Սեպտեմբերի 11-ին Երևանում տեղի ունեցավ տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է` համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև տնտեսական և արդյունաբերական համագործակցության մասին» Համաձայնագրի, որը ստորագրվել է 2014թ.-ի հունվարի 30-ին` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Չեխիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում:
Նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Չեխիայի Հանրապետության պետական և մասնավոր հատվածի ավելի քան 30 ներկայացուցիչներ:
Հանձնաժողովի համանախագահներն էին. հայկական կողմից` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, չեխական կողմից` Չեխիայի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարթլը:
Նիստի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան հանձնաժողովի համանախագահները:
Կարդացեք նաև
Հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում քննարկվեցին հարցեր` կապված առևտրատնտեսական և ներդրումային, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, ավիացիայի, առողջապահության, կրթության և գիտության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում համագործակցության խնդիրների, հնարավորությունների և հեռանկարների հետ: Համատեղ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները ամրագրվեցին Արձանագրությամբ:
Նիստի ավարտին հանձնաժողովի համանախագահներ Գարեգին Մելքոնյանը և Վլադիմիր Բարթլը ստորագրեցին Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի Արձանագրությունը:
Արձանագրության ստորագրման պաշտոնական արարողությանը հաջորդած մամլո ասուլիսում համանախագահները պատասխանեցին ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին:
Նույն օրը տեղի ունեցավ նաև հայ-չեխական գործարար համաժողովը:
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն