Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանն ու Հովիկ Աբրահամյանը «գլուխները սարքած» սպասում են նախագահի աթոռի՞ն

Սեպտեմբեր 11,2014 18:30

Ըստ Դավիթ Հակոբյանի՝ Եվրասիական միությանը
կփոխարինի Սլավոնական պետությունների միությունը

«Բացարձակապես նշանակություն չունի, թե հոկտեմբերի 10-ին Հայաստանի կողմից ինչ կստորագրվի: Նոր աշխարհաքաղաքական կենտրոնը կսաղմնավորվի հունվարից հետո` Ուկրաինայի` ամբողջությամբ սլավոնական քաղաքակրթության թատերաբեմ գալով»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք Եվրասիական տնտեսական միության հերթական ֆորումին, որտեղ նախատեսվում է, որ Հայաստանն արդեն կստորագրի ԵՏՄ-ին անդամակցության փաստաթուղթը, ասաց Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը:

«Ղազախստանը կորցրեց առաջին ջութակի դերում հանդես գալու իր իրավունքը, իսկ Պուտինը հասկացավ, որ ի հակակշիռ պանամերիկյան հեգեմոնիզմի՝ նոր աշխարհաքաղաքական միությունը պետք է ստեղծվի երեք սլավոնական պետությունների միացմամբ: Այդ պետությունների արհեստական մասնատմամբ տապալվեց Սովետական Միությունը, այդ պետությունների միացմամբ էլ կստեղծվի նոր աշխարհաքաղաքական կենտրոնը` Սլավոնական կայսրությունը»,- կարծում է մարքսիստը` հավելելով, որ այս իրավիճակում Հայաստանում պատմական անհրաժեշտություն է դառնում նոր ղեկավարի ի հայտ գալը. «Իրավիճակը կբերի արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների, քանզի արտաքին քաղաքականության մեջ այսօր անհրաժեշտ է այն լիդերը, որը կարող է ճարպկորեն եւ հմտորեն օգտվելով գերտերությունների շահերի հակասություններից` Հայաստանի համար նոր դիվանագիտություն ստեղծել եւ լուծել Արցախի Հանրապետության ճանաչման հարցը»:

Հայաստանի թիվ մեկ մարքսիստը գտնում է, որ իրավիճակը «ՀՀԿ-ական խունտայի» համար պայթյունավտանգ է. «Սահմանադրական բարեփոխումների փաթեթով նախագահը կանխամտածված լուծարում է նախագահական ինստիտուտը, այն էլ` ՀՀԿ-ական ֆրակցիայով, ոչ թե համաժողովրդական հանրաքվեով. սա ոչ միայն հակասահմանադրական քայլ է, այլ նաեւ ժողովրդին զրկում է ներքեւից իշխանափոխություն իրականացնելու իրավունքից: Վերադառնում ենք դաշնակների 18 թվականի սկզբունքին: Նախագահի ինստիտուտը լուծարել` ընտրությունները վերածելով քաղաքապետի ընտրության, այս փուլում պետական հանցագործություն է: Այս պարագայում նրանք, ովքեր գլուխները սարքած պատրաստվում են նախագահականին, թույլ չեն տա, որ սահմանադրական փաթեթն անցկացվի պառլամենտում: Մինչեւ նախագահը կհասցնի կազմալուծել նախագահի ինստիտուտը` նրանք կկազմալուծեն պառլամենտը»: Ըստ մարքսիստի՝ նախագահի աթոռին հավակնող հիմնական ուժերը Ռոբերտ Քոչարյանն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանն են եւ Գագիկ Ծառուկյանը, եթե «համարձակվի սպասավորի կարգավիճակից դուրս գալ»: Արդեն աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում մեր զրուցակիցը նկատում է, որ ուկրաինական ճգնաժամում զինադադարը «կայսեր մեծ բանականության արդյունքում ավարտվեց ռուսական սվինների հաղթանակով»: Պուտինին նա համեմատում է Նինվեի ճակատամարտում Հերակլեսի հետ, որը ոչ միայն ծնկի բերեց պարթեւական քաղաքակրթությունը, այլեւ Քրիստոսի անարգված խաչը տեղափոխեց Երուսաղեմ, որը պարսիկները դարձրել էին շնանոց եւ անառականոց. «Ռուսական կայսրության երբեմնի փառքն ու հմայքը կայսրը ուկրաինական տափաստաններում տարած հաղթանակով վերադարձրեց այն Կրեմլ, որը 1990-ականներին ելցինոիդների եւ գորբաչովականների սերունդը դարձրել էր քաղաքական անառականոց եւ շնանոց»: ԱՄՆ-ի պարտությունն էլ բնութագրում է այսպես. «Սեւ թագաժառանգը սեւացրեց ԱՄՆ-ի փառքը՝ իբրեւ հավասարակշիռ արտաքին քաղաքականություն վարող պետության: Այդ պետությանն այսօր անհրաժեշտ են նոր ռուզվելտներ կամ քենեդիներ»: Դավիթ Հակոբյանը կարծում է, որ Պուտինն այսօր կատարում է Ստալինի` Պոցդամի համաձայնագրի պատգամը. «Սլավոններ, միացեք»: Նա վստահ է՝ Պուտինը չի ճանաչի Դոնեցկի եւ Լուգանսկի միացյալ պետությունների տարածքային ամբողջականությունը, ոչ էլ կմիացնի ՌԴ-ին, այլ ավելի խելոք կվարվի` ստեղծելով Սլավոնական կայսրություն:

Ուկրաինական ճգնաժամին մարքսիստական հայացքն այսպիսին է. «Պատմագիտական սահմանափակ, վուլգար, պարզամիտ դատողությունների տեր քաղաքագետները դա կբնութագրեն որպես քաղաքացիական պատերազմ, իբրեւ եվրոպական արժեքներ երկրպագող քաղաքական ուժերի եւ Ուկրաինան մասնատող ռուս իբր բարբարոս անջատողականների միջեւ պայքար: Մինչդեռ մարքսիստական պատմագրությունն այն բնութագրում է համաշխարհային գերտերությունների` ԱՄՆ-ի եւ ռուսական կայսրության, անգլոսաքսոնական եւ սլավոնական քաղաքակրթությունների վճռական պայքար, որտեղ ԱՄՆ-ը կեղծ ու պիղծ ժողովրդավարության դրոշի ներքո ձգտում է համաշխարհային տիրապետության եւ որպես համայն երկրային քաղաքական ժանդարմ` փորձում է մասնատել սլավոնական պետություններին, նրանց ժողովուրդներին, տիրանալ նրանց հարստություններին` դարձնելով նրանց էժան աշխատուժի շուկա, եւ ստեղծել միաբեւեռ ղեկավարվող աշխարհ: Նրան դրա համար անհրաժեշտ էր Ուկրաինայում մարիոնետային պլացդարմի ստեղծումը` ռուսական կայսրությունը բլոկադայի ենթարկելու` հետագա նոր` երկրորդ էտապի մասնատման համար: Նա այստեղ հանդես է գալիս աստվածաշնչյան, արեւմտյան մեծ շնացողի` Բաբելոնի դերում` պատրաստ իր շահի համար հոշոտելու ցանկացած ազգի եւ պետականության: Ինչպես ժամանակին Հայաստանը ողջակիզվեց եվրոպական շնագայլերի դիվանագիտական հաղթանակների զոհասեղանին, այնպես էլ Ուկրաինան անգլոսաքսոնական խաղաքարտերում ստացավ զոհի կարգավիճակ: Ուկրաինական տափաստաններում վճռվում է ոչ միայն սլավոնական քաղաքակրթության ճակատագիրը, այլեւ համաշխարհային քաղաքակրթության հետագա ճակատագիրը»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Ախորժակն ուտելիս է բացվում:Իրենց աթոռապայքար, իսկ երկիրը` ստացողին:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930