«Նաիրիտ» գործարանի վերագործարկման հարցը կարող է լակմուսի թղթի դեր խաղալ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կառավարության համար։ Խնդիրն այնքան է սրվել, որ այլևս ձգձգելու ժամանակ չկա։ Կամ՝ այս կողմ, կամ՝ այն կողմ։ Հ.Աբրահամյանին այլ ելք չի մնացել, քան ելք գտնել՝ «Նաիրիտը» վերագործարկելու համար։ Եվ թերևս դա կլինի Տիգրան Սարգսյանի հանդեպ ամենամեծ հաղթանակը։
«Նաիրիտի» թեման երեկ բարձրացվեց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, ի թիվս էներգետիկ համակարգում կուտակված այլ խնդիրների, հարցադրում արեց «Նաիրիտի» հետ կապված։ Նա նշեց, որ գործարանի խնդիրները խորանում ֊են, պարտքը փակվում է պետական ձեռնարկությունների հաշվին, և ամբողջովին առկա են քրեական գործ հարուցելու հիմքերը։
Ի պատասխան՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը կրկնեց «ավանդական» դարձած արտահայտությունը՝ «կառավարության կողմից արվելու է ամեն ինչ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար»։ Ըստ նրա՝ նաիրիտցիների հետ վերջին հանդիպման ընթացքում հայտարարվել է, որ մինչև սեպտեմբերի 15-ը մեկ ամսվա աշխատավարձ կվճարվի, և կառավարությունը կկատարի իր խոստումը, իսկ վերագործարկման հետ կապված մի քանի օրերի ընթացքում կներկայացվի առաջարկությունների փաթեթը։
«Նաիրիտի» խնդիրը նաև խորհրդարանական քառյակի օրակարգում է։ Որոշվել է ընթացք տալ գործարանի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը։ «Մենք համաձայնության եկանք և, երբ պատրաստ կլինի համապատասխան նախագիծը, հանդես կգանք հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ»,- ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ հիշեցնելով, որ ՀՅԴ-ն «Նաիրիտի» հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ հանդես էր եկել նաև նախորդ նստաշրջանի ընթացքում, սակայն ՀՀԿ-ականները հրաժարվել էին կողմ քվեարկել։ Եթե քառյակին վերջապես հաջողվի ստեղծել այս հանձնաժողովը, ապա այն մեծ իրավասություններ կունենա և կնպաստի, կաջակցի գործարանի խնդիրների կարգավորմանը։
Կարդացեք նաև
Սակայն, մինչ պատգամավորները որևէ քայլ կձեռնարկեն, կառավարությունն արդեն գործի է անցել։ «168 ժամի» տեղեկություններով՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տնօրենների խորհրդի որոշմամբ՝ գլխավոր տնօրեն Հովիկ Հախինյանն ազատվել է աշխատանքից և նշանակվել գործարանի գլխավոր ինժեներ։ Նրա փոխարեն գլխավոր տնօրենի պաշտոնակատար է նշանակվել արտադրության գծով տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը, ով «Նաիրիտը» ղեկավարում էր 2007–2009թթ.: Ընդ որում՝ գործարանի նախկին գլխավոր տնօրեն, ներկայումս տնօրենների խորհրդի անդամ Վահան Մելքոնյանի հետ «Նաիրիտ» է այցելել և խորհրդի նիստին մասնակցել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը, ով կառավարության ներկայացուցիչն է «Նաիրիտում»։ Վահան Մելքոնյանը, հիշեցնենք, շրջանառվող լուրերի համաձայն, գործուն մասնակցություն ունի «Նաիրիտի» շուրջ տեղի ունեցած բոլոր կասկածելի իրադարձություններին և նրան փնտրում էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ ճշտելու համար, թե ինչո՞ւ է գործարանն այս օրին հասել, և ո՞վ է դրա մեղավորը:
Գայանե ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում