ՀՀ վարչապետ Հ.Աբրահամյանին
ք.Երևան, փ. Ամիրյան 4-ի բնակարանների
282 սեփականատերերից
Բաց նամակ
Հարգելի պարոն Վարչապետ, մենք (65 ընտանիք) 2005-2007 թ.թ. Ամիրյան 4 շենքում գնել ենք բնակարաններ: Ըստ բնակարանների առք ու վաճառքի պայմանագրերի Ամիրյան 4 շենքը պետք է շահագործման հանձնվեր 30 ամիս հետո: Երևանի քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004թ. հուլիսի 23-ին կնքված պայմանագրով շենքի շինարարության վերջնաժամկետն էր 2007թ. հունիսի 1-ը (տես Քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004թ. հուլիսի 23-ին կնքած պայմանագիր, էջ 2): 2007թ. հունիսին շենքի տեղում միայն հիմքն էր գցված, սակայն ՀՀ-ն կառուցապատողից չվերցրեց իր տրամադրած տարածքը, ինչը նախատեսված էր Երևանի քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004թ. հուլիսի 23-ին կնքված պայմանագրով: Ավելին, ՀՀ-ն չկնքեց նոր պայմանագիր, որտեղ կամրագրվեր նոր ժամկետ: 2008թ. նոր միայն շենքի նախագիծն է հաստատվել։
2011–2012 թ.թ. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները օգտագործելով իրենց քմահաճույքներին հնազանդ ֆինանսների նախարարի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանին և ՀՀ դատարաններին, խախտելով ՀՀ օրենքները մեր՝ 65 ընտանիքների (282 մարդ) վզին փաթաթեցին անժամկետ պայմանագրեր (տես datalex.am): Այսպիսով ք. Երևան, Ամիրյան 4 շենքի շինարարության ավարտը թողնելով առանց մրցույթի Երևանի նախկին քաղաքապետ Ե.Զաքարյանի կողմից ընտրված կառուցապատողի ժառանգի քմահաճույքին:
Կարդացեք նաև
Համաշխարհային իրավաբանության մեջ անժամկետ պայմանագիրը մի չտեսնված և չլսված բան է: Սա ՀՀ իրավաբանական մտքի նորամուծությունն է համաշխարհային իրավագիտության մեջ:
Հարգելի պարոն Վարչապետ, այս իրավաբանական խարդախության հեղինակ Հայկ Դավթյանը 2014 թ. մայիսի 5-ից Ձեր գլխավոր խորհրդականն է:
2012 թ. Մարտի 30-ին Ամիրյան 4-ի կառուցման շինարարական աշխատանքների ավարտի կապակցությամբ Քաղաքապետարանը տվել է համապատասխանաբար հ.01/19-12/16172-84, հ.01/19-Մ-2011-85, հ.01/19-Մ-2012-82 և հ.01/19-Մ-2013-83 շինարարության շահագործման փաստագրման ակտերը: Այսինքն կիսակառույցին տրվել է շահագործման ակտ: Ամիրյան 4-ի հետ կապված այս հերթական քրեական հանցագործությունը մեզ այլևս չի էլ զարմացնում:
Հարգելի պարոն Վարչապետ, խնդրում ենք ուղղել վերը նշված անպատիժ մնացած ապօրինությունների և քրեական հանցագործությունների հետևանքներն ու վերականգնել մեր Սահմանադրական իրավունքը (հոդված 31) և գոնե յոթ տարի ուշացումից հետո վերջապես ավարտին հասցնել ներկայումս փաստացի Ձեզ պատկանող այդ չարաբաստիկ շենքի շինարարությունը:
Փ. Ամիրյան 4-ի բնակարանների 282 սեփականատերեր:
11.09.2014 թ.