Լրահոս
Օրվա լրահոսը

Օրինագիծն էժանագին սուտ՝ փոխնախարարի մակարդակով

Սեպտեմբեր 12,2014 16:00

Նախօրեին «Շրջակա միջավայրի վրա ազդեցության եւ փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը» Ազգային ժողովում կրքեր բորբոքեց, խորհրդարանից դուրս էլ հասարակական կազմակերպությունների շրջանում պակաս կրքեր չբորբոքվեցին: Այս օրինագծի նախնական տարբերակի մշակման մասնակիցները համարում են կեղծիքներով, «ավանտյուրայով» «սղացրած» օրինագիծ:

Որ այն պիտի փոփոխվեր ոչ հօգուտ շրջակա միջավայրի, բնապահպանները կանխատեսում էին դեռ 2012-13 թվականներին:

«Առավոտի» հետ զրույցում «Էկոլուր» ակումբի ղեկավար, բնապահպան Ինգա Զառաֆյանն ասաց, որ օրինագծի 1-ին տարբերակի քննարկման ժամանակ ներկա է եղել, իսկ երբ օրինագիծը ներկայացվել էր կառավարության հավանությանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին, մեղմ ասած՝ օրինագիծը դուր չի եկել: Նախկին վարչապետն, ինչպես պատմեց Ինգա Զառաֆյանը, ասել էր. «Այս օրենքը չի համապատասխանում բիզնեսի շահերին: Նա չասաց՝ լավն է, վատն է, բարդ է, խիստ մասնագիտական է, ուղղակի բիզնեսին դեմ է: Ընդ որում, այս օրենքը ու նման օրենքները չպետք է պաշտպանեն բիզնեսի շահերը, այլ պետք է պաշտպանեն բնության շահերն ու շրջակա միջավայրը»: Ու Տիգրան Սարգսյանի թեթեւ ձեռքով հետ ուղարկվեց՝ վերամշակման, բայց ըստ բնապահպանների՝ վերամշակման արդյունքում փչացրին:

Բնապահպան-իրավաբան Արթուր Գրիգորյանը մի շարք փորձագետների եւ հասարակական կազմակերպությունների (հ/կ) հետ մասնակցել է օրինագծի 1-ին տարբերակի մշակմանը: «Առավոտի» հետ զրույցում իրավաբանը պատմեց, թե ինչպես է 1-ին տարբերակն ուղարկվել ԱԺ՝ կրկին հրատապ ընդունման, բայց այն ժամանակ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանի հետ համաձայնության էին եկել, որ ԱԺ-ում մասնագետների մասնակցությամբ լսումներ կլինեն, ու այդ ընթացքում էլ շտկումներ ու առաջարկություններ կլինեն օրինագծի վերաբերյալ: «Դա անելու փոխարեն իրենք, այսինքն՝ աշխատանքային խումբը, որի կազմում էին նախագահականից մի անձ, Դավիթ Հարությունյանը, Պապյանը, բռնում են ու տանում օրինագիծը եւ մի քանի հոգով իրենց ուզածով փոփոխություններ են անում, գրում-ջնջում, ու էդ գրած-ջնջած տարբերակը տանում են ԱԺ այս տարվա հունիսի 21-ին 24-ժամյա ռեժիմով հաստատման: Իսկ մենք իրենց հետ պայմանավորվածություն ունեինք սովորական ռեժիմով ԱԺ հաստատմանը ներկայացնել, այդ դեպքում մի քանի ամիս ժամանակ կունենայինք վրան աշխատելու եւ շտկելու թերությունները: Ասենք՝ կշտկեինք հանրային քննարկումներին վերաբերող դրույթը, բայց բռնում է՛լ ավելի են այլանդակում, անթույլատրելի նորմեր են մտցնում ու հանրապետականներով իրար փոխարեն կոճակ սեղմելով՝ 24-ժամյա ռեժիմով ընդունում»:
ԱԺ-ի կողմից ընդունելուց հետո էլ բնապահպանները չեն դադարեցնում պայքարը. նրանք դիմում են Համաշխարհային բանկին (ՀԲ)՝ սառեցնելու կառավարությանը տրվող վարկի հերթական տրանշը, քանի որ օրենքը կեղծիքներով է անցել: Իսկ վարկը ստանալու պայման էր այդ օրենքն ընդունելը, Օրհուսի կոնվենցիային համապատասխանեցնելը, բայց նույնիկ ՀԲ-ն էր նախարարությանը կարգադրել օրենքը ընդունել հանրության կարծիքը հաշվի առնելուց հետո: Արթուր Գրիգորյանի ներկայացմամբ՝ հավանաբար ՀԲ-ն ճնշում էր գործադրել կառավարության վրա, ուստի բնապահպանների դիմումից հետո նախարարությունը բնապահպաններին տեղեկացրել էր, որ մի քանի օր ժամանակ են տալիս, որպեսզի հ/կ-ները ներկայացնեն իրենց առաջարկությունները: Հետո պարզվեց, որ նախարարությունը ձեւական քայլ է արել, քանի որ բնապահպանների ներկայացրած առաջարկությունները հաշվի չեն առնվել: Նախարարությանն ընդամենը պետք էր ՀԲ-ին ցույց տալ, որ իրենք դիմել են բնապահպաններին, փորձագետներին ու հանրության կարծիքն իբր լսել են: ԱԺ-ում Սիմոն Պապյանն էլ խոստովանել է, որ օրինագիծը պետք է շտապ ընդունել, որպեսզի ՀԲ-ից հերթական վարկը ստանան:

«Օրինագծի 2-րդ տարբերակին իսկապես չեն մասնակցել հ/կ-ներ ու փորձագետներ: Մենք գրել ենք մի բան, իրենք ընդունել են այլ բան»:

Օրինագծի թերություններից Արթուր Գրիգորյանը նշեց ամենամեղմը՝ «Քաղաքաշինությանը վերաբերող հատվածում, ըստ 1-ին տարբերակի, 1500 քմ կառուցապատման դեպքում պետք է բնապահպանական փորձաքննություն անցկացնել, հանրությունը պետք է լսումների մասնակցի, որովհետեւ հնարավոր է՝ այդ տարածքում խաղահրապարակ լինի, կամ ծառեր հատվեն, կամ, ասենք, բնակիչների բնական լույսը փակվի կառուցապատման արդյունքում: Այսինքն՝ հաշվի պիտի առնվի մարդկանց կարծիքը, բայց իրենք փոփոխել են ու մտցրել «Գ» կատեգորիայի տակ, ըստ որի՝ պարտավորվում են ընդամենը ծանուցել հանրությանը, որ կառուցապատում է լինելու: Ուղղակի էժանագին սուտ՝ փոխնախարարի մակարդակով»:

Մեր այն հարցին՝ բնապահպանության ներկա՞, թե՞ նախկին նախարարի ժամանակ է օրինագիծն ուղարկվել ԱԺ, բնապահպանը դժվարացավ ասել. 2 նախարարների այն վստահեցումներն էլ, որ նման դեպքերում հանրային լսումներ կապահովեն, բնապահպանը որակեց որպես «փուչիկ»:

Եվ որքան էլ որոշ պատգամավորներ խորհրդարանում քննադատում էին օրինագիծը, երեկ այն ընդունվել է 72 կողմ, 10 դեմ, 5 ձեռնպահ ձայներով:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930