Օրերս Երեւանի պետական համալսարանում (ԵՊՀ) հոբելյանական միջոցառման առիթով հյուրընկալվել էր ՀՀ նախագահը, որը ի թիվս այլոց պարգեւատրեց նաեւ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանին: Այդ առիթով տարբեր հարթակներում քննարկումներ կան այն մասին, որ նախագահը պարգեւատրել է «Հայոց պատմություն» դասագրքում պատմությունը հօգուտ իշխանություններ խեղաթյուրած պատմաբանին:
Aravot.am-ը ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանին հարցրեց, թե ինչպե՞ս է վերաբերվում այդ կարծիքներին: «Դրանք բոլորը անհեթեթություն են»,-ասաց պարոն Մինասյանը՝ հույս հայտնելով, որ ժամանակն ամեն ինչ տեղը կդնի, քանի որ իր ձեւակերպմամբ, ինքն օբյեկտիվ է եղել, իբրեւ ականատես օբյեկտիվ պատկերի ու վերլուծությունների հիման վրա է գրել աշխատությունը:
Էդիկ Մինասյանի ասելով, անընդհատ այդ հարցը բարձրաձայնելով, ոմանք անձնական հարաբերությունների հարթություն են տեղափոխում այն, մինչդեռ, նրա խոսքով. «Եթե իսկապես որեւէ մեկը խնդիր կա, դա կարող է դիտարկվել պատմական եւ գիտական հարթության մեջ, բանավեճերի ու քննարկումների մեջ: Եթե գիտական հիմնարկը քննարկում է, որոշակի գնահատական է տալիս, դա ուրիշ բան է, բայց փողոցային խոսակցություններին լուրջ չեմ վերաբերվում: Կրկնում եմ՝ ժամանակն ամեն ինչ տեղը կդնի: Միայն մի բան է ինձ մտահոգում, որ րոպեական ազդեցության տակ ոմանք կարող են մոռանալ մարդու գիտական, կազմակերպչական վաստակը, դերակատարությունը՝ ֆակուլտետի մեջ, մի միտք վերցնելով առանց փաստերի մեջ խորանալու՝ մարդուն անվանարկել կամ շահարկել ինչ-ինչ բաներ: Փառք Աստծո, ես կարող եմ այդ աշխատության վերաբերյալ գրախոսություններ ներկայացնել, դա միայն Մինասյանի կարծիքը չէ. եւ ֆակուլտետով է անցել, եւ ակադեմիայով…»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ