Լրահոս
Օրվա լրահոսը

Եղեգնուտցիների հողերը չորանում են Սեւ գետի ցամաքելու եւ պոմպակայանների խնայողության պատճառով

Սեպտեմբեր 12,2014 15:30

Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի բնակիչները չեն կարողանում իրենց հողատարածքները մշակել, եթե մշակում էլ են, ապա մի փոքր մասը: Այս գյուղում ոռոգման ջուրը հրաշքի նման մի բան է դարձել. գյուղացիներն ասում են, որ ջրային պաշարներով հպարտացող Հայաստանի այս տարածաշրջանը վերածվում է անապատի, ջուր չկա, չեն կարողանում եղած ցանքատարածությունները ոռոգել:

Ժամանակին այս եւ հարակից մի քանի գյուղեր օգտվում էին Սեւ ջուրը գետի ջրերից, հիմա գետը ցամաքել է. թե ինչո՞ւ, ոչ ոք այս հարցի պատասխանը չի տալիս գյուղացիներին:
Ներկայում եղեգնուտցիներին ոռոգման համար խորքային հորերից են ջուր տալիս, այն էլ՝ չի բավականացնում:

«Առավոտի» հետ զրույցում գյուղացիներից մեկը պատմում է, որ 5 հեկտար հողատարածք ունի, ոռոգման ջուր չլինելու պատճառով այդ տարածքի 1/3 մասն էլ չի կարողանում մշակել. «Անցած տարվանից առվույտ չեմ ցանել՝ ջրի պակասից: Առվույտ էլ որ չենք ցանում, հենա անասնակեր չենք ունենում: Իսկ ինչ էլ որ մշակում եմ, հիմնականում բանջարաբոստանային կուլտուրաներ են՝ պղպեղ, լոլիկ, սեխ, ձմերուկ: Սրանք խորքային հորերի ջրերով ենք ոռոգում, էն էլ՝ 6 օրը մեկ, որ բախտներս բերում է՝ 3 օրը մեկ: Դուք պատկերացրեք՝ եթե հողը ուշ-ուշ ենք ջրում, էդ նշանակում է՝ հողը չորանում է, որ օրն էլ որ ոռոգում ենք, էնքան չորացած է լինում հողը, որ չի հագենում, բույսին համարյա չի հասնում ջուրը, այսինքն՝ չի կշտանում: Մարդ, որ օրերով ջուր չխմի, ու մի օր ընդամենը մի բաժակ ջուր տան, կհագենա՞, չի հագենա»:

Գյուղացու պատմելով՝ ստացած բերքն էլ բարձր որակի չի լինում, քանի որ անհրաժեշտ չափով չի ոռոգվում:

«Չեղած» ջուրն էլ գյուղացիների վրա շատ թանկ է նստում. նրանք հերթագրվում են, ու մի քանի օրը մեկ է հերթը հասնում. «Խորքային հորերից եկող ջուրը պոմպակայանով են տալիս, բայց ցանցն էնքան մաշված է, նապոռն էլ էնքան վատն ա, որ ջուրը դաշտերին նորմալ չի հասնում: Մենք պիտի 1 խորանարդ մետրով վճարենք ջրի գինը, բայց մեր վրա հաշվում են ժամով, ժամը՝ 1500-2500 դրամ: Ամսվա վերջում մեծ թիվ ա գալիս՝ 120-150 հազար դրամ: Մեր եկամտի միակ աղբյուրը հողն է, էն էլ դրանից էլ ենք քիչ-քիչ զրկվում: Էլ չասենք, թե ինչքան վարկեր ունենք բանկերին»:
Մեզ հետ զրույցում Եղեգնուտի գյուղապետ Ռազմիկ Մարգարյանը վստահեցրեց, որ ջրի դեֆիցիտից մեծ ծավալի հողատարածքներ կան, որ արդեն 7 տարի է՝ «ջրի երես» չեն տեսնում. «Անապատացված գոտիներ կան արդեն, մայր ջրանցքը չորացել է՝ բացարձակ ջուր չի տալիս անցած տարվանից»:

«Առավոտի» հարցին, թե որքա՞ն ջուր է հարկավոր 1 հեկտար հողատարածքը ջրելու համար, գյուղապետն ասում է. «1 հեկտարի ոռոգման համար անհրաժեշտ է մինիմում 1 վայրկյանում՝ 30-32 լիտր ջուր, բայց հիմա խորքային հորերն, այսպես ասեմ՝ կարող են դուրս մղել 1 վայրկյանում՝ 17-20 լիտր ջուր: Այսինքն՝ արտադրվող ջրի քանակությունը ուղիղ համեմատական է ծախսված էլեկտրական հոսանքի քանակությանը՝ որքան շատ հոսանք է ծախսվում, այնքան շատ ջուր է արտադրվում: Իսկ այսօր այնպես են աշխատում, որ էլեկտրաէներգիան խնայեն՝ փոքրացնելով ջրի արտադրողականությունը»:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում «Սեւ ջուր Աղթամար» ընկերության տնօրեն Խաչիկ Սարգսյանը վստահեցնում է, որ ընկերությունն ունի 40 խորքային հոր, 3 խոշոր պոմպակայան, որոնցով սպասարկում են 5 համայնքներ. «Խորքային հորերի դեպքում մենք խնդիր չունենք, միայն պոմպակայաններում է ջուրը պակասում, եւ հարց է, թե ջրտուքը դաշտ ինչ չափով է հասնում»:

Ինչ վերաբերում է եղեգնուտցիների ու գյուղապետի այն պնդմանը, որ էլեկտրաէներգիայի խնայողության համար ջրի արտադրողականությունը դիտավորյալ փոքրացնում են, պարոն Սարգսյանը չի ընդունում «մեղադրանքը»:

Ընկերության ղեկավարն էլ այլ բան է պնդում. «Տարբեր պոմպեր տարբեր արտադրողականություն ունեն՝ սկսած 1 վայրկյանում 40-70 լիտր ջրից, բոլոր պոմպակայաններն էլ նույն չափով էլեկտրաէներգիա են ծախսում: Բայց որքան ցածրից է ջուրը դուրս մղվում, այդ պոմպակայանի ջուրը վայրկայնում ավելի քիչ է լինում, որը մակերեսային է՝ ավելի առատ: Կա, որ 5 մետր խորքից է ջուրը վերցնում, կա՝ 10 մետր խորքից»: Պարոն Սարգսյանն էլ նշում է, որ ոռոգման ջրի խնդիրը Սեւ ջուր գետի ցամաքելու հետեւանք է:

Իսկ Եղեգնուտի գյուղապետ Ռազմիկ Մարգարյանն ասում է, որ Զարթոնքի պոմպակայանը տարիներ շարունակ Սեւ ջուր գետից է ջուր ստացել, գետի չորանալուց հետո էլ Արմավիր քաղաքի ամբողջ կոյուղաջրերն են գետի հունով հոսում:

Գյուղապետը փորձում է ինչ-որ լուծումներ գտնել, բայց դրանց համար «վերեւների» օգնությունն է պետք: «Եղեգնուտի հողերը ջրով ապահովում են 4 խորքային հորեր, որից մեկը նոր ենք հորատել: Այ, եթե թույլտվություն լինի, ու ավելացնենք խորքային հորերի թիվը, ինչ-որ չափով հնարավոր կլինի խնդիրը լուծել»,- ասում է գյուղապետը:
Հիմա գյուղացիներին մի հույսով էլ են «կերակրում», այն էլ հարց է՝ կիրագործվի՞, թե՞ ոչ: Համայնքապետ Մարգարյանը վստահեցնում է՝ որպես ջրի աղբյուր Արաքս գետից ինքնահոս ջուր պետք է մատակարարի Գանձուտի դոտացիոն ջրանցքը. սա էլ դեռ պետք է վերանորոգվի, հետո նոր շահագործվի. «Այս ջրանցքի համար մարզպետին ներկայացրել եմ խնդիրը. եթե հաստատվի ծրագիրն ու շահագործման հանձնվի Գանձուտի ջրանցքը, ուրեմն՝ բացի Եղեգնուտից, 5 համայնքներ էլ կունենան ինքնահոս ոռոգման ջուր: Բոլորը գյուղացուց ակնկալիք ունեն՝ սկսած բանկերից, վերջացրած առուծախ անողներով՝ վերավաճառողներով: Մեր գյուղը սպասարկում է 2000-3000 առուծախ անողի, իրենք մեզանից շատ են օգտվում, գյուղացին չարչարվում է, բոլորին կերակրում՝ բացի իր ընտանիքից»:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն says:

    Ամբողջ Արարատյան դաշտում ջրի պատճառով չորանում են գյուղացիների այգիները և ն դաշտերը;
    Կառավարությունը պետք է վերլուծի և գտնի սակավաջրության պատճառները ու միջոցներ ձեռք առնվեն այն հաջերդ տարիներին չկրկնվելու համար /չտեսնելու տալու փոխարեն/;ՈՒմ է պետք Կառավարության հատկացրած դիզվառելիքը կամ պարատանյութը ,եթե ջրի պատճառով ամեն ինչ չորանալու է,ինչ եք արտահանելու Ռուսաստան ;

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930