Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագ դպրոցներում «անբավարար» ստացողներն ավելի շատ են, քան հիմնական դպրոցներում

Սեպտեմբեր 11,2014 19:05

ՀՀ ԿԳ նախարարության կրթության պետական տեսչությունը վերջին երկու տարում Երևանի և մարզերի դպրոցներում ու նախադպրոցական հաստատություններում կատարած ուսումնասիրությունների արդյունքում մի շարք խախտումներ է արձանագրել, որոնց մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց տեսչության պետ Արամ Կարապետյանը. «Օրինակ՝ Գյումրու 22 նախադպրոցական ուսումնական հաստատություններում ստուգումների ժամանակ պարզվեց, որ տնօրեններից 8-ն իրենց կրթական ցենզով չեն համապատասխանում տնօրենի պաշտոնին, և մեր ստուգումներից հետո 8 տնօրեններն էլ ազատվեցին աշխատանքից: Կրթությամբ իրենց զբաղեցրած աշխատանքին չէին համապատասխանում 38 մանկավարժներ: 2014 թ. այս պատճառներով, ընդհանուր առմամբ, 30 տնօրեն և 100 մանկավարժ են ազատվել աշխատանքից»,- ասում է Ա. Կարապետյանը:

Տեսչության պետին մտահոգում է նաև մեկ աշակերտի՝ մեկից ավելի դպրոցներում գրանցված լինելը, որը, նրա խոսքով, մեր կրթական հաստատություններում ամենատարածված խախտումներից մեկն է. «Այդպիսով տնօրենները հավելյալ գումար են ստանում բյուջեից, որովհետև դպրոցի ֆինանսավորումը կատարվում է ըստ աշակերտների քանակի՝ յուրաքանչյուրին՝ տարեկան 120. 000-ական դրամ: Դեպքեր կան, որ աշակերտը եռակի է վարձատրվում, որովհետև գրանցված է 3 դպրոցներում»,-ասում է պարոն Կարապետյանը:

Կրթության պետական տեսչության լավագույն ուսուցիչներից և Մանկավարժական համալսարանի մասնագետներից կազմված առարկայական հանձնաժողովներն ուսումնասիրել են Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերի ուսումնական հաստատություններում դասավանդվող մի քանի առարկաների՝ հայոց լեզվի, ռուսաց լեզվի, պատմության և մաթեմատիկայի դասավանդման ու երեխաների գիտելիքների մակարդակը. «Օրինակ՝ հայոց լեզվի ստուգումը կատարեցինք թեստերով և թելադրությամբ: Տարբերությունն աղաղակող էր. թեստից անբավարար է ստացել միայն 8%-ը, իսկ թելադրությունից՝ 36%-ը: Դասարաններ կան, որտեղ 80%-ը  թելադրությունից անբավարար է ստացել»,- տեղեկացրեց Ա. Կարապետյանը՝ արդարացի համարելով շատերի դժգոհությունը թեստային համակարգից. «Ճիշտ է, որ ոչինչ չի սովորեցնում, երեխան, պարզապես, մեխանիկորեն լրացնում է թեստը»,- փաստում է տեսչության պետը: Վերջինիս հատկապես զարմացնում է այն, որ անբավարար գնահատական ստացողներն ավագ դպրոցներում ավելի մեծ թիվ են կազմում, քան հիմնական դպրոցներում. «Մաթեմատիկայից, օրինակ, ավագ դպրոցում 43%-ն անբավարար է ստացել»,- ասում է նա:

Նշենք, որ այս արդյունքները գրանցվել են հանրապետության 1400 դպրոցից 230-ում իրականացված ստուգումների արդյունքում:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930