Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիրաբույժին կալանավորման ենթարկելու հիմքերն առհասարակ բացակայում են»

Սեպտեմբեր 11,2014 15:30

Վլադիմիր Ղուկասյանի փաստաբան
Մհեր Դավթյանը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան

Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետեւանքով բուժվող հիվանդի մահ առաջացնելու մեղադրանքով վերջերս կալանավորված «Վանաձոր ԲԿ» ՓԲ ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանի փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մհեր Դավթյանը դիմել է ՀՀ վերաքննիչ դատարան:
Նա իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց դատարանի կայացրած կալանքի որոշումն անհիմն ու չպատճառաբանված է համարում՝ նշելով, որ առհասարակ կալանավորման հիմքերը բացակայում են:

«Առաջին հերթին դատարանը որոշման պատճառաբանական մասում նշել է, որ առկա է հիմնավոր կասկած հասկացությունը, հղում է արել Եվրոպական դատարանի կողմից մի որոշման եւ նշել, որ Եվրոպական դատարանի կողմից ողջամիտ կասկածը չափանիշ է որոշման փաստերի հիման վրա: Դատարանը, սակայն, մոռանում է, որ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն, ինչը անձի անձեռնմխելիության իրավունքին է վերաբերում, անձի օրինական ձերբակալումը կամ կալանավորումն առկա է լինում առաջին հերթին, երբ կա իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայություն»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է փաստաբանը:

Այս դեպքում, սակայն, նա նկատում է, որ Վլադիմիր Ղուկասյանը ոչ մի անգամ վարույթն իրականացնող մարմնից չի խուսափել եւ հիմնավոր կասկածը փաստացի կերպով շաղկապված է քրեական դատավարության 135 հոդվածի կալանավորման հիմքերի հետ:
«Վճռաբեկ դատարանը հստակ իրավական դիրքորոշում ունի ձեւավորած այն մասին, որ կալանավորումը քրեական գործի ընթացքում կիրառվող խափանման միջոցներից ամենախիստն է, այն պետք է ընտրվի միայն այն ժամանակ, երբ մյուս խափանման միջոցները գործի վարույթի ընթացքում չեն կարող ապահովել անձի պատշաճ վարքագիծ: Մեր դատավարության օրենսդրությունը սահմանել է կալանավորման կիրառման օրինականությունն ու հիմնավորվածությունն ապահովող մի շարք երաշխիքներ, որոնց մեջ առաջին հերթին կարեւորվում ու առանձնանում են կալանավորման հիմքերը: Քրեական դատավարության օրենսգրքի 135 հոդվածի առաջին մասի բովանդակությունից հետեւում է, որ կալանավորման կիրառման հիմքերն ունեն կանխատեսական, մոտավոր բնույթ, քանի որ ենթադրում են ապագային վերաբերող իրադարձություններ, ընդ որում, այդ կանխատեսված գործողություններն անհրաժեշտ են հիմնավորել գործով ձեռք բերված որոշակի նյութերով, որով էլ վերջին հաշվով որոշվում է կալանավորման կիրառման հիմնավորվածությունը, ինչը այս գործի շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը չի կատարել»,- նշում է փաստաբան Մհեր Դավթյանը:

Բացի այդ, ըստ նրա, կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս դատարանը պարտավոր էր անդրադառնալ կալանավորման պայմանների եւ հիմքերի առկայությանը. «Կալանավորման պայմանը փաստական տվյալներով հաստատված հանգամանքներ են, որոնց բացակայությունը բացառում է խափանման միջոցի կիրառումը: Դրա մեջ հատուկ կարեւորություն ունի անձի կողմից իրեն վերագրվող հանցագործություն կատարած լինելու կասկածը: Այսինքն` եթե հիմնավոր կասկածի հետ առկա չեն քրեական դատավարության 135 հոդվածի առաջին մասում թվարկված կալանավորման հիմքերը, ապա դատարանի որոշումը չի կարող համարվել պատճառաբանված»:

Նա տեղեկացնում է, որ քննիչի` կալանքի միջնորդության մեջ նշված է, որ մնալով ազատության մեջ, Վլադիմիր Ղուկասյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելով:

«Սրանք շաբլոնային ձեւակերպումներ են, որոնք փաստական հանգամանքներով հիմնավորված չեն, իսկ Վճռաբեկ դատարանը 2008 թվականին կալանքի մասին դատական ակտի հիմնավորվածության եւ պատճառաբանության պահանջը սահմանված լինելու համար նշում է, որ բավարար չէ օրենքով նախատեսված հիմքերի պարզ շարադրանքը, այսինքն` անհրաժեշտ է կիրառել դատական ակտի պատճառաբանության առավել բարձր չափանիշ, դատարանի հետեւությունները հիմնավորել գործի փաստական տվյալներով: Մինչդեռ Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին նախաքննական մարմնի միջնորդությամբ կալանքի անհրաժեշտությունը եւ նպատակահարմարությունը հիմնավորվել են ոչ թե կոնկրետ եւ վերաբերելի փաստերով, այլ կալանքի հիմքերի օրենսդրական ձեւակերպումների շաբլոնային շարադրությամբ»,- նկատում է Մհեր Դավթյանը:

Փաստաբանը հավելում է, որ կալանքի ենթարկելու որոշում կայացնելիս առհասարակ հաշվի չի առնվել Վլադիմիր Ղուկասյանի անձը, նրա բարի համբավը. «Առհասարակ հաշվի չի առնվել Վլադիմիր Ղուկասյանի անձը, այն, որ նա շուրջ երեսուն տարուց ավելի աշխատում է որպես վիրաբույժ, «Վանաձոր ԲԿ» ՓԲԸ-ի վիրաբուժական բաժանմունքի վարիչն է, դատապարտված չի եղել, բնութագրվում է դրական, մարդն ունի մշտական բնակության վայր, Արցախյան ազատամարտի ժամանակ պարբերաբար եղել է մարտի վայրում` դրսեւորելով մասնագիտական իր ունակությունները, միջավայրի կողմից ընդունված, բարի համբավի տեր անձնավորություն է, երբ վարույթ իրականացնող մարմինը կանչել է, ներկայացել է, հետեւաբար, փախուստի կամ վարույթն իրականացնող մարմնից խուսափելու միտում չի ունեցել»:

Փաստաբանը նաեւ ուշադրություն է հրավիրում կատարված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության, ապա եւ կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացություններին, եւ գտնում է, որ ոչ մի եզրակացության մեջ չի նշվում, որ հնարավոր էր փրկել Դ. Հովակիմյանի կյանքը:
«Մամուլի հրապարակումներում նշված է, որ Դ. Հովակիմյանի մահվան պատճառի հետ կապված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել են նախորդ փորձաքննությամբ արձանագրված բացթողումներն ու թերությունները, ինչպես նաեւ այն, որ «Վանաձոր ԲԿ» ՓԲ ընկերությունում Դ. Հովակիմյանին բուժօգնության ցուցաբերման թերությունները եւ բացթողումները գտնվում են պատճառահետեւանքային կապի մեջ նրա մահվան հետ, որոնց առավել վաղ իրականացումը զգալիորեն կմեծացներ բարենպաստ ելքի հավանականությունը՝ հնարավորություն ընձեռելով փրկել Դ. Հովակիմյանի կյանքը: Մեր կարծիքով՝ փորձագիտական եզրակացությունը հիմնավոր եւ բավարար չէ ՀՀ քրօր-ի 130 հոդվածի երկրորդ մասի մեղադրանքի համար: Պաշտպանական կողմը գտնում է, որ մեղադրանքը հիմնավոր չէ, ավելին, Վլադիմիր Ղուկասյանի գործողություններում բացակայում է հանցակազմը՝ նույնիսկ այս առկա եզրակացություններով, քանի որ եզրակացությունները վերջնականապես չեն նշում, որ կոնկրետ բժշկի ցուցաբերած թերությունների եւ բացթողումների հետեւանքով է մահը անմիջականորեն վրա հասել: Ընդամենը ասվում է` զգալիորեն կմեծացներ բարենպաստ ելքի հավանականությունը: Բացի այդ` եզրակացություններից մեկում նշվում է, թե միանշանակ ասել, թե տվյալ դեպքում, եթե վիրահատությունն առավելագույնս կատարվեր շուտ, հնարավոր կլիներ փրկել Հովակիմյանի կյանքը, թե ոչ, պատասխանում է` հնարավոր չէ` պայմանավորված վնասվածքի բնույթից, վիրահատության ծավալից եւ բարդություններից, առավել եւս հիվանդի օբյեկտիվ վիճակի պայմաններում, երբ առկա է ձախ թոքի կոլապսի պատկեր եւ միջնորմի` դեպի աջ տեղաշարժ, հղի է շնչառական անբավարարության խորացում: Առհասարակ ոչ մի եզրակացության մեջ չի նշվում, որ հնարավոր էր փրկել կյանքը»,- ասում է Մհեր Դավթյանը:

Նա նկատում է, որ դատարանը նման որոշում կայացնելիս նաեւ հաշվի է առել մեղսագրվող արարքի հասարակական աստիճանն ու բնույթը` գտնելով, որ ազատության մեջ մնալով` տուժող կողմի մոտ կարող են առաջանալ հուզական այնպիսի դրսեւորումներ, որոնք կարող են հանգեցնել հասարակական կարգի այլ խախտումների` նկատի ունենալով, որ մեղադրյալին մեղսագրվող անզգույշ արարքի հետեւանքով զոհ է դարձել 15- ամյա պատանի:

«Դատարանի այս պատճառաբանությունը չի բխում Քրեական դատավարության օրենսգրքի 135 հոդվածում նախատեսված կալանավորման հիմքերից, եւ պաշտպանական կողմը սա գնահատում է ավելի շատ որպես հասարակական կարգի պահպանմանն ուղղված հուզաիրավական նորամուծություն, քանի որ չի մտնում կալանավորման հիմքերի մեջ: Անհասկանալի է դատարանի այս մեկնաբանությունը»,- եզրափակում է փաստաբանը` տեղեկացնելով, որ կալանքի որոշման դեմ դիմելով ՀՀ վերաքննիչ դատարան` հանդես է եկել նաեւ գրավի միջնորդությամբ եւ որ ներկայումս գործով ներգրավվել է նաեւ փաստաբան, իր գործընկեր Ռուբեն Հակոբյանը եւ երկուսով իրականացնելու են Վլադիմիր Ղուկասյանի շահերի պաշտպանությունը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930