Արմատներով Իրանից բրիտանացի 25-ամյա Գոնչեհ Հավամիին երկու ամսով բանտ են նստեցրել այն բանի համար, որ նա մի խումբ աղջիկների հետ հունիսի վերջին ցանկացել է մուտք գործել մարզադահլիճ եւ ներկա լինել վոլեյբոլի տղամարդկանց Իրան-Իտալիա հավաքականների հանդիպմանը:
Ձերբակալված երիտասարդ կնոջ եղբայրը լրատվամիջոցների ներկայացուցիչներին պատմել է, որ քրոջը նստեցրել են մենախցում՝ այնտեղ, որտեղ սովորաբար պահում են քաղբանտարկյալներին եւ լրագրողներին:
«Հեղափոխական հայացքների տեր» Հավամին երկրորդ անգամ է ձերբակալվում: Ավելի վաղ նա նկատվել է այն խմբի մեջ, որը բողոքում էր այն օրենքի դեմ, որը կանանց արգելում է ներկա գտնվել տղամարդկանց մասնակցությամբ մարզական մրցումներին: Այդ օրենքն Իրանում գործում է 1979 թվականից՝ այդ երկրում Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.09.2014