Լրահոս
Օրվա լրահոսը

«Տիտանիկ» նավից փրկվածներից մեկի որդին բնակվում է Շիրակի մարզի Ձիթհանքով գյուղում (Տեսանյութ) 

Սեպտեմբեր 11,2014 17:28

Այսօր Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ձեռամբ վերաօծվեց Ձիթհանքով գյուղի եկեղեցին: 1883 թվականին կառուցված ու «Սուրբ Աստվածածին» անունը կրող եկեղեցին խորհրդային տարիներին ծառայել է որպես պահեստ: Վերջերս գյուղի` Մոսկվայում բնակվող երիտասարդ գործարարներից մեկը`Ռուստամ Ստեփանյանը, ամբողջովին վերանորոգել էր քայքայված եկեղեցին:
Ինչևէ, նախքան Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ժամանելն ու այս արարողության սկսվելը,, մենք եկեղեցու մոտ հավաքված գյուղի ծերունիներին հարցրեցինք, թե ինչպե՞ս է կյանքը Ձիթհանքովում: Նրանք անմիջապես բողոքեցին, որ այս գյուղում ջրի կարոտ են, առավոտյան չգիտեն ինչով լվացվեն, չգիտեն անգամ իրենց բողոքը ում ներկայացնեն, քանի որ բոլորը մոռացել են իրենց գյուղի տեղը: «Երբ որ 40 թվականներին Ձիթհանքովը հացի շտեմարան էր, լիքը տեր կար, հիմա տեր չկա: Սոցիալիստական առաջին հերոսը Ձիթհանքովն է տվել 1947 թվականին: Հիմա էլ ոչ տեր լինող կա, ոչ է մեզ նայող»,- նեղվեց ծերունիներից մեկը:

Titanik_2

Մյուսն էլ, մոտենալով մեզ, դժգոհեց, որ երկրի իշխանությունները մոռացել են անգամ թուրքերի կողմից կոտորված հայերի տեղը: Նրա պատմելով, 1918 թվականին թուրքերը հենց իրենց գյուղում 3 մարագ են սարքել, փոսեր փորել ու այրել են մոտ 800 հայի` հարակից գյուղերից:Սակայն այժմ, ըստ մեր զրուցակցի, ոչ մեկը զոհվածներին հուշարձանին չի այցելում ու նրանց չի հիշում, այսինքն, Ձիթհանքովը գոնե այս առումով չեն հիշում:

Եվ մինչ ծերունիները ներկայացնում էին իրենց դժգոհությունները, մեզ մոտեցավ 78-ամյա մի պապիկ, որն ասաց, թե ինքը «Տիտանիկ» նավից փրկվածներից մեկի` Մարդոյան Արայի որդին է: «Պապաս Ամերիկա է եղել, 4 տարի էնտեղ մնալուց հետո եկել է էստեղ: 4 տարի այստեղ մնալով` որոշել է գնալ ԱՄՆ: Ճանապարհին «Տիտանիկ» նավով էր գնալու, գնացել, տեղավորվել է, իրեն նավից իջեցրել են, թե ձեզ չի կարելի, այս նավով միայն հարուստներն են ճանապարհորդելու: Հայրս մնացել է, 13 օր հետո է գնացել ԱՄՆ, երբ հասել է Ամերիկա , էնտեղից լսել է, որ նավը խորտակվել է: Ինքը էդպես է փրկվել նավից», -պատմեց Հովհաննես Սարդարյանը: Ի դեպ, մեր զրուցակիցն ասաց, որ իրեն ազգանուն ընտրելիս հարազատների համար իր Սարդար պապի անունն է հիմք հանդիսացել:
78-ամյա պապիկն ասաց նաև, որ իրեն մայրը ծննդաբերել է 55 տարեկան հասակում: Վերջինս դժգոհեց նաև գյուղում աշխատատեղեր չլինելուց: Ըստ Հովհաննես Սարդարյանի, չնայած իր երկու որդիները ընտիր վարպետներ են, անչափ աշխատասեր, սակայն ստիպված լքել են Հայաստանը. « Աշխատանք չլինելու պատճառով գնացել են Յակուտսկ, այնտեղից էլ տեղաշարժվել Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի կողմերը »,- Aravot.am-ին ասաց Հովհաննես Սարդարյանը:

Մանրամասները`  տեսանյութում

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930