Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ «Ա1+»-ի լրագրողի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու փաստի վերաբերյալ

Սեպտեմբեր 11,2014 21:28

Սեպտեմբերի 9-ին ՀՀ  Ազգային ժողովի Բաղրամյան փողոցի մուտքի մոտ՝ «Հակահարված» խմբի ակցիան լուսաբանելիս բռնություն է գործադրվել «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի նկատմամբ: Ակցիայի կազմակերպիչները «Բարեւ Ռոբ» գրությամբ պաստառով հիշեցնում էին 13 տարի առաջ «Պապլավոկ» սրճարանում այդ կերպ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ողջունած Պողոս Պողոսյանի սպանությունը։

Լրագրողը նկարահանում էր խորհրդարանի դարպասին փակցված պաստառը, ինչպես նաեւ խորհրդարանի տարածքից այնտեղ շտապող անձնավորությանը, երբ վերջինս, պաստառը պոկելով՝ հարձակվել է  նրա վրա, հարվածել ձեռքին եւ գետնին գցել նկարահանող սարքը:

Իր աշխատանքը կատարող լրագրողի հանդեպ բացահայտ ագրեսիա դրսեւորած եւ բռնություն գործադրած անձը միջադեպին ներկա գտնվողների պահանջով ներկայացել է որպես «անվտանգության աշխատակից»: Ավելի ուշ պարզվել է, որ նա ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանն է:

Մենք՝ ներքոստորագրյալներս, խստորեն դատապարտում ենք բռնությունը, այն համարում ենք լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտում, հետեւաբար՝ քրեորեն պատժելի արարք:

Հաշվի առնելով վերոգրյալը, պահանջում ենք.

–         ՀՀ Ազգային ժողովից՝ պատասխանատվության ենթարկել նշված անձնավորությանը եւ միջոցներ ձեռնարկել հետագայում նման միջադեպերը բացառելու նպատակով,

–         ՀՀ դատախազությանից՝ սույն հայտարարությունը դիտել որպես հաղորդում հանցագործության մասին:

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«Ա1+» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930