամասն տարբեր տողերի վրա գրվում է, թե ինչ ծառայության համար ինչ գումար պետք է վճարվի։ Եթե, օրինակ, տաք ջուր մի շաբաթ չեն տվել, բայց թղթում լրիվ գումարն է գրված, մարդիկ կարող են պահանջել իրենց փողերը կամ չվճարել։ Բայց պետությանը հարկ տալուց մենք միայն հստակ մի թիվ գիտենք՝ եկամտահարկ, բայց թե այն ինչպես է բաշխվում, մեզ չեն ասում։ Ստացվում է, եթե ձեր հեծանիվը անհետացել է եւ ձեզ այն չեն վերադարձրել, դուք միեւնույնն է վճարում եք ձեր եկամտահարկը լիովին։ Կարճ ասած, քաղաքացին պետության հետ պետք է մանրամասն գրված պայմանագիր ունենա եւ եթե կողմերից որեւէ մեկը խախտում է այն, դատվում է համաձայն այդ պայմանագրի։

  5. Ceyran says:

    ԱՄՆ սահմանադրությունը այնպես է գրվել,որ բոլորը հավասար են,իսկ դա նշանակում է,որ հրեաները առաջ են ընկնելու՝հայտնի պատճառներով:Որը և հաստատվեց հետագա 250 տարիների ընթացքում:Թե չե……

    • Գալուստ Ենոքյան says:

      Հարգելի Ceyran, Հայերը եվս ԱՄՆ ում առաջ են ընկել «հայտնի պատճառներով»… Նահանգապետ ենք ունեցել իսպանախոսներից առաջ,քիչ թե շատ հարուստներ էլ, կոնգրէսսմէններ էլ… դե հրէաներն աշխարհում մի 60 միլլիոն կլինեն իսկ մենք մի 6 ից 10 միլիոն եվ էդ բոլորը ամեն առավոտ, ինչպես մեկն արդեն ասել է, արթնանում են ամեն առավոտ որպես Նապալեոն… էնպես որ ուրիշի աչքի մազը տեսնելուց առաջ, մի հատ մեր գերանին … նայենք…

  6. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Արամ, կարծում եմ որ իմ կարծիքով 1995 ից առաջ էլ Հայաստանում իրականում իշխանության վերարտադրություն էր…այն որ իշխանությունը «երկնքից» հանկարծ ընկավ Մատրոսկայ Տիշինայում «նստած հերոսների» գլխին ու միամիտ «ժողովուրդը» ոգեվորված «Լե…. Նախագահ…» դա սոսկ կազմակերպված խեղկատակություն էր…ով գիտեր Լեվոնն ով է …թե նա Սերժիկների Ռոբոների նման մեկերին բերելու կապելու է ժողովրդի վզին…իհարկե նա Մեծ գիտնական էր, բազմաթիվ լեզուներ գիտեր (կատարյալ Աճառյան): Մարդիկ իներցիայով «ընտրեցին» ու այսօր որպես հետեվանք կանգնած են ջարդված տաշտակի առաջ…էդ տիշինայի «հերոսների» հալածանքների պատճառով էր որ Արմեն Սագսյանը հայտնվեց Լոնդոնում…չէ որ նրանց եվ Մեծ Պատմաբանին խելացի մրցակիցներ հարկավոր չէին…նրանք դաշտը մաքրեցին որ հետո, Ռոբն ու Սերժը մաքրեր իրենց… համոզված եմ որ Մեծ եղբոր ձեռքով սկսած 88 ից ձեվավորվել է մեր Նոր պետության «վերարտադրությունը», եվ դրա ապացույցը այսօրվա մեր հայրենակիցների հուսահատ աչքերն են…

  7. Գալուստ Ենոքյան says:

    Կներեք վերեվում իմ «կարծելիության» հիվանդության առթիվ…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930