Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հարցին՝ Գագիկ Ծառուկյանն իր հարցազրույցում ասել էր, որ չի գալիս քաղաքական իշխանություն, որպեսզի անձնական շահեր հետապնդի, փաստորեն, այս գործող իշխանությունները այս ձեռագրո՞վ են աշխատում՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ Հայաստանում եւ առհասարակ աշխարհում չի ճանաչում մի քաղաքական գործիչ, որն ասում է, որ իր նպատակը քաղաքականության մեջ մտնելով՝ անձնական խնդիր լուծելն է:
Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, որ «համենայնդեպս, ՀՀԿ-ն ապացուցել է, որ իր թերություններով հանդերձ, շատ ավելի դրական քայլեր է ձեռնարկել, եւ այդ դրական քայլերի արդյունքում է, որ ՀՀԿ-ն եղել, մնում է եւ հուսով եմ դեռ կմնա Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական ուժը: Դա ոչ թե եղել է միայն ՀՀԿ-ի ցանկությամբ, այլ՝ ընտրություններով, ինչքան էլ դա քաղաքական գործիչներին դուր գա կամ չգա: Չկա աշխարհում մի քաղաքական կուսակցություն, որը կատարյալ է: Այն քաղաքական ուժը, որ կարծում է, որ իր մոտ ամեն ինչ կատարյալ է, նա արդեն վերջացած է՝ որպես քաղաքական թիմ:
Հարցին՝ Գագիկ Ծառուկյանն ու առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն օրերս հանդիպել են եւ որոշել են գնալ մարզային այցելության, ինչպե՞ս եք վերաբերվում դրան՝ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Առաջին անգամը չէ, որ տարբեր քաղաքական գործիչներ երկուսով, երեքով, չորսով, հինգով, նույնիսկ տասով, մեկ-մեկ էլ միայնակ հանդիպում են: Այսինքն, այստեղ ես որեւիցե խնդիր չեմ տեսնում: Յուրաքանչյուր քաղաքական թիմ ինքն է որոշում իր մարտավարությունը եւ ՀՀԿ-ական կուսակցությունը երբեք չի քննարկել այդ քաղաքական ուժերի մարտավարությունն ու ռազմավարությունը: Դա բացառապես իրենց խնդիրն է, եւ ես այստեղ ասելիք չունեմ: Կուզեն՝ կհամագործակցեն, չուզեն՝ չեն համագործակցի: Դա իրենց խնդիրն է, դա մեզ չի էլ անհանգստացնում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ