Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Հակոբյանն այժմ ՀՀ քաղաքացի է եւ արդյունքում փոխվել է միայն անձնագրի շապիկի գույնը

Սեպտեմբեր 12,2014 14:30

Նախկինում փախստականի կարգավիճակ ունեցող
Կարեն Հակոբյանը կստանա ՀՀ քաղաքացու անձնագիր: Այդ մասին «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց Կարեն Հակոբյանի մայրը՝ Անահիտ Առաքելյանը:

Կարեն Հակոբյանը ծնվել է Հայաստանում՝ 1988 թվականին, սակայն մոր՝ Անահիտ Առաքելյանի հետ 1988 թվականի հուլիսի 15-ին գնացել է Բաքու, որից հետո՝ 1990 թվականին բռնագաղթվել է Հայաստան: Հայաստանում դիմել են պետական լիազոր մարմնին՝ ապաստան ստանալու խնդրանքով եւ հաշվառվել: Նրանց ընտանիքի համար սահմանված կարգով լրացվել է «Հաշվառման թերթիկ»: Թերթիկը լրացվում է, երբ փախստականներն առաջին անգամ մուտք են գործում ապաստան տվող երկրի տարածք:
«Փախստականի ընտանիքի վկայականի» փաստաթղթերը պահպանվում են ՄՊԾ «Համակարգչային կենտրոն» ՊՈԱԿ-ի արխիվում:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունը Կարենի փախստականի կարգավիճակը դադարեցնելիս հաշվի է առել այն հանգամանքը, որ տղան ծնվել է Հայաստանում: Հետաքրքիր է, թե որ հոդվածն է փախստականի կարգավիճակը որոշելու համար սահմանում պայման, որ անձը պետք է ծնված լինի այն պետության տարածքում, որտեղից բռնագաղթվում է: Մինչդեռ ոչ «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքը, ոչ էլ փախստականների կարգավիճակի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան փախստականի կարգավիճակը որոշելու համար չեն սահմանում անձի ծննդյան վայրը, քանի որ փախստական է համարվում այն անձը, ով բռնագաղթվել է մշտական բնակության երկրից, ոչ թե այն անձը, ով ծնվել է այն երկրի տարածքում, որը բռնի տեղահանվել կամ հետապնդել է մարդկանց: Նշենք, որ Կարենը փախստականի կարգավիճակը վերականգնելու հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական եւ վարչական վերաքննիչ դատարան, սակայն երկու տեղում էլ Միգրացիոն ծառայության կայացրած որոշումը դատարանները թողել են նույնը, այսինքն՝ անվավեր չեն ճանաչել ծառայության որոշումն այն մասին, որ Կարեն Հակոբյանն այլեւս փախստական չէ: Այդ յուրօրինակ երեւույթը շարունակաբար տարածվել է գրեթե բոլոր փախստականների վրա եւ բոլորն էլ մնացել են առանց կարգավիճակի:

Կարեն Հակոբյանի համար փախստականի կարգավիճակի կարեւորությունն այն էր, որ այդ անձնագիրը հաստատում է նրա կրած վնասները 1990 թվականին եւ դրանից հետո: «Փակեցին բոլոր դռները փախստականների առաջ ու մի շարք խնդիրներ ստեղծեցին մեզ համար: Տղաս մնաց առանց անձնագրի: Առանց այդ էլ այդ անձնագրով շատ վայրերում աշխատանքի չէին ընդունում ու պատճառաբանում էին, որ փախստականի անձնագրով չեն կարող աշխատանքի ընդունել: Դա բավական չէր: Այն, որ Միգրացիոն ծառայությունը տղայիս ծննդավայրով որոշել է նրա քաղաքացիությունը, եւ դա դարձրել պատճառ կարգավիճակից զրկելուն՝ դա էլ հասկացանք, սակայն եւս մեկ խնդիր առաջացավ: Կարենը դիմում էր ներկայացրել անձնագրային բաժին, որպեսզի իրեն տրամադրեն ՀՀ քաղաքացիություն, սակայն դա էլ ձգձգվեց ու առաջացան մի շարք խնդիրներ՝ այս անգամ քաղաքացիություն չէին տալիս: Այնպես չէր, որ փախստականի անձնագրով ունեինք առավելություններ, սակայն այժմ ՀՀ քաղաքացու անձնագրով էլ Կարենի վիճակն էլ ավելի չի բարգավաճել»,- «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց Կարեն Հակոբյանի մայրը՝ Անահիտ Առաքելյանը:

Այն, որ Միգրացիոն ծառայության ստեղծած վիճակի շնորհիվ տուժեցին մեծ թվով փախստականներ, դա անհերքելի է: Փախստականները կորցրեցին ձեռք բերված աշխատանքն անձնագիր չունենալու հետեւանքով, կորցրեցին նաեւ բուժօգնություն ստանալու իրավունքները: Ի դեպ, ընթերցողներին տեղեկացնենք, որ «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքը հստակ սահմանում է, թե ովքեր են համարվում փախստականներ ՀՀ-ում: Սակայն ՄՊԾ-ն հղում է կատարել ուժը կորցրած «Փախստականների մասին» ՀՀ օրենքի հոդվածներին եւ գտել, որ տվյալ օրենքը, որի ստեղծման գործում իրենք մեծ ներդրում են ունեցել, սահմանում է, որ ՀՀ-ում ծնված անձինք չեն կարող փախստական ճանաչվել ՀՀ-ում:

Կարեն Հակոբյանի դեպքում ամբողջ խնդիրն այն է եղել, որ նա այդ ողջ ընթացքում պարզապես ժամանակ է կորցրել Միգրացիոն ծառայության կայացրած հակասական որոշման հետեւանքով: Կարեն Հակոբյանն այժմ ՀՀ քաղաքացի է եւ արդյունքում փոխվել է միայն անձնագրի շապիկի գույնը, իսկ նրա սոցիալական վիճակն էլ ավելի չի լավացել:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ says:

    Շնորհակալություն Սերգեյ, փախստականների ընտանիքների խնդիրները մշտապես լուսաբանելու համար.

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930