Ինչպես տեղեկացրել ենք, այսօր վերաօծվեց Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղի եկեղեցին, որը խորհրդային տարիներին որպես պահեստ է ծառայել, ժամանակի ընթացքում ամբողջապես քայքայվել է: Այն վերանորոգած մոսկվաբնակ ձիթհանքովցի, 26-ամյա գործարար Ռուստամ Ստեփանյանը եկեղեցու վերաօծումը կազմակերպել էր իր հոր ծննդյան տոնի առթիվ:
Այս մասին իր ելույթում տեղեկացրեց Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը` գովելով երիտասարդի նախաձեռնությունը: Սրբազանն ասաց, որ ինքը զանազան մեծահարուստների դռներ է թակում` խնդրելով այսինչ եկեղեցին վերանորոգել, սակայն մեծամասամբ մերժողական պատասխաններ է ստանում: Ըստ Միքայել Աջապահյանի, սա բացառիկ դեպք է, երբ թեմի առաջնորդը չի խնդրել, հետևից չի ընկել, այլ երիտասարդը ինքն է ցանկություն հայտնել եկեղեցի վերանորոգելու:
Միքայել Աջապահյանը մեջբերեց Ավետարանի խոսքերը, ըստ որոնց, ավելի լավ է տալը, քան վերցնելը ու որպես օրինակ` նշեց Մանթաշովին, ազգային հերոս Ալեք Մանուկյանին, որոնց հիշում են իր տվածով:
Կարդացեք նաև
Մանրամասները` տեսանյութում:
Նշենք, որ գյուղում գործում է նաև կաթոլիկ եկեղեցի, որտեղ, ըստ գյուղապետ Հովիկ Պողոսյանի,այսքան ժամանակ աղոթել ու պսակադրվել են համայնքի ողջ բնակիչները: Այժմ էլ, հայ առաքելական եկեղեցու վերաօծմանը մասնակցում էր կաթոլիկ եկեղեցու քահանան:
«Մենք տարբերություն չենք դնում, առաքելականը կայցելի կաթոլիկների եկեղեցի, կաթոլիկները` առաքելական, մենք նույն քրիստոնյան ենք»,- ասաց գյուղապետը: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն էլ իր քարոզի ժամանակ շեշտեց, որ երկու եկեղեցիների առկայությունը չի կարող ջրբաժան լինել համայնքի բնակիչների միջև, չնայած որ, ըստ նրա, ամեն մեկը իր դավանած պատկանելությանը պետք է հավատարիմ մնա:
«Սա որևիցե բաժանմունքի համար չի արվում, բաժանմունքը մեր հայրերն են թույլ տվել, մի հիմարություն են թույլ տվել, 200 տարի է` չենք կարողանում շտկել: Գուցե մեր սերունդ էլ չկարողանա շտկել, բայց ամեն դեպքում մենք հոգևորականներով չենք ուզում խտրություն դրած լինել, և այս եկեղեցին բաց է բոլորի առաջ` բոլոր ձիթհանքովցիների, ով ուզի կմտնի, ով չի ուզի, չի մտնի », -ասաց Սրբազանը:
Նա ձիթհանքովցիներին հորդորեց անհապաղ, գոնե մինչև Նոր տարի, մինչև Սուրբ ծնունդ մկրտել երեխաներին: «Այս եկեղեցու բացումից հետո անթույլատրելի է, ամոթ է, խայտառակություն է, որ ձեր երեխաները առանց մկրտվելու մնան: Դարձյալ մեղավորը տղամարդիկ են մեծամասամբ, որոնք խորովածի հետ են կապում մկրտությունը, մկրտության համար քահանա է պետք` ահավասիկ, եկեղեցի է պետք` ահավասիկ, և ջուր է պետք, ջուր էլ ունեք, ուրիշ բան պետք չէ», -ասաց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը: Նա գյուղացիներին նաև հորդորեց իրենց զավակներին պսակադրել եկեղեցում, հուղարկավորություններն էլ առանց քահանայի չկատարել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Արևմտյան Հայաստանում էլ ամեն սարի ու քարի գլխին եկեղեցի կառուցեցիք: Շուտով Հայաստանում ավելի շատ խաչ կլինի,քան մարդ:
Ազգը տառապում է «եկեղեցի կառուցելուց»: ՀԳ. Գյումրիում քանի՞ մարդ է ապրում ժեժտից տնակներում: