Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալն հանդիպել է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի ներկայացուցիչներին

Սեպտեմբեր 11,2014 18:50

Հանդիպում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի ներկայացուցիչների հետ

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր ՀՀ արդարադատության նախարարությունում հանդիպել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի ներկայացուցիչների հետ:

Նախարարի տեղակալը կարևորել է դիտորդական խմբի հետ աշխատանքը՝ համարելով այն բավական արդյունավետ կարծիքների, առաջարկությունների, ինչպես նաև ծրագրերի մշակման ու գործունեության կազմակերպման առումներով: Անդրադառնալով դիտորդական խմբի կողմից ներկայացրած առաջարկություններին՝ նա նշել է, որ դրանք նախարարության կողմից խմբավորվել են, նախարարության ուշադրության կենտրոնում են, և հավելել, որ դրանց ուղղությամբ տարվել և տարվում են աշխատանքներ:

Սուրեն Քրմոյանը նշել է, որ հարկ եղած դեպքում առաջարկներին նաև օրենսդրական լուծումներ կտրվեն: ՀՀ ԱՆ աշխատակազմի համակարգի իրավական ապահովման վարչության պետ Նորայր Բալայանը անդրադարձել է դիտորդական խմբի կողմից ներկայացված առաջարկների հիմնական ուղղություններին:

Դրանցից ամենակարևորը, թերևս, ՔԿՀ-ների գերբնակեցման հարցն է, որի վերաբերյալ բարեփոխումների հայեցակարգ կա: Նախատեսվում է նաև պրոբացիոն ծառայության ներդրմամբ նույնպես նպաստել խնդրի լուծմանը: Ներկաներն անդրադարձել են այն չափանիշների բացակայությանը, որոնց հիման վրա անձին կարելի է ազատազրկել, ինչի վերաբերյալ լուծումները նույնպես հայեցակարգում կան:

Մյուս խնդիրը դատապարտյալների համար ոչ ցանկալի աշխատանքներին է առնչվում, որը պայմանավորված է ենթակառուցվածքների ցածր կայացվածության մակարդակով: Նախարարության ներկայացուցիչների հավաստմամբ՝ դրանք կատարելագործման փուլում են: Սուրեն Քրմոյանը ուշադրություն է հրավիրել նաև ՔԿՀ-ներում բժշկական ծառայությանը:

«ՔԿՀ-ների ներսում մենք կկարողանանք հաջորդ տարի բոլոր բուժծառայությունները վերազինել, վերակազմակերպել, մասնագետներին վերակրթել, այդ հարցը մենք ամբողջությամբ կարգավորելու ենք օրենսդրական և անհրաժեշտ այլ միջոցներով»,-վստահեցրել է նախարարի տեղակալը: Նա հավելել է նաև, որ նախատեսվում է մյուս տարի գործարկել պրոբացիոն ծառայությունը, իսկ «Արմավիր» ՔԿՀ-ի առաջին մասնաշենքը նախատեսվում է շահագործման հանձնել հոկտեմբերին: Անդրադառնալով կոռուպցիոն ռիսկերին՝ Սուրեն Քրմոյանը նշել է, որ ՔԿՀ նոր պետն արդեն հստակ հանձնարարականներ է տվել իր ենթականերին, և այն խնդիրները, որոնք պարունակում են կոռուպցիոն ռիսկեր, էականորեն կբարեփոխվեն:

Նախարարի տեղակալը անդրադարձել է դատապարտյալների անձնական ու կրթական առաջխաղացման հնարավորություններին՝ շեշտելով, որ արտոնություններ կտրվեն ԲՈՒՀ ընդունվելու համար, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտում նույնպես դատապարտյալների համար կրթություն ստանալու հնարավորություն կլինի:

Պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու հարցի առնչությամբ Սուրեն Քրմոյանը կարծիք է հայտնել, որ դրա նախապայմանը պետք է լինի դատապարտյալի կատարած աշխատանքը, իսկ եթե նա չի աշխատում ու որդեգրում է հակասոցիալական վարք, ապա այդ ինստիտուտը նրա նկատմամբ չպետք է գործի: Այս առնչությամբ, դիտորդական խմբի անդամները մտահոգություն են հայտնել, որ դատապարտյալների շրջանում այն կարող է նվաստացուցիչ դիտվել՝ հաշվի առնելով առկա ենթամշակույթը, ինչին ի պատասխան ՀՀ ԱՆ աշխատակազմի վերահսկողության տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Մինասյանը նշել է, որ այդ դեպքում մենք ընդունում ենք դատապարտյալների ներքին մշակույթը, մինչդեռ պետք է աշխատանքներ տարվեն այդ մշակույթը փոխելու ուղղությամբ:

Հանդիպման վերջում քննարկում է ծավալվել ՔԿՀ աշխատակիցների սոցիալական վիճակի, նյութատեխնիկական խնդիրների լուծման, դատապարտյալների կողմից թմրադեղերի օգտագործման կանխարգելման և այլ հրատապ խնդիրների վերաբերյալ: ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Ռուբեն Սարգսյանը վստահեցրել է, որ իրենք շուտով այլ հարցեր ու խնդիրներ ևս կներկայացնեն, մասնավորապես՝ կոռուպցիոն ռիսկերի մասով:

Սուրեն Քրմոյանը հավաստիացրել է, որ ներկայացված խնդիրները, նախարարի հստակ հանձնարարականով ու նրա անմիջական վերահսկողությամբ, գտնվում են նախարարության ամենօրյա ուշադրության և աշխատանքային գործունեության կենտրոնում, և շուտով այդ ուղղությամբ հասարակությունը կտեսնի դրական տեղաշարժ՝ հույս հայտնելով, որ հաջորդ հանդիպման ժամանակ արդեն կխոսեն ավելի շատ պրակտիկ քայլերի, իրականացրած աշխատանքների ու արդյունքների մասին, քան՝ ծրագրային դրույթների:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930