Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնասպանության հասցնելու մեջ մեղադրվող Դիլիջանի ավտոկայարանի նախկին տնօրենի դատը վերսկսվել է

Սեպտեմբեր 11,2014 18:10

Դիլիջանի բնակչուհի, 1963թ. ծնված Սեդա Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականից մինչեւ 2013 թվականը Աննա Ապրեսյանին դրդել, համոզել է տարբեր անձանցից եւ կազմակերպություններից պարտքով վերցնել գումարներ եւ տալ իրեն, հետագայում հրաժարվել է դրանք վերադարձնել` սպառնալով վնասել Ա. Ապրեսյանին եւ նրա ընտանիքի անդամներին, որի հետեւանքով Աննա Ապրեսյանը 2013թ. հունվարի 8-ին ժամը 17-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող քաղաքային գերեզմանատանը ծառից պարանով կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Բացի այդ, Ս. Քոչարյանը մեղադրվել է նաեւ այն բանում, որ 2012թ. մարտից մինչեւ սեպտեմբեր խարդախությամբ` Աննա Ապրեսյանի վստահությունը չարաշահելու եւ խաբեությամբ, նրա միջոցով, Արարատ Ալիխանյանից հափշտակել է 2 միլիոն դրամ գումար: Ս. Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 2-րդ մասով («Ինքնասպանության հասցնելը, որը կատարվել է հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անձի նկատմամբ») եւ 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով» ):

Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում սկսվել է 2013թ. հոկտեմբերի 16-ին: Հոկտեմբերի 28-ին Ս. Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրությունը չհեռանալու մասին,փոխվել է եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 2 ամիս ժամկետով կալանավորումը: 2014թ. մարտի 3-ին Տավուշի մարզի դատախազության ավագ դատախազ Ներսես Չիլինգարյանի կողմից ներկայացվել է որոշում, ըստ որի Ս. Քոչարյանին առաջադրված մեղադրանքը ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ 110 հոդվածի 2-րդ մասով, փոխվել է եւ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր.-ի 110 հոդվածի 2-րդ մասով: 2014թ. մարտի 25-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է ՀՀ քր.օր.-ի 110 հոդվածի 2-րդ մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Ս. Քոչարյանին ճանաչել անմեղ եւ արդարացնել, նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը վերացնել եւ նրան անհապաղ ազատ արձակել արգելանքից, դատական նիստերի դահլիճում:

Այդ վճռի դեմ ավագ դատախազ Ն. Չիլինգարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել: ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը հունիսի 23-ին որոշել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2014թ. մարտի 25-ի արդարացման դատավճիռը բեկանել եւ գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում (դատավոր` Զոյա Զաքինյան) սեպտեմբերի 3-ից ընթանում է այս գործով քննությունը:

Նշենք, որ Ս. Քոչարյանը 2008 թվականից մինչեւ 2012թ. հոկտեմբերը եղել է Դիլիջանի ավտոկայարանի տնօրենը, իսկ Աննա Ապրեսյանը` նույն ավտոկայարանի տոմսավաճառը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930