Այսօր ԱԺ-ում Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թթ ծրագրի կատարման տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հաշվետվությունն ուսումնասիրելուց հետո Պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին հարց ուղղեց. «Ի՞նչ հիմքով է կատարվել «Նարեկ» հանգստյան տան նվիրաբերումը Գյումրու քաղաքապետարանին: Պետգույքի մասնավորեցման օրենքով այդպիսի ռեժիմ նախատեսված չի ընդհանրապես: Մասնավորեցումը հստակ նախատեսվում է օրենքով, եւ նման բան օրենքը թույլ չի տալիս»:
Արման Սահակյանը պատասխանեց, որ «Նարեկ» հյուրանոցում ապրում են սոցիալապես անապահով բնակիչներ: Տրվել է ուրիշ համայնքի, որպեսզի համայնքը կարողանա զբաղվի այդ սոցիալապես անապահով բնակիչների խնդիրներով:
Լեւոն Զուրաբյանն էլ արձագանքեց. «Մենք շատ լավ գիտենք այնտեղ ով է ապրում, մենք գիտենք ծրագիրը: Գիտենք, որ սա օրենքի խախտում է: Դուք պետք է ուղիղ մասնավորեցնեիք ներկա բնակիչներին, սա է իմ ասածը»:
Լեւոն Զուրաբյանը հետաքրքրվեց նաեւ, որ Քաղաքաշինության գիտահետազոտական եւ նախագծային ինստիտուտ ընկերությունը մրցույթով վաճառվել է 550 հազար դրամով: Նախկինում այդ ինստիտուտը կոչվում էր «Տրանսշիննախագիծ», զբաղեցնում էր 6-7 հարկանի շենքի 2 ամբողջական հարկ. «Այսինքն, այդ հսկայական տարածքը վաճառվել է 550 հազար դրամով, որը մոտ 1300 դոլար է: Կարելի է առնել այդ կողմերում 4 քմ տարածք: Մի քիչ հասկանալի չի, թե մոտավորապես 50 մլն արժողությամբ գույքը ո՞նց եք դուք կարողացել մասնավորեցնել ընդամենը 500 հազար դրամով: Մենք հետազոտել ենք, տեսել ենք այնտեղի վիճակը, իսկապես, լուրջ բացատրություններ են պետք այդ ամենի վերաբերյալ: Հիմա որպես ի՞նչ է ծառայում այդ ինստիտուտը, ի՞նչ նպատակով են կատարվելու ընդամենը 1,5 մլն դրամի ներդրումները: Տպավորություն է թողնում ձեւականության, այդ ի՞նչ ներդրումներ են, ովքե՞ր են այնտեղ աշխատելու, ի՞նչ իմաստ ուներ այսպիսի բաներ գրել հաշվետվության մեջ»:
Կարդացեք նաև
Արման Սահակյանը պատասխանեց, որ «եթե լավ ուսումնասիրած լինեիք, կտեսնեիք, որ այդ ընկերությունը շենք չունի, գույք չունի: Շենքի երկու հարկը վարձակալությամբ էր զբաղեցնում, եթե ուսումնասիրեք, կտեսնեք, որ գույք չունի: Եթե վատ է գնահատվել, համենայնդեպս դա եղել է աշխատավարձի պարտքեր, ընկերությունն էլ իր վրա է վերցրել այդ պարտքերը: Դրա համար, եթե ուզում եք իմանալ, մենք ընդհանրապես պիտի նվիրեինք այդ ընկերությունը այդ աշխատակիցներին»:
Լեւոն Զուրաբյանը զարմացավ. «Կներեք, եթե ոչ գույք ունեին, ոչ բան ունեին, մասնավորեցման իմաստը ո՞րն էր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ