Երեկ ժամը 24.00-ի սահմաններում Գյումրու Հնոցավան թաղամասի (այն առավել հայտնի է Բարաքներ անվամբ), թիվ 39 տանը 51-ամյա տղամարդը տանիքում կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Շրջանառվող վարկածի համաձայն, վերջինս իր կյանքին վերջ է տվել ամոթից դրդված, խայտառակվել է թաղով մեկ, քանի որ փորձել է բռնաբարել թաղի մանկահասակ երեխաներին: Ի դեպ, կան խոսակցություններ, որ նա սեռական ոտնձգություն է կատարել նաև իր սեփական երեխաների հանդեպ:
Aravot.am-ը շրջանառվող վարկածի մասին պարզաբանումներ խնդրեց Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանից: Դատախազը մեզ տեղեկացրեց, որ նախքան ինքնասպանություն գործելը, նրա դեմ այդ թեմայով բողոք է եղել հարևանների կողմից: Հարևաններից մեկը նշել է, որ վերջինս անառակաբարո գործողություններ է իրականացրել իր անչափահաս տղայի նկատմամբ, երբ իր երեխան գտնվել է նրանց տանը: Փաստի առթիվ 15 օր առաջ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 142 հոդվածով (անառակաբարո գործողություններ կատարելը), սակայն տվյալ անձ դեռևս որպես մեղադրյալ ներգրավված չէր: Այս գործը գտնվում է նախաքննության մեջ, ըստ դատախազի, համապատասխան քննչական բոլոր գործողությունները կատարված են, նշանակված են տարբեր, այդ թվում դատաբժշկական փորձաքննություններ:
Դատախազը հանձնարարել է քրեական գործ հարուցել նաև ինքնասպանության փաստի առթիվ, այս երկու գործերը կքննվեն համատեղ:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ