Լրահոս
Օրվա լրահոսը

Որ գրքերն են ազդել կարկառուն ՀՀԿ-ականների ճակատագրի վրա

Սեպտեմբեր 12,2014 17:30

Որոնք էլ ազդած լինեն եւ ինչպես էլ ազդած լինեն, կարծում եմ՝
ապագայում նրանցից շատերի կյանքը ՀՀ Քրեական օրենսգիրքն է փոխելու

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 8-ի առավոտյան ես իմ ֆեյսբուքյան էջում գրեցի, թե այսօրվանից սկսվում է «Ազգային կրկեսի» նոր թատերաշրջանը, եւ կանխատեսեցի, որ այդ կրկեսի արենայում կլոունադան ապահովելու է ՀՀԿ խմբակցությունը: Կանխատեսումս արդարացավ հենց նույն օրը. մի քանի կարկառուն ՀՀԿ-ականների պահվածքը լրագրողների հետ զրույցում դրա վառ ապացույցն էր: Իրականում կրկեսի բեմադրության հրահանգը տրված էր դրանից երկու օր առաջ՝ ՀՀԿ խորհրդում Սերժ Սարգսյանի ելույթի ժամանակ, իսկ առաջին «ներկայացումը» տվել էր նրա եղբայրը՝ «կարող ա՞ գիտեք Գալիվուդի աստղ եմ» նոր բեմադրությամբ:

Բայց անցած օրերին այս ամենին այնքան շատ անդրադարձ է եղել արդեն, որ ես որոշեցի ֆեյսբուքյան մի այլ նախաձեռնության նոր երանգը բերել այստեղ:
Խոսքս «10 գրքեր, որ փոխել են ձեր կյանքը» կարգախոսով ֆլեշմոբի մասին է:
Ես համարում եմ, որ բոլորիս կյանքը փոխել է ընդամենը մեկ գիրք՝ Այբբենարանը, դրանից հետո մնացած գրքերը կարդալը կամ դրանցից ազդվելը խաղ ու պար է եղել: Արդ, մտածեցի ես, իսկ եթե մի պահ մոռանանք Այբբենարանը, համարենք, որ բոլորը դա կարդացել են եւ տառերը գիտեն՝ չփորձե՞նք պարզել, թե մեն-մի ինչ գիրք կամ առանձին ստեղծագործություն ազդած կլինի կարկառուն ՀՀԿ-ական գործիչների կյանքի վրա:
Եվ ահա ստացվեց ստորեւ բերվող ցուցակը (որոշ դեպքերում դրանք մեկնաբանել եմ):

Եվ այսպես.
Սերժ Սարգսյան – ՍՄԿԿ կենտկոմի պլենումներում ընկ. Լ. Ի. Բրեժնեւի ելույթների ժողովածու:
Ով թեկուզ հպանցիկ, թեկուզ թռուցիկ կարդացել կամ լսել է իրենց կուսակցական ժողովներում Սերժ Սարգսյանի ելույթները, չի կարող նկատած չլինել բրեժնեւյան ոգին դրանցում: Նույն ինքնագովեստը, նույն ինքնաքննադատության իմիտացիան եւ իհարկե՝ հանձնարարականները կուսակցականներին: Բառերի աղաց՝ առանց կոնկրետության:

Գալուստ Սահակյան – Էրազմ Ռոտերդամցի, «Գովք հիմարության»:
Եթե մարդկության մեծ մասը սույն գիրքը կարդում է իբրեւ սատիրական ստեղծագործություն, ապա Գալուստ Սահակյանը, կարծում եմ, այն կարդացել է իբրեւ գործողությունների ուղեցույց:

Հովիկ Աբրահամյան – Հովհաննես Թումանյան, «Քաջ Նազարը»:
Հովիկ Աբրահամյանը հենց սույն հեքիաթից է փոխ առել խելքի մասին իր «հանճարեղ» ասույթը եւ շարունակում է առաջնորդվել հեքիաթի վերջին տողերով. «Ի՜նչ քաջություն, ի՜նչ խելք, ի՜նչ հանճար. դատարկ բաներ են բոլորը։ Բանը մարդուս բախտն է։ Բախտ ունե՞ս՝ քեֆ արա…»:

Դավիթ Հարությունյան – Դերենիկ Դեմիրճյան, «Պույ-պույ մուկիկը»:
Այս հեքիաթը կարդալուց հետո Դավիթ Հարությունյանն ավելի հեշտ է կարողանում կանխատեսել անմիջական շեֆի վարքը:

Է. Շարմազանով – Նաիրի Զարյան, «Ձոն Ստալինին»:
«Աքիլլեսին Հոմերն երգեց, Ռուստամ Զալին՝ Ֆիրդուսին». այ հենց սրա մասին է խոսքը: Շարմազանովի վրա այս բանաստեղծությունն այնքան խորը ազդեցություն է թողել, որ նա ամեն առավոտ հայելու առջեւ փորձում է իր հերթական ձոնը, որը, սակայն, ոնց էլ անի, միշտ ավարտվում է նույն կերպ.

Երգում եմ քեզ, մեծ ԱԶԱՏԻՉ, դու հարազատ ամենքին,
ՀՀԿ-ի երջանկության ճարտարապետ ու դարբին…

Հերմինե Նաղդալյան – Մարքս, «Կապիտալ», հատոր 1, կապիտալի նախնական կուտակմանը վերաբերող գլուխը (մեկնաբանություններն ավելորդ են):

Կարեն Ավագյան – «Լենինյան կոմերիտմիության փառապանծ պատմությունը» (առանց մեկնաբանության):

Առաքել Մովսիսյան (Շմայս) – Հովհաննես Թումանյան, «Կացին ախպերը»:
Ինքը չի կարդացել, իր համար դանդաղ, որպեսզի գործընկերն ընկալի, կարդացել է ՀՀԿ խմբակցության ղեկավար, համարյա Թումանյանի հայրենակից Վահրամ Բաղդասարյանը:

Մանվել Գրիգորյան, Սեյրան Սարոյան – Համակարգիչը նեղացավ ինձանից եւ հրաժարվեց գրքի անուն շարելուց: Այսուհանդերձ, հուշեց, որ սույն գեներալները Այբբենարանը մի քանի անգամ վերցրել են ձեռքները՝ 7 տարեկանում, եւ հաստատ բոլոր ձայնավորների գրությունն ու արտասանությունը գիտեն: Իսկ բաղաձայներից միայն պայթականներն են կարողանում արտաբերել (առանց իմանալու պայթականներ բառը, իհարկե):

Սուրիկ Խաչատրյան (Լիցկա) – նրա կյանքի վրա մեծ ազդեցություն է ունեցել ԽՍՀՄ Քրեական օրենսգիրքը: Մնում է, որ սույն պարոնի կյանքը նաեւ ՀՀ Քրեական օրենսգիրքը արմատապես փոխի:

Եվ ընդհանրապես՝ կարծում եմ, որ ՀՀԿ-ում լիքը մարդիկ կան, ում կյանքն ապագայում հենց ՀՀ Քրեական օրենսգիրքը կփոխի:

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930