Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը՝ Զուրաբյանին. «ԱԺ-ն խամաճիկների տեղ չի, որ ով ինչ ուզենա խոսա»

Սեպտեմբեր 11,2014 17:31

Այսօր ԱԺ նիստում Պետական գույքի մասնավորեցման 2006-2007  թթ. ծրագրի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կոշտ քննադատություններին ի պատասխան՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը արտահերթ ելույթով հանդես եկավ: Նկատենք, որ Պետգույքի մասնավորեցման ծրագրի կատարողականը ներկայացնում էր Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ում հասցեին էլ հիմնականում ուղղված էին Զուրաբյանի քննադատությունները:

ԱԺ նախագահը հայտարարեց Լեւոն Զուրաբյանին, որ ԱԺ-ն խամաճիկների տեղ չի:

«Ես բարեկրթության կողմնակից եմ, չի կարելի հասարակության առջեւ կանգնել եւ սուտն ու կեղծիքը մատուցել հերոսաբար՝ չմտածելով, որ ժամանակների մարդիկ կան այստեղ նստած: Անունը եթե քաղաքական ուժը փոխում է, բովանդակությունը՝ երբեք: Մի քանի հազար վաուչերով հզոր տնտեսական համակարգերը վաճառվեցին: Ընդ որում, այնպիսի մի ժամանակաշրջան էր, երբ աշխատողներին մի ձեռքով վաուչերը տալիս էին, մյուսով վերցնում ու սեփականաշնորհում: Ժամանակներ էին, միգուցե այդպես պետք է լիներ: Բայց այսօր նորից ժամանակներ են»,- ՀՀՇ-ին քննադատեց Գալուստ Սահակյանը:

Նա ասաց, որ ինքը կողմնակից է, որ համագործակցեն. «Եթե ընդդիմադիր ես, գործիր քո դաշտում, բայց ընդդիմադիր չի նշանակում զրպարտել, հերյուրել, ինչ-որ փաստեր բերել, որոնք իրականության հետ ընդհանրապես կապ չունեն եւ դրանով հերոսանալ ու նստել: Չի լինելու դա: Օրինակի համար ասում եմ, որ իմ լիազորությւոններից օգտվելով, հանուն բարեկրթությանն, ես այդ ելույթը կընդհատեի շատ խիստ ձեւով, որովհետեւ այստեղ խամաճիկների տեղ չի, որ ով ինչ ուզենա խոսա: ԱԺ-ում պետք է լուրջ դրվի ամեն ինչը: Ընդդիմադիր պատգամավորներ ունենք, որեւէ մի ընդդիմադիր պատգամավոր ավելի կառուցողական, ավելի խորքային չի ներկայացնում ընդդիմադիր տեսակետը, ինչպես Արծվիկ Մինասյանը, որովհետեւ ներկայացնում է համոզմունքով, ոչ թե վարկաբեկելու համար, այլ մտածում է, որ դա է արդյունավետ աշխատելու ճանապարհը: Կաշխատենք այդպես հաշտ ու խաղաղ՝ ուրեմն կաշխատենք: Հաշտ ու խաղաղը չի նշանակում, որ բոլոր հարցերում համամիտ պիտի լինենք, բայց նշանակում է լուրջ, խորը, մտածված քայլեր պիտի անի ընդդիմադիր գործիչն առավել եւս»:

Իր ելույթի վերջում Գալուստ Սահակյանը զգուշացրեց Լեւոն Զուրաբյանին. «Մյուս անգամ ձեր ուսերին նման բան չվերցնե՛ք, այդ ուսերն այդքան կոփված չեն, որ այդ բեռը տանեն առաջ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930