Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիական ակտիվիստ. «Մենք թեժացնելու ենք աշունը քաղաքացիական անհնազանդությամբ»

Սեպտեմբեր 11,2014 14:34

«Մենք չենք խոստացել, որ թեժ աշուն է լինելու, այլ խոստանում ենք, որ քաղաքացիական անհնազանդությունների միջոցով աշունը թեժացնելու ենք»,-այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը զգուշացրեց «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Ռիմա Սարգսյանը:

Նա տեղեկացրեց, որ օգոստոսի 1-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Լուսավորենք խավարը» խորագրով բողոքի ակցիայի ժամանակ իրենք հրապարակեցին իշխանությանն ուղղած իրենց պահանջները և դրանք կատարելու համար մինչև սեպտեմբերի առաջին շաբաթ ժամանակ տվեցին իշխանությանը, սակայն որևէ արձագանք չեն ստացել: Ուստի նախաձեռնությունը որոշել է քաղաքացիական անհնազանդության բոլոր ձևերն օգտագործելով` պայքարել իշխանությունների` իրենց բնորոշմամբ ապօրինի որոշման դեմ:
Ռիմա Սարգսյանը մանրամասնեց. «Նախատեսում ենք քառյակի հետ համագործակցություն 12+1 կետերի շրջանակներում, քանի որ քառյակի 12 կետերում կա էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված կետ»:

Aravot.am-ը հետաքրքրվեց` չե՞ն վախենում, որ քաղաքացիներից շատերը կհիասթափվեն, քանի որ քաղաքական ուժերի հետ համագործակցության պարագայում իրենց քաղաքացիական շարժումը քաղաքական երանգներ կստանա: «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Գևորգ Վահագնին պատասխանեց. «Մենք չենք պատրաստվում կուսակցության վերածվել: Բայց մյուս կողմից` ինչքան էլ մեր շարժումը քաղաքացիական է, մեր պահանջները քաղաքական են դառնում, և դրանց լուծման համար քաղաքական կամք է անհրաժեշտ: Մենք չենք վախենում, որ ինչ որ քաղաքական հոսանքների մեջ կհայտնվենք, բայց չենք էլ ցանկանում վերածվել կուսակցության»: Գևորգ Վահագնին տեղեկացրեց, որ իրենք համագործակցության հայտ են ներկայացրել գրեթե բոլոր կուսակցություններին ու շուտով պաշտոնական պատասխաններ կստանան:

Նախաձեռնության անդամ Սուրեն Էյրամջյանը հիշեցրեց, որ խումբն ի սկզբանե ձևավորվել է թալանի բոլոր տեսակների դեմ պայքարելու համար ու մանրամասնեց. «Ժամանակին մեր պահանջները հրապարակվել են. կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը և ստեղծել հանձնաժողով, որ կզբաղվեր այդ հարցով: Մեր ամենապարզ հաշվարկները ցույց տվեցին, որ եթե մանր սպառողների քանակը վերցնենք` ամսական մոտավորապես հազար դրամ ծախսը ավելացնելու պարագայում երկու տարի հետո այդ պարտքը կմարվի: Արդյունքում ստացվում է, որ երկու տարի անց այդ կազմակերպությունը կստանա գերշահույթ: Բայց պայմանագրում անգամ չկար որևէ դրույթ, թե երկու տարի անց ինչ պիտի լինի»:

Նախաձեռնության մյուս անդամներից Վաղինակ Շուշանյանն էլ տեղեկացրեց, որ հանդիպել են տարբեր գիտնականների հետ և ստացել առաջարկներ, ինչպես անել, որ էլեկտրաէներգիան ավելի ցածր սակագնով ստացվի: Մասնավորապես նա փոխանցեց, որ գիտնականներն առաջարկում են արևային էներգիան օգտագործելու տարբերակը, այլ ոչ թե հանրությանը վաճառել միայն ՋԷԿ-երի և ատոմակայանի հոսանքից ստացված էլեկտրաէներգիան, որի գինը տարեցտարի բարձրանում է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930