Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ սկսվեց դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի եւ դեպարտամենտի բարձր պաշտոններ զբաղեցնող եւս 12-ի գործի քննությունը: Դատավոր Արշակ Վարդանյանը ստուգեց ամբաստանյալների ինքնությունը, նրանց մեջ է Գեղամ Գրիգորյանը՝ ծառայության պետի առաջին տեղակալ, Գագիկ Խաչատրյանը՝ ծառայության պետի տեղակալ, Նարեկ Գասպարյանը` անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով պետ: Նշենք, որ այս գործով 13 ամբաստանյալներից 2-ը կին են:
Մեղադրանքը պաշտպանում են Երեւան քաղաքի դատախազի տեղակալ Վաղինակ Ջանազյանը, դատախազ Հակոբ Մելքոնյանը: Դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի պաշտպան Արթուր Գրիգորյանը հանդես եկավ դատախազին բացարկ հայտնելու միջնորդությամբ, նրա կանխակալ մոտեցումների հիմքով: Մասնավորապես՝ պաշտպանն անդրադարձավ 3 անձանց ցուցմունքների հիման վրա իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքին: Նա ասաց, որ այդ ցուցմունքները ձեռք են բերվել գործարքների արդյունքում, հորինել են մի մեղադրանք, որը պաշտպանել է դատախազը: Պաշտպանը վկայակոչեց կաշառքի երկու դրվագի մասին, համաձայն որի՝ իր պաշտպանյալը աշխատանքի ընդունելու համար իբր կաշառք է ստացել 1000 դոլար գումար, իսկ մի դրվագով էլ՝ մեկ շիշ կոնյակ եւ ոսկե մետաղադրամ: Արթուր Գրիգորյանը նաեւ հայտնեց, որ այդ դրվագներից մեկով այն անձը, որը հրաման է տվել աշխատանքի ընդունելու, նախաքննության ժամանակ չի հրավիրվել բացատրություն տալու, իսկ առհասարակ ժխտել է կատարվածը: Այս գործով ներգրավվեցին նոր պաշտպաններ, մասնավորապես Արմեն Մովսիսյանի պաշտպանությունը կիրականացնի Երեմ Սարգսյանը, Հանրային պաշտպանի գրասենյակից Անահիտ Եսայանը կպաշտպանի Արմեն Ավալյանին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ