Այսօր ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքը՝ 71 կողմ, 8 դեմ, 3 ձեռնպահ քվեարկությամբ: Արդեն 2 օր է՝ ԱԺ-ում այս օրինագիծը ոչ իշխանական ուժերի կողմից քննադատվում էր, քանի որ բնապահպանական ՀԿ-ների հետ չէր քննարկվել, խորհրդարանական լսումներ չէին անցկացվել:
Ընդունվեց նաեւ Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի եւ Հերմինե Նաղդալյանի ներկայացրած նախագիիծը: Այն նախատեսում է պատիժ բանկերի կամ վարկային կազմակերպությունների համար, որոնք պարտապան քաղաքացու ամբողջ հաշվի վրա կալանք են դնում, ասենք, 5000 դրամ պարտքի համար, փոխանակ կալանք դրվի միայն այդ չափով գումարի վրա: Այս օրինագիծն ընդունվեց 114 կողմ քվեարկությամբ, դեմ, ձեռնպահ չկար:
ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը հաջորդ քառօրյային արտահերթ նիստ է հրավիրում եւ արդեն խմբակցություններին բաժանել է ձեւաթուղթը՝ ստորագրություններ հավաքելու համար. «ԴԱՀԿ-ի մասին Արփինե Հովհաննիսյանի եւ մեր մյուս գործընկերների ներկայացրած նախագծին մեր խմբակցությունը կողմ է քվեարկելու: Երեկ քննարկման ժամանակ մենք առաջարկեցինք, որ այն հարցը, որը վերաբերում էր առանց դատարանի որոշման ԴԱՀԿ-ի կողմից քաղաքացիների գույքի, ունեցվածքի վրա հաշիվների վրա արգելանք դնելուն եւ բռնագանձելուն, որպեսզի այդ խախտված սահմանադրական իրավունքը լուծվի, մենք առաջարկեցինք մեր գործընկերներին, որ արտահերթ նիստ հրավիրենք: Բոլոր քաղաքական ուժերի հետ խոսել ենք: Ուզում ենք սեպտեմբերի 29-ին ժամը 6.30-ից հետո հրավիրել արտահերթ նիստ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև