Լրահոս
Օրվա լրահոսը

Շուշան Դոյդոյանը` «Ա1+»-ի լրագրողի վրա հարձակման մասին. «Սա հանցագործություն է»

Սեպտեմբեր 11,2014 16:29

Ինչպես տեղեկացրել ենք,  ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանը, ԱԺ-ի տարածքից դուրս գալով, հարձակում է գործել «Ա1+»-ի լրագրող Մարինե Խաչատրյանի նկատմամբ, որն այդ պահին լուսաբանում էր «Հակահարված» խմբի կազմակերպած «Բարև, Ռոբ» ակցիան՝ նվիրված 13 տարի առաջ «Բարեւ, Ռոբ» արտահայտության համար դաժանորեն ծեծված եւ սպանված Պողոս Պողոսյանի հիշատակին: 

Ցավալի էր կատարվածի վերաբերյալ իշխանական թևից եկող անտարբերությունը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շամազանովը հասկացրել էր, թե այդ հարցի քննությունը ԱԺ-ի խնդիրը չէ, այլ` իրավապահների, բայց կոնկրետ հայտարարությամբ հանդես չէր եկել:

ԱԺ ամբիոնից լրագրողի նկատմամբ կատարվածը դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` շեշտելով, թե այդ հարցով պետք է զբաղվեն իրավապահները: Այնուհետև, դիմելով ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին` նշել էր, թե «պատեհ կլինի, որ Դուք հանձնարարեք, որպեսզի այդ հարցով անցկացվի ծառայողական քննություն»: Գալուստ Սահակյանը, անտարբերության մատնելով հորդորը, ընդամենը նշել էր. «Ուրի՞շ»:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ նման միջադեպերն ու դրանց համարժեք գնահատական չտալը անպայման արտահայտվելու են տարբեր հեղինակավոր կազմակերպությունների կողմից հրապարակվող Հայաստանում մամուլի ազատության ինդեքսի վրա, ինչպես օրինակ` «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության կողմից ներկայացվող: Շուշան Դոյդոյանը նշեց. «Հետո մեկ  էլ կզարմանան, թե այս ո՞նց եղավ, որ Հայաստանի  ինդեքսը նվազեց: Նման դեպքերը, որոնք տեղի են ունենում տարվա ընթացքում, կարող են էական ազդեցություն ունենալ»:

Շուշան Դոյդոյանը նշեց, որ ԱԺ-ի դիմաց «Ա1+»-ի լրագրողի նկատմամբ կատարվածը օրենքի խախտում է ու մանրամասնեց. «Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածը, որը վերաբերում է լրագրողի օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտմանը, այդ դեպքում խախտվել է, ինչը  համարվում է հանցագործություն: Երբ լրագրողն իր մասնագիտական գործն է անում, կատարում իր պարտքը, հանրության համար տեղեկություններ հավաքում նրանց փոխանցելու համար, և նրան խոչընդոտում է այս կամ այն պետական համակարգի ներկայացուցիչը, դա հանցագործություն է»:

Շուշան Դոյդոյանը մեզ հայտնեց, որ տվյալ պարագայում ակնկալելի էր, որ իշխանությունն առավել կոշտ պիտի լիներ իր քայլերում, նաև քրեական պատասխանատվության հարց էր առաջանում, «բայց, ցավոք, դա չհաջորդեց կատարվածին»:

Վերջին օրերին բացի բռնությունից, կրկին խորհրդարանում լրագրողների հասցեին պատգամավորի կողմից վիրավորական արտահայտություններ էլ հնչեցին: Հիշեցնենք, որ  պատգամավոր ԱռաքելՄովսիսյանը (Շմայս) լրագրողների հասցեին նետել էր. «Դավայ, յան տվեք սաղդ»:

Շուշան Դոյդոյանն այս երևույթների դեմ պայքարում լուծում է տեսնում այն, որ լրագրողները դատի տան պատգամավորներին այսպիսի վարքի համար. «Քաղաքացիական օրենսգիրքը միայն քաղաքական գործիչներին չի պաշտպանում վիրավորանքից ու զրպարտությունից, չէ՞ որ նրանք անընդհատ մասսայաբար դատի են տալիս լրատվամիջոցներին, այլև օրենսգիրքը պաշտպանում է  յուրաքանչյուր անձի, ցանկացած նման ոճի ու բովանդակության հրապարակային հայտարարություններից: Կարող է առաջին մի քանի ամիսը այդ հայցերը անարդյունավետ լինեն, բայց հետո նման հայտարարություն անող պաշտոնյան իմանալով, որ ընկնելու է իզուր դատական գործընթացների, քաշքշուկների մեջ, լեզուն բերանի մեջ կպահի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930