Լրահոս
Օրվա լրահոսը

«Ներկա պահին հայ կինը իրազեկված չէ»

Սեպտեմբեր 11,2014 15:03

«Կանանց իրավունքների կենտրոն» դիմողների թիվն աճել է: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեցին կենտրոնի իրավաբան Անաիդա Սիմոնյանը եւ հոգեբան Մարինե Մարտիրոսյանը: Վերջինի խոսքով՝ թվի աճը պայմանավորված է նրանով, որ կանայք ավելի իրազեկված են դարձել: Ասում է՝ իրենց դիմում են նրանք, որոնք կենտրոնի մասին իրենց շրջապատողներից, մտերիմներից են իմացել, բայցի այդ՝ «Կանանց իրավունքների կենտրոնն» ինքը պարբերաբար կազմակերպում է միջոցառումներ, որոնցով իրազեկում են իրենց ծառայությունների եւ ընտանեկան բռնություններից կանանց իրավունքների պաշտպանության մասին: Մեր հասարակությունում կանայք ենթարկվում են ե՛ւ հոգեբանական, ե՛ւ ֆիզիկական, ե՛ւ սեռական, ե՛ւ տնտեսական բռնությունների: Կենտրոն դիմողները հիմնականում միջին տարիքի են:

«Երկար տարիներ աշխատելով կանանց իրավունքների կենտրոնում՝ մի բան արդեն պարզ է դարձել. երբ որ կինն ինքն է ենթարկվում բռնության, ինքը կարող է համբերատարությամբ տանել, ներել այդ ամենը հանդուրժել: Բայց երբ որ ընտանիքում բռնարարը ձեռք է բարձրացնում երեխաների վրա կամ ոտնահարում է երեխաների իրավունքները, այդ դեպքում, մայրը կարծես իր մայրական բնազդի շնորհիվ արդեն չի հանդուրժում բռնությունը: Եվ վերջին շրջանում դիմում են այն կանայք, ում երեխաներին է արդեն բռնարարը բռնության ենթարկում»,- ասում է նա:

Ըստ ներկաների՝ «Կանանց իրավունքների կենտրոնը» կանանց տրամադրում է իրավաբանական եւ հոգեբանական խորհրդատվություն, փորձում կնոջ մեջ բարձրացնել ինքնագնահատականը եւ իրավագիտակցությունը: Այստեղ ժամանակին գործել է ապաստարան, որտեղ բռնության ենթարկված կանայք հնարավորություն են ունեցել մնալու, նաեւ որոշակի մասնագիտական հմտություններ անցնելու՝ հետագայում ապրուստի խնդիրը լուծելու համար:

Ըստ իրավաբան Անաիդա Սիմոնյանի՝ ընտանեկան բռնության դեմ կնոջ պայքարելու միակ միջոցը ամուսնալուծությունը չէ, սակայն բռնության ենթարկվող կինը պետք է իմանա եւ պաշտպանի իր իրավունքները. «Ներկա պահին հայ կինը իրազեկված չէ: Շատ տղամարդիկ կարողանում են դա որպես զենք օգտագործել՝ մեկնաբանելով, որ ես կդիմեմ դատարան եւ երեխաներին քեզանից կվերցնեմ, կամ դու կմնաս առանց բնակության վայրի, չնայած նրան,. որ համատեղ սեփականության գույք ունեն: Կինը, սարսափելով, դրանից ճնշման ենթարկվելով, նստում է տանը, չգիտակցելով, որ դա իր իրավունքն է:

Զրուցելով հոգեբանի հետ, գալով այցի իրավաբանի եւ հոգեբանի մոտ, խորհրդատվության ժամանակ հասկանում են, որ այդ իրավիճակից փրկությունը ամուսնալուծությունը չէ, նա գիտակցում է, որ սիրում է իր ամուսնուն ու չի ցանկանում ամուսնալուծվել: Ուղղակի ինքը չի հասկանում՝ իրեն ի՞նչ է պետք» :

Հոգաբան Մարինե Մարտիրոսյանն էլ ասում է. «Երբ որ կինը սկսում է արժեւորել ինքն իրեն, երբ բարձրանում է նրա ինքնավստահությամբ, երբ որ ինքը ձերբազատվում է թերարժեքության բարդույթից, երբ որ ինքն արդեն պաշտպանում է ինքն իրեն եւ պաշտպանում է իր երեխաներին, արդեն բռնարարը փորձում է իր վարքը վերանայել: Չնայած դա շատ դժվար գործընթաց է»:

Հոգեբանը, հաշվի առնելով բոլոր դժվարությունները՝ կապված խնդրի բարձրաձայնման հետ, կոչ է անում հայ կանանց չվախենալ դրանցից.«Այն կանայք, ովքեր ենթարկվում են հոգեբանական բռնության, թող անմիջապես բարձրաձայնեն դրա մասին: Նրանք պետք է մտածեն ոչ միայն իրենց մասին, այլ նաեւ իրենց երեխաների մասին»:

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930