Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանին իր կարդացած գրքերը պետք կգան բանտախցում՝ իմաստավորելու իր ապրած կյանքը»

Սեպտեմբեր 11,2014 17:30

Զարուհի Փոստանջյանը Քոչարյանին հարց է ուղղում՝ այդ ինչպե՞ս եղավ, որ դուք ծաղկուն եք, ծաղկացրել եք, բայց այս մի քանի տարվա ընթացքում դա դարձավ անկում:

«Ռոբերտ Քոչարյանի կարդացած գրքերը, ճամփորդելը, այդ ամեն ինչը իրեն պետք կգան հավանաբար: Որ գտնվի բանտախցում, այդ օրերը նա կարող է անցկացնել, իմաստավորել իր ապրած կյանքի ժամանակահատվածը, գնահատական տալ: Այդ ժամանակ միգուցե իրեն պետք գան այս ամենը: Իսկ մնացած պարագաներում ինքը էլ անելիք չունի քաղաքականության մեջ: Ինքն այդ դատավճիռն իր նկատմամբ կայացրել է Մարտի 1-ի օրը»,- Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսպես արձագանքեց Ռոբերտ Քոչարյանի՝ «Նոեւ Կովչեգ» թերթին տված հարցազրույցում արված այն ակնարկներին, որ գիտելիքներ է կուտակում, անընդհատ սովորում է, հսկայական քանակությամբ մասնագիտական գրականություն է կարդում եւ կախված հանգամանքներից՝ հնարավոր է այն կիրառի քաղաքականության մեջ:

Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետո «Կենտրոն» հեռուստաընկերությամբ ցուցադրվեց «Քոչարյանական ժամանակներ» տեսաֆիլմը: Քոչարյանական ժամանակներին կարոտողներն ասում են, որ նրա մասին տեսաֆիլմը զուտ տնտեսական մասով է ներկայացված, դրա համար այնտեղ խոսք չկա Մարտի 1-ի, Հոկտեմբերի 27-ի մասին, ընդամենը ընկալումների խնդիր է: Այս առնչությամբ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Այսօրվա այս ողբերգալի պատկերը հենց այնպես չի, որ գոյություն ունի: Մեկ օրով չի պայմանավորված: Դա ունի ակունքներ, իսկ ակունքները գալիս են 90-ականների սկզբից: Բայց ամենակարեւոր մասը մեր անկախ պետականության եղել է 1999-ին հաջորդող տասնամյակը, որը շատ կարեւոր էր: Թե՛ արտաքին քաղաքականության, թե՛ ներքին քաղաքականության խնդիրները, որոնք այսօր ավելի ցայտուն են եւ օրակարգում դրված են, գալիս են այդտեղից: Խոսում են, թե իր օրոք ծաղկել է Հայաստանը: Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ փաստաթուղթն այսօր չի ծնվել: Հենց իր օրոք է ծնվել եւ իր օրոք է բանակցվել: Սա՝ արտաքին քաղաքականության վերաբերյալ: Իսկ ներքին քաղաքականության մասով՝ եթե դու չունես ազատ խոսք, չես կարող ունենալ ազատ մարդ, չես կարող ունենալ ազատ երկիր: Հետեւաբար՝ չես կարող ունենալ նաեւ ազատ տնտեսություն: Եվ խոսելով տնտեսական աճի մասին՝ մենք պետք է գանք այդտեղից՝ եթե դու չես ապահովել դա, ապա ապագայում էլ չես կարող: Այսօրվա օլիգարխները, որոնք կան, իր պաշտոնավարման ժամանակ եղել են, իր պաշտոնավարման ժամանակ այս համակարգը գործել է: Հիմա կգնա նրան, որ անկում կապրի այս օլիգարխիկ համակարգը, դա չի կարող մշտապես գործել: Բայց ասել, որ ինքը անմա՞սն է մնացել, ինքը դերակատարություն չի՞ ունեցել այս ամենում: Հիմնական դերակատարներից մեկը ինքն է եղել: Այսօր նա ակտիվ քաղաքականության մեջ չէ, բայց մեր ազգային հարստության զգալի մասը ինքը, որպես սեփականատեր, տնօրինում, օգտագործում է: Այդ թալանը՝ թե՛ Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը, թե՛ այլ բաներ հենց իր ժամանակաշրջանում են ժողովրդից օտարվել»:

Ընդհանուր առմամբ Քոչարյանի մասին տեսաֆիլմը Զարուհի Փոստանջյանի վրա միակողմանի, նախընտրական քարոզարշավի նմանվող մի ֆիլմի տպավորություն է թողել. «Բացարձակ անկեղծ չէր: Եթե անկեղծ լիներ, պետք է խոսվեր նաեւ, որ իր ժամանակահատվածում ինչպես է խոսքի ազատությունը հետապնդվել: Մենք իր ժամանակաշրջանում ականատես եղանք, թե ինչպես փակվեց «Ա1+» հեռուստաընկերությունը, ինչպես մարդիկ իրենց քաղաքական հայացքների համար հայտնվեցին բանտախցերում: Այս ամենը այդ ֆիլմի մեջ չի լուսաբանվել: Մինչդեռ եթե ֆիլմը անկեղծ լիներ, եթե ուզում էին ներկայացնել այդ ժամանակաշրջանի պատմությունը, ապա այս հարցերը նույնպես պետք է արծարծվեին այդ ֆիլմի մեջ»:

Զարուհի Փոստանջյանը համաձայն չէ նաեւ քոչարյանական ժամանակներում տնտեսական աճի մասին ճոխ գնահատականներին. «Խոսել այսօր տնտեսական աճի մասին, ծաղկուն ինչ-որ ժամանակների մասին… եթե ծաղկուն լիներ, ապա ձեզանից ստացած ժառանգությունը, է՛, երկար պիտի սերունդները վայելեին: Այդ ինչպե՞ս եղավ, որ դուք ծաղկուն եք, ծաղկացրել եք, բայց այս մի քանի տարվա ընթացքում դա դարձավ անկում: Միանշանակ, այդպես չի եղել: Իհարկե, տհաճ է, որ նման փորձով մոլորեցնում են: Ժողովուրդը շատ լավ հասկանում է, այնպես չի, որ միամիտ են, կարող են խաբվել: Այդպես չէ: Եվ հետո՝ պետք չէ տարանջատել: Իրեն իր շատ մտերիմ գործընկերոջից՝ Սերժ Սարգսյանիը բացարձակ պետք չէ տարանջատել: Նույն համակարգի մասնիկ են»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930