Քիչ առաջ Ծիծեռնակաբերդում ավարտվեց «Ոչ ցեղասպանություններին» նախաձեռնության կազմակերպած ջահերով երթը: Երթի մասնակիցները ծաղկեպսակներ դրեցին հուշարձանին: Այնուհետեւ նրանք «Դադարեցրեք եզդիների ցեղասպանությունը» պաստառերով հավաքվեցին անմար կրակի շուրջ եւ հարգեցին ցեղասպանությունների ընթացքում սպանվածների հիշատակը:
Հիշեցնենք՝ ջահերով երթը սկսվել էր Ազատության հրապարակից, այնուհետեւ երթի մասնակիցներն անցել էին Մաշտոցի պողոտայով եւ Ծիծեռնակաբերդի խճուղիով:
«Ոչ ցեղասպանություններին» նախաձեռնության անդամ Լուսինե Ղամբարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ երթին մասնակցում էին այն քաղաքացիները, որոնք ցանկանում են իրենց բողոքի ձայնը բարձրացնել ցեղասպանություն երեւույթի դեմ.
Կարդացեք նաև
«Մտածում ենք, եթե այս պահին տեղի է ունենում ցեղասպանություն եզդի ժողովրդի նկատմամբ, իսկ մենք գիտենք, որ հաջորդ տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: Եթե չի դատապարտվում այս ցեղասպանությունը, ինչպես կարող ենք մենք մտածել, որ 100 տարվա ժամանակահատված ունեցող ցեղասպանությունը կարող է համապատասխան արձագանքը գտնել համաշխարհային հանրության մեջ»:
Նա հավելեց, որ «Ոչ ցեղասպանություններին» նախաձեռնությունը համարում է, որ հայ ժողովուրդն իր ուրույն տեղն ունի ցեղասպանությունների դեմ պայքարում եւ 21-րդ դարն առանց ցեղասպանությունների դարձնելու գործում: Սակայն նա խոստովանեց, որ երթին մասնակիցների գերակշիռ մասը եզդիներ էին. «Երթին մասնակցում էին ե՛ւ եզդիներ, ե՛ւ հայեր: Միգուցե այս դեպքում գերակշռում էին եզդիները, բայց մեր նպատակն է եղել, որպեսզի բոլորն էլ մասնակցեն այդ երթին, քանի որ մեր նպատակն է ասել ոչ ցեղասպանություններին»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ