Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ստվերի դեմ պայքար չեմ տեսնում»

Սեպտեմբեր 11,2014 16:30

«Անկեղծ ասած՝ համոզված էի, որ լինելով հանրապետության երկրորդ պաշտոնյան` Հովիկ Աբրահամյանը չի համաձայնի ղեկավարել մի կառույց, որը հիմնովին քարուքանդ է եղել, վերածվել է ավերակի՝ ինԾիլիգենտ, հիմա արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի մեծագույն ջանքերով». այսպիսի կարծիք էր հայտնել Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ, տնտեսագետ Զոյա Թադեւոսյանը այս տարվա ապրիլին լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցի ժամանակ: Այդ նույն հարցազրույցում տիկին Թադեւոսյանը համոզմունք էր հայտնել, որ քարուքանդ եղած մեր երկրի տնտեսության անկումը հնարավոր է կանխել՝ նշելով. «Հնարավոր է, հատկապես, որ այդ անկումը պայմանավորված է մարդկային գործոնով: Մեր երկրի տնտեսական, եւ ոչ միայն, գահավիժումը տոտալ թալանի հետեւանք է, իսկ արտաքին գործոնների ազդեցությունն աննշան է: Խնդիրը լուծվում է մեկ քայլով՝ հեռացնենք թալանչիներին իշխանությունից»:
Արդեն 4 ամսից ավելի է, ինչ Հայաստանի Հանրապետության վարչապետը Հովիկ Աբրահամյանն է, բայց այս ընթացքում տիկին Թադեւոսյանը վարչապետի կողմից տնտեսությունը ոտքի կանգնեցնելու էական քայլեր չի տեսել: «Առավոտի» հետ զրույցում ՀԱԿ անդամը թեեւ ասաց, որ դեռեւս ոչ մի լուրջ քայլ չի նկատել Հովիկ Աբրահամյանի կողմից, սակայն նկատեց, որ շրջանառության հարկի շեմը հոկտեմբերից իջեցվելու է. սա դրական ազդեցություն կունենա: Հիշեցնենք, որ շրջանառության հարկի նախկին 3.5%-ն իջեցվել է 1%-ի:

«Բայց մեկ է՝ կարկատանային միջոցառումներով հնարավոր չէ տնտեսությունը էապես վերափոխել, վերակառուցել, անհրաժեշտ են շատ կարեւոր քայլեր, օրենքների ընդունում, որոնք հնարավորություն կտան կատարել արմատական փոփոխություններ: Օրինակ՝ մենաշնորհների դեմ պայքարը, մենաշնորհները հիմնականում ստվերի կրողն են»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Թադեւոսյանը: Մենաշնորհների դեմ պայքար, ըստ տնտեսագետի, չի իրականացվում, այդ պայքարի համար անհրաժեշտ է ընդունել օրենքներ կամ մեկ օրենք, որով կարգելվի արհեստական մենաշնորհների ձեւավորումը Հայաստանի տնտեսությունում:

ՀԱԿ անդամի խոսքերով՝ «Քայլեր կան, որոնք 1 օրում, միանգամից հնարավոր չէ անել: Կան հարցեր, որոնք հնարավոր չէ միանգամից լուծել, հատկապես, որ այդ հարցերը լուծող թիմը ցանկություն չունի դրանք լուծելու: Մեր ձուկը, ինչպես գիտենք բոլորս, փտած է գլխից, այդ ձուկը երբեք թույլ չի, որպեսզի իր փտած գլխից ծագած վարակը չտարածվի մարմնի մնացած մասերին, իսկ այդ վարակն ինքնըստինքյան է տարածվում՝ թույլ տա, թե չտա: Երբ նեխման պրոցեսը գնում է, հասնում է պոչին, պետք է այդ գլխից ազատվել՝ հնարավորինս շուտ»:

Իսկ ինչպե՞ս ազատվել այդ գլխից, կարծես թե այդ ուղղությամբ դաշտում պասիվություն է տիրում՝ մեր այս հարցին էլ տիկին Թադեւոսյանը պատասխանեց. «Հեռացնել ժողովրդի միջոցով, ժողովուրդն է իշխանության տերը, դա ըմբռնում ենք փոքրաթիվ քաղաքացիներով, երբ ավելի մեծաթիվ մարդիկ հասկանան, նրանք կորոշեն՝ ով պետք է լինի իրենց երկրի նախագահը կամ առաջատար պաշտոններ զբաղեցնողները: Հիմա ժողովուրդն իրեն այդ գործընթացներից դուրս է մղել, նրանք կարծում են, թե իրենք չեն որոշողը, տերը: Երբեմն հանդիպում ենք այնպիսի մտածողությամբ մարդկանց, որոնք ասում են` թագավորը, մեր երկրի տերը: Այս արտահայտություն անողը լավ չի պատկերացնում, որ տերն էլ է ինքը, թագավորն էլ: Հիմա, եթե այսօր Հայաստանում ապրող 2.5 միլիոն «թագավորներն» ուզենան, կարող են ինքնանշանակ «թագավորին» հեռացնել, որովհետեւ նա չի համապատասխանում իր պաշտոնին, մեր երկրի արհավիրքները՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, գալիս են նրանից»:

Ամիսներ առաջ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց ստվերի դեմ պայքարի մասին, հորդորեց գործարարներին դուրս գալ ստվերից, հակառակ դեպքում կառավարության քայլերը կոշտ կլինեն: Տիկին Թադեւոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս կգնահատի վարչապետի՝ ստվերի դեմ պայքարը: «Պայքար չեմ տեսնում, հետեւաբար գնահատական տալ չեմ կարող»,- ասաց տնտեսագետը: Ստվերից հանելը, ըստ տնտեսագետի, քաղաքական կամք է. «Իրենք լավ գիտեն՝ ով է ստվերում, որ ապրանքներն ու դրանց որքան մասն է ստվերում»:

Վերջին շրջանի թանկացումներն էլ տնտեսագետը, բացի էլեկտրաէներգիայից եւ արտաքին գործոններից, կապում է նաեւ հարկային բեռի ավելացման հետ. «Հարկային բեռի մեծացումը ինչո՞ւ պետք է ստիպի բիզնեսմենին իր պահած փողերը դնել հարկային բեռից առաջացած պարտավորությունների վրա, էդքան խելք չունի՞, որ մեզ վրա դնի: Նա բարձրացնում է գինը, հարկային բեռն էլ մենք՝ սպառողներս, կվճարենք»:
Հովիկ Աբրահամյանի՝ պաշտոնը ստանձնելու ժամանակաշրջանում կուտակային կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիաներն էին. այդ ընթացքում պարոն Աբրահամյանը դժգոհող հատվածին խոստումներ էր տալիս՝ հանրության համար ընդունելի տարբերակ գտնել բարեփոխումների շրջանակում: Այսօր, սակայն, այդ ընդունելի տարբերակը պարտադիր կուտակայինից դարձավ նպատակային սոցիալական վճար, որը պարտադիր է պետական հատվածի աշխատողների համար, իսկ մասնավորը 3 տարով ազատված է: Տնտեսագետից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կարծիք ունի վարչապետի այդ քայլերի մասին, եւ ի՞նչ որոշում կկայացվի 3 տարի հետո՝ հաշվի առնելով, որ այդ շրջանում հանրապետությունում խորհրդարանական ընտրություններ են լինելու: «Հովիկ Աբրահամյանը երեւի մտածում էր, որ ինքը կարող էր լուծել խնդիրը, բայց այն օգուտները, որոնք կարող էին ստանալ հիմնադրամներից, ու այդ հիմնադրամների հետեւում թաքնված անձինք ավելի ուժեղ դուրս եկան, քան վարչապետը: Օրենքի այն տարբերակը, որն ընդունված է, շատ ավելի խտրական է, քան մինչ այդ: Պետական համակարգի աշխատողներից ճնշման ազդեցությամբ կարողանում են վերցնել այդ գումարները, մասնավոր սեկտորից՝ ոչ: Հիմա հնարավորություն կա, օգտագործում են այդ հնարավորությունը, դրանք հսկայական գումարներ են, որոնք գողացվում են պետական ոլորտի աշխատողներից ու գնում մասնավորի գրպան: Իսկ թե ի՞նչ կլինի 3 տարի հետո, կվերանայե՞ն մասնավոր սեկտորին վերաբերող մասը՝ 3 տարի հետո կամ էշը կսատկի, կամ իշատերը»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930