Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ամենափակ կառույցներից՝ մշակույթի նախարարությունը, ամենաբացերից՝ Արմավիրի մարզպետարանը

Սեպտեմբեր 11,2014 12:48

Հայաստանում առաջին անգամ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է տեղեկատվության ազատության ինդեքսը, որով գնահատվում են ՀՀ պետական կառավարման մարմիների և ՏԻՄ մարմինների հրապարակայնության և թափանցիկության մակարդակը: Կենտրոնի նախագահ Շուշան Դոդոյանը «Մեդիա կենտրոնում» հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ այս տարի առաջին անգամ հարցման գործընթացում ընդգրկվել են նաև բոլոր նախարարությունները, մարզպետարանները, կառավարությանն առընթեր մարմինները 37 մարմին, որի հիման վրա կազմվել է ինդեքս:

ԻՆֆորմացիայի ազատության կենտրոնի հարցաշարին ընդհանրապես չի պատասխանել և վատագույն արդյունք է ցույց տվել ՀՀ մշակույթի նախարարությունը:
Գնահատվել է այն, թե որքանով պետական կառավարման մարմինները քաղաքացիների և լրագրողների հարցումներին ժամանակին պատասխանում են, կամ, թե որքանով պետական մարմինը սեփական նախաձեռնությամբ է հրապարակում իր մոտ առկա տեղեկությունները, կամ ինչպիսի ռեսուրսներ ունեն մարմինները: Ըստ այդմ՝ լավագույն արդյունք են ցույց տվել հետևյալ կառույցները. «Առաջին տեղում Արմավիրի մարզպետարանն է՝ գրանցել է 100-ից 80 միավոր, 2-րդ տեղում՝ ՀՀ արդարադատության նախարարությունը՝ 77 միավոր, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարանները, ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը»:

Անդրադառնալով վատագույն արդյունք գրանցած կառույցներին՝ Շուշան Դոյդոյանը նշեց. «Դրանք ավելի շատ կառավարությանն առընթեր մարմիններն են. Ազգային անվտանգության ծառայությունը, Կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն, Քաղաքացիական ավիացիայի վարչությունը, Սպորտի և երիտասարդության նախարարությունը, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունները»:

Գնահատվել է նաև ԱԺ-ի, ՀՀ կառավարության, ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատանքը՝ տեղեկատվության տրամադրման, հրապարակայնության առումով: Շուշան Դոյդոյանը ներկայացրեց հետևյալ արդյունքները. «Թեև այս կառույցներն ունեն բավականին մեծ ռեսուրսներ, սակայն ԱԺ-ն գրանցել է 100-ից 55.5, կառավարությունը՝, 45.5 և ՀՀ նախագահի աշխատակազմը՝ 47.5 միավոր»:

Տեղեկատվության ազատության կենտրոնի հարցումներին բոլոր կառույցները նախապես դրական պատասխաններ էին տալիս՝չմտածելով, որ ստուգելու են: Շուշան Դոյդոյանն այս առիթով նկատեց. «Այժմ մարմիններն առավել խորամանկ պատասխաններ են տվել: Պատասխանում են, բայց դա այն չէ, ինչ մեզ է պետք, այս առումով պետական մարմինները հմտացել են»:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը նշեց, որ գրանցվել են դեպքեր, երբ պատասխանները անհիմն են եղել, ոչ ամբողջական, անգամ զավեշտալի:

Aravot.am-ի խնդրանքով նա որոշ նման դեպքեր ներկայացրեց. օրինակ՝ մարզպետարանից պահանջել են տեղեկատվություն, թե որքան գումար է ծախսվել ձնահեռացման աշխատանքների համար, բայց պատասխանել են, թե համապատասխան տեխնիկա ունեն, և աշխատանքները բնականոն ընթացքի մեջ են .«Կամ մեկ այլ օրինակ՝ մշակույթի նախարարությանը դիմել էինք Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի տնօրենի թեկնածուների վերաբերյալ, սակայն նշել էին, որ վերջին օրը կներկայացնեն տվյալները, բայց դա ում է պետք, կամ էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարությունները չէին կողմնորոշվում, թե ով պետք է տրամադրի տեղեկատվություն»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք այս տվյալները վկայում են այն մասին, որ կառավարությունն, իրոք վատ է աշխատում, տիկին Դոյդոյանը պատասխանեց. «Նախարարությունը ցածր միավոր ստանալու հիմնական խնդիրը պրոակտիվ հրապարակման մեջ է, սեփական նախաձեռնությամբ հրապարկումները: Կամ երբեմն կայքերում կա տեղեկատվությունը, բայց այն այնքան է թաքնված լինում, որ իրենց համար էլ է դժվար գտնել»:

Նշենք, որ այս տեղեկատվությունը հիմք է դառնալու սեպտեմբերի 26-ին ավանդական ոսկե բանալի և ժանգոտ կողպեք հանձնելու մրցանակաբաշխության համար:
Հասցրինք արդյո՞ք մշակույթի նախարարությունից որևէ արձագանք ստացե՞լ են, Գևորգ Հայրապետյանը նշեց. «Մենք այդպես էլ չկարողացանք կապ հաստատել մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության հետ: Բայց այնպես չէ, որ մենք ունենք տեխնիկական խնդիր, մենք հարցաշարն ուղարկել ենք այն հասցեով, որը գրված է կառավարության կայքում: Բայց մշակույթի նախարարությունը ակտիվորեն գործող կառույցներից մեկն է, ու մեզ համար անսպասելի էր նախարարության այս ցուցանիշը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930