«Գործող նախագահի ազգականներից մեկը սեփականաշնորհեց «ՁՈՐԱՀԷԿ»-ը եւ գնեց պետական ՁՈՐԱՀԷԿ-ի բոլոր ակտիվները: Դրանով, իհարկե, խայտառակությունը չսահմանափակվեց: Դրան հետեւց աննախադեպ որոշում՝ հատուկ ազգականի համար փոփոխություն մտցրեցին եւ գնման գինը բարձրացվեց 8 դրամից մինչեւ 21 դրամ: Մի ազգականի համար գրչի հարվածով սահմանում են արտոնյալ պայմաններ»,- այսօր ԱԺ-ում Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ ծրագրի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այսպիսի ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ քննադատելով իշխանություններին:
Նա ասաց, որ «Նարեկ» հանգստյան տան մասնավորեցումը պետք է արվեր օրինական ձեւով:
«Փոխանակ մասնավորեցնեն ընկերությւոնը, մասնավորեցնում են նրա ակտիվները: Սա իշխանությունների կողմից վերջերս օգտագործվող մի հնարք է: «Որոտանի» ՀԷԿ-ը, օրինակ, արդարադատության նախկին նախարարը մեզ բոլորիս ապացուցում էր, որ պետական գույքը ոչ թե ակտիվներն են, այլ պետական գույքը բաժնեմասերն են: Ակտիվները պետգույք չեն, եւ օրենքի սահմանափակումները դրա վրա չեն տարածվում: Օրենքը շատ հստակ ասում է: Եվ բոլոր այս հնարքները, որ օգտագործում են, դա ընդամենը ԱԺ-ին շրջանցելու հանցավոր ձեւեր են: Եվ «Որոտանի» սեփականաշնորհումը նման մի հանցավոր հնարք է»:
Լեւոն Զուրաբյանն ասաց, որ բերում են պետգույքի մասնավորեցման այս հաշվետվությունը եւ փորձում են համոզել, որ թափանցիկ ներկայացնում են Հայստանում մասնավորեցման գործընթացները. «Սիրելիներս, այդ հաշվետվությունը վաղուց դարձել է քողարկում շատ ավելի խոշոր գործարքների, որոնք չեն ներգրավում այս հանցավորության ծրագրի մեջ, որ կատարում են՝ ԱԺ-ն շրջանցելու միջոցով: Մենք, բնականաբար, նման հաշվետվության չեք կարող հավանություն տալ, որովհետեւ սա հայ ժողովրդին պարզագույն եւ մեծագույն խաբեություն է»:
Կարդացեք նաև
Նա նաեւ ասաց, որ իշխանությունները այսպես հարստանում են, իշխանությունները թալանում են ժողովրդին, տեղի է ունենում պետական սեփականության վաճառք յուրայիններին՝ չնչին գներով. «Օրինակներն այնքան շատ են, չասեմ՝ Հրազդանի ցեմենտը, Փակ շուկան, ՁՈՐԱՀԵԿ-ը, ՀայՌուսգազարդը, Հայխնայբանկը»:
Լեւոն Զուրաբյանի քննադատությունները բարկացրեցին ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին: Նա արձագանքեց. «Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ ոչ թե պատգամավորի ելույթ եմ լսում, այլ ՀՀ գլխավոր դատախազի, որն արդեն մեղադրական եզրակացությամբ է հանդես գալիս: Ամեն ինչը մերժում եք: Պարոն Սահակյանը (նկատի ունի Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին) նորմալ խոսեց, պատրաստակամություն հայտնեց հավելյալ փաստաթղթեր ներկայացնել: Դուք կանգնում եք, Հայաստանի թիվ 1 քաղաքական ամբիոնից ասում եք՝ հենց այնպես թղթեր են»:
Լեւոն Զուրաբյանը վիճեց, թե ինչու է ընդհատում նիստն ու խոսում: Շարմազանովը պատասխանեց. «Որովհետեւ ես այդ իրավունքն ունեմ: Խնդրում եմ կոռեկտությունը պահպանել եւ ԱԺ ամբիոնը մեղադրյալի աթոռ չսարքել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ