Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եւ-եւ»-ի հնարավորությունները

Սեպտեմբեր 12,2014 17:00

Ուկրաինական ճգնաժամի հետեւանքով
Արեւմուտք-ՌԴ սրված հարաբերություններից կարելի է օգտվել

Կարելի էր ենթադրել, որ ՀՀ իշխանությունները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ընդունված հռչակագրի առնչությամբ այլ սպասելիքներ ունեին: Իհարկե, լավ կլիներ, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հավասարության նշան չդրվեր` Ղարաբաղյան հակամարտությունը փակուղի մտցնելու, շփման գծում լարվածություն եւ սադրանքներ հրահրելու պատասխանատվության եւ ինքնորոշման իրավունքի` առանձին ընդգծման առումով: Կամ՝ եթե ոչ հռչակագրում, գոնե առաջատար մի քանի երկրների առաջնորդներ նման ելույթներով հանդես գային:

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը գագաթնաժողովից հետո օրերս Երեւանում Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տեղ գտած ձեւակերպումները վնաս են հասցնում բանակցային գործընթացին ու տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը: Նա պարզաբանել է. «ԵԱՀԿ ՄԽ երկու համանախագահները նաեւ ՆԱՏՕ-ի անդամ են: Այն դրույթը, որը վերաբերում է Մոլդովայի եւ Հարավային Կովկասում կոնֆլիկտների կարգավորմանը, այնտեղ ձեւակերպումներ են ներառվել, որոնք ընդհանրացված կամ ընտրովի մոտեցումներ են արտահայտում, որը չի համապատասխանում եռանախագահների արտահայտած գաղափարներին, առաջարկներին եւ մոտեցումներին։ Չի համապատասխանում նաեւ այն հայտարարություններին եւ որոշումներին, որոնք ընդունվել էին վերջին տարիների ընթացքում ԵԱՀԿ-ի շրջանակներում։ Դա, իհարկե, վնաս է հասցնում բանակցային գործընթացին, դա վնաս է հասցնում նաեւ տարածաշրջանում կայունությանը եւ անվտանգությանը»։

ՆԱՏՕ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ չի զբաղվում։ Այս կազմակերպությունն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ջանքերին, եւ ջանքերին պաշտոնական Երեւանը կողմ է՝ ի տարբերություն պաշտոնական Բաքվի, որը մերթընդմերթ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության անարդյունավետության հարց է բարձրացնում։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրում ասված է, որ դաշինքի անդամ երկրները շարունակում են աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը եւ ինքնիշխանությանը. «Այս համատեքստում մենք կշարունակենք աջակցել Հարավային Կովկասում, ինչպես նաեւ Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին՝ հիմնվելով հիշյալ սկզբունքների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա»: Իսկ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները երեք են՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքը։

Զարմանալի է, որ ՀՀ ԱԳ նախարարը Ուելսի գագաթնաժողովի հռչակագրում Հայաստանի անկախության ու ինքնիշխանության ընդգծումը չի կարեւորում: Եթե դիտարկենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առանձին պաշտոնյաների հայտարարությունները, ապա Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան եւս պաշտպանել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Ավելին՝ ՀՀ ԱԳ նախարարը երբեք չի արտահայտվում, օրինակ, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մի քանի միլիարդի հասնող, ընդ որում, մի մասը` հարձակողական, զենքի վաճառքի գործարքների մասին, մի բան, որ իրենց թույլ չեն տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու երկրները` ԱՄՆ-ն ու Ֆրանսիան:

Մեկ ուրիշ օրինակ: Մոսկվայում անցյալ տարվա մայիսին՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե ղարաբաղյան ստատուս քվոն անընդունելի է, եւ որ «ստատուս քվոն նշանակում է ոչ միայն ադրբեջանական տարածքների վերադարձի հարցի լուծված չլինել, այլեւ Հայաստանի տնտեսական շրջափակում»:

Մի՞թե Նալբանդյանը չի նկատել Ռուսաստանի ԱԳ նախարարի վերոնշյալ հայտարարությունը` «ադրբեջանական տարածքների վերադարձի» մասին: Կամ` Աստանայի գագաթնաժողովում Նազարբաեւի` Ալիեւի նամակը հիշատակելու փաստը:
Իսկ ընդհանրապես՝ «եւ-եւ» քաղաքականությունն արդյունավետ վարելու համար Հայաստանի իշխանություններն իրենք իրենցից պետք է դժգոհեն: Նաեւ արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքի շնորհիվ մենք պետք է ունենանք դաշնակիցներ միջազգային այն կառույցներում, որոնց չենք անդամակցում, որից հետո միայն դժգոհենք այս կամ այն կառույցի «հասցրած վնասներից»: Բավական ժամանակ արդեն իսկ կորսված է, իսկ ռազմատենչ Բաքվի՝ մարդասպանին պետական մակարդակով հերոսացնող իշխանությանը միջազգային կառույցների հետ աշխատանքում ավելի հետեւողական լինելու հարցում բավական բան կարելի էր անել ժամանակին:

Մինչդեռ հիմա եվրոպացի պաշտոնյաների ուղերձները բավական դրական են դեպի Եվրասիական միություն շտապող Հայաստանի համար: Եվրոպացիներն ընդունում են, որ Հայաստանը շարունակելու է աշխատել իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ, բայց միեւնույն ժամանակ շարունակելու է համագործակցել Եվրոպական միության հետ, եւ վստահեցնում են, որ ուկրաինական ճգնաժամը չի ազդի ԵՄ-Հայաստան հարաբերությունների վրա:

Ուշագրավ էր ԵՄ-ի ընդլայնման ու հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի՝ օրերս արած մի հայտարարություն: Նա Բաքվում մասնակցել էր «Արեւելյան գործընկերության» մասնակից երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական չորրորդ հանդիպմանը, որտեղ ադրբեջանցի լրագրողները հիշեցրել էին, թե «Ղրիմի համար պատժամիջոցներ են կիրառվել Ռուսաստանի դեմ, մինչդեռ նույնը չի կարելի ասել Ղարաբաղի համար Հայաստանի պարագայում»: Ի պատասխան՝ Ֆյուլեն նկատել էր, որ չի կարելի զուգահեռներ անցկացնել Ղրիմի ու Ղարաբաղի միջեւ՝ ընդգծելով, որ «Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը վերացնում է այդ հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հնարավորությունը»: Օրեր առաջ նաեւ հայտնի դարձավ, որ ԵՄ-ն Հայաստանին 140-170 միլիոն եվրոյի օժանդակություն կտրամադրի` 2014-ից 2017թթ. ընթացքում բարեփոխումներ իրականացնելու նպատակով:

«Եւ-եւ»-ի քաղաքականության վարման համար նպաստավոր պայմաններ ստեղծված են նույնիսկ ուկրաինական ճգնաժամի հետեւանքով Արեւմուտք-Ռուսաստան հարաբերություններում առկա սրված հարաբերությունների արդյունքում:
Մնում է կարողանալ ճշգրտորեն օգտվել այդ իրավիճակից:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930