Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են փոխվում մարզպետները. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 11,2014 11:05

Կոտայքի երկարամյա մարզպետ Կովալենկո Շահգալդյանին փոխարինելու եկավ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը, Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի փոխարեն նշանակվեց Ռուբիկ Աբրահամյանը, Տավուշի երկարամյա մարզպետ Արմեն Ղուլարյանին փոխարինեց Հովիկ Աբովյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի փոխարեն առայժմ նշանակում չկա։ Մարզպետների փոփոխության այս գործընթացը, ինչպես նշում են իշխանական շրջանակներում, դեռ շարունակվելու է։ Օրակարգում է Վայոց Ձորի, Արագածոտնի, Արմավիրի մարզպետների փոփոխության հարցը։ Այն, որ մի շարք մարզպետներ հրաժեշտ են տալու իրենց պաշտոններին, իշխանական շրջանակներում վաղուցվանից էր խոսվում։ Օպերացիան, սակայն, շարունակ ձգձգվում էր։ Եվ ուրեմն, ինչո՞ւ են նման փոփոխություններ արվում։ Նկատենք, որ ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի երկարատեւ պաշտոնավարման ընթացքում (2008– 2014թթ.) մարզպետների շատ քիչ փոփոխություն է եղել, երկու անգամ փոխվել է Շիրակի մարզպետը՝ 2010թ.-ին Լիդա Նանյանին փոխարինել է Աշոտ Գիզիրյանը, իսկ 2013-ին, երբ նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը սույն մարզում պարտվեց, Գիզիրյանի հրաժարականից հետո վերջինիս փոխարինեց Ֆելիքս Ցոլակյանը, իսկ 2011 թվականին փոխվել է Լոռու մարզպետը՝ Արամ Քոչարյանի փոխարեն նշանակվել է Արթուր Նալբանդյանը։ Մեկ մարզպետ փոխվել է 2009 թվականին, երբ ՀՅԴ-ն լքեց կոալիցիան եւ Արագածոտնի դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանը վայր դրեց կոալիցիոն քվոտայով ՀՅԴ-ին հանձնված մարզպետի պաշտոնը, եւ երկու մարզպետ էլ փոխվել է 2012թ.-ին, երբ ՀՅԴ-ն կոալիցիա չկազմեց ՀՀԿ-ի հետ եւ հանձնեց կոալիցիոն քվոտայով իր ունեցած Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի մարզպետների պաշտոնները։ Այսինքն, մեծ հաշվով, նախկին վարչապետի պաշտոնավարման օրոք կառավարությունն ընդամենը երկու մարզպետի է ազատել։

Իշխանական շրջանակներում նշում են, որ մարզպետների փոփոխությունները կապված են քաղաքական առաջիկա զարգացումների հետ։ Մասնավորապես, առաջիկայում սպասվում է սահմանադրական հանրաքվե։ Երեկ մեր զրույցում Ազգային ժողովի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի ՀՀԿ-ական փոխնախագահ Արայիկ Հովհաննիսյանը պնդում էր, թե փոփոխությունները պետք չէ որեւէ բանի հետ կապել։

– Պարոն Հովհաննիսյան, վարչապետն արդեն 4 մարզպետ է փոխել, ձեր կարծիքով, դա ինչո՞վ է պայմանավորված եւ կարո՞ղ է շարունակություն ունենալ։

– Կարծում եմ, դուք ինքներդ եթե մի փոքր ետ վերադառնաք, պատմությունը ուսումնասիրելով կտեսնեք, որ կադրային փոփոխություններ անընդհատ եղել են։ Դա որեւէ երեւույթի հետ կապել, կարծում եմ, պետք չէ: Դա ընթացիկ գործընթաց է, որը պարբերաբար լինում է։ Փոփոխությունները, այդ թվում
նաեւ մարզպետների, կարող են լինել՝ կախված այս կամ այն իրավիճակից։ Մասնավորապես, վերջին փոփոխությունը, եթե նկատեցիք, ուղղակի տեղափոխություն եղավ՝ մեկ պաշտոնից տեղափոխվեց այլ պաշտոնի։

– Տիգրան Սարգսյանն իր երկարատեւ պաշտոնավարման ընթացքում քանի՞ մարզպետ փոխեց։

– Մարզպետների փոփոխություն միշտ էլ եղել է, եւ դա, չեմ կարծում, որ ինչ-որ մի բանի հետ պետք է ուղղակի կապել:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Պարոն Հիոհաննիսյանին, ուզիմ եմ հիշեցնել, որ իրականում մարզպետների փոփոխություններ միշտ էլ եղել են ու կան, սակայն անփոփոխ են բոլոր այն խնդիրները, որոնք տևական ժամանակ առկա են մարզերում: Եթե իրականում իշխանությունների կողմից իրականացվող մարզպետների փոփոխություններն ինքնանպատակ չեն կամ իրենց մեջ ֆինանսական մաս չեն ներառում, այլ ժամանակի պահանջ և իրավիճակից բխող քայլեր են, ինչու որևէ անգամ վերլուծության չենթարկվեցին գնացող մարզպետների գործունեությունը, ինչու նրանք հաշվետվություն չներկայացրին իրենց կատարած աշխատանքների մասին, ինչու որևէ մեկը պատասխան չի տալիս կառավաևրության կողմից մարզերին հատկացվող և մարզպետների թեթև ձեռքով մսխվող գումարների համար, նշեմ միայն մեկ օրինակ՝ 2013թ. Տավուշի մարզին պետբյուջեից հատկացվել է 26 մլրդ դրամ, որից ավելի քան 20 մլրդ գումարն օգտագործվել է քաղաքաշինության ոլորտում, այն դեպքում, երբ մարզը գյուղատնտեսական է և գյուտեխնիկայի ու գյուղգործիքների կարիք ունի, ինչու բոլոր պաշտոնանկ արվող մարզպետներին իշխանությունները դրական գնահատական են տալիս, հաշվի չառնելով նրանց պաշտոնավարման ժամանակահատվածում առաջացած և արմատավորված խնդիրների հանգամանքը, ի վերջո ինչպիսի գործոնների հիման վրա է, որ մարզպետ են նշանակվում մեծահարուստները կամ մեծահարուստ են դառնում այդ պաշտոնն ստանձնելուս կարճ ժամանակ անց, ինչու իշխանությունները, մինչ մարզպետ նշանակվելը, գոնե ձևական թեկնածուի հարցը չեն քննարկում մարզի համայնքապետերի հետ, ինչու հաշվի չեն առնվում մարզում առկա խնդիրները, տնտեսական առումով մարզի ուղղվածությունն ու նշանակվող մարզպետի գիտելիքները, նախկին աշխատանքի փորձը և այլն, այսինքն եթե Տավուշի մարզի տարածքում մաքսային կետեր կան, կարելի է մաքսավորին մարզպետ նշանակել?, ինչն է պատճառը, որ մարզպետի թափուր պաշտոնների նշանակվող անձանց անունները գաղտնի է պահվում և ամենակարևորը ումից, որն է այդ ՞՞ռազմավարության՞՞ իմաստը և նմանատիպ այլ հարցեր: Պարոն Հովհաննիսյան, եթե այսքանից հետո այս անհեթեթ իրավիճակը Դուք ներկայացնելու եք որպես իշխանությունների կողմից մտածված ռազմավարություն ի շահ պետության ու ժողովրդի, ուրեմն Դուք կամ իրականության հետ կապ չունենալու պատճառով ոչինչ չեք հասկանում, կամ միտումնավոր իրականությունը խեղաթյուրում եք:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930