Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան նախագիծ՝ հայ-թուրքական հարաբերությունների ենթատեքստով

Սեպտեմբեր 11,2014 14:30

Այս տարի գարնանը Երեւանում կայացան աշխարհահռչակ խորեոգրաֆ Դեյվիդ Դորֆմանի (ԱՄՆ) պարի թատրոնի մոդեռն ներկայացումները՝ «Կանխահաս ուրախություն», «Ես ընդդեմ պատերազմի», որոնք ուղղված էին բռնության դեմ եւ ունեն լավատեսության ու լավին ձգտելու նախանշում: Դ.Դորֆմանը մայիսին հայ պարողների հետ անցկացրեց վարպետության դասեր: Խորեոգրաֆը Հայաստանից հետո մեկնեց Թուրքիա: Նա ընտրեց երկու հայ եւ չորս թուրք պարողների: Հայաստանից այդ բախտին արժանացան բալետի արտիստ Դավիթ Գրիգորյանն ու Մնջախաղի թատրոնի արտիստ Կարեն Խաչատրյանը: ԱՄՆ-ում մեր պարողները միացան թուրք եւ ամերիկացի իրենց գործընկերներին, արդյունքում՝ Նյու Յորքի Բրուքլինի երաժշտական ակադեմիայում օգոստոսի 16-ին կայացավ խմբի ներկայացումը: Ներկայացմանն առցանց տարբերակով հետեւում էին ԱՄՆ փոխդեսպան Քլարկ Փրայսի հրավերով երեւանյան «Սփիքիզի» կոկտեյլ բարում հավաքվածները՝ ԱՄՆ դեսպանատան, միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, արվեստագետներ: Փոխդեսպանն այդ օրը տեղեկացրել էր, որ «Նյու Յորք Թայմսը» նախապես անդրադարձել է ներկայացմանը, որը պարբերականի մատուցմամբ՝ նշանակալից էր ոչ միայն բովանդակությամբ, այլեւ պարողների կազմով: Ներկայացումը պարի, թատրոնի, մնջախաղի համադրություն էր: Այն պատմում էր կոնֆլիկտների, ագրեսիայի, թշնամության, կարծրատիպերի, դրանց խամաճիկը դառնալու մասին, նաեւ բարեկամության, աջակցության, համատեղելիության, իրար հետ շփվելու, կարծրատիպերը կոտրելու եւ իրարից ներողություն խնդրելու անհրաժեշտության շեշտադրում ուներ:

10583957_748896351835963_55

Կարեն Խաչատրյանը (ձախից), Դավիթ Գրիգորյանը եւ թուրք պարուհին:

Մոդեռն այս բեմադրության ընթացքում հաճախ կրկնվում էր «I am sorry» արտահայտությունը: Ներկայացման առցանց հեռարձակումից հետո հանդիսատեսին հնարավորություն էր տրված հարցեր ուղղել Դորֆմանին եւ ներկայացման մասնակիցներին:

Դավիթ Գրիգորյանն ու Կարեն Խաչատրյանը, «Առավոտի» հետաքրքրությանն ի պատասխան, թե ինչու ներկայացումից հետո միայն թուրք եւ ամերիկացի հանդիսատեսները հարցեր հնչեցրին, նշեցին, որ հայկական կողմի հետ նման պայմանավորվածություն չկար:

Դավիթը նշեց, որ այս տարի առաջին անգամ Բրուքլինի երաժշտական ակադեմիան դրամաշնորհ էր շահել՝ բեմադրելու հայ-թուրքական հարաբերությունների թեմայով ներկայացում, որն իրականացրին Դեյվիդ Դորֆմանը եւ թուրք խորեոգրաֆ Կորհան Բասարանը, որոնք նաեւ լիբրետոյի հեղինակներն են: Կարենն էլ, կանխելով հարցը, թե իրենց թուրք գործընկերներն ինչպես էին վերաբերվում «ցավում եմ» արտահայտությանը, ասաց. «Ներկայացման մեջ, անխոս, քաղաքականություն կար, բայց պետք է խոստովանեմ, որ մեր թուրք գործընկերներն էլ էին հասկանում այդ արտահայտությունը: Կարճ ասած՝ նրանք էլ էին ցավում…»: Մեր զրուցակիցների հավաստմամբ՝ փորձերից ազատ ժամանակ իրենց հարաբերությունները թուրք պարողների հետ եղել են ընկերական, մտերիմ, հիմա էլ՝ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո, շարունակվում է շփումը ինտերնետով: Դավիթն ասաց նաեւ, որ ներկայացման երաժշտությունը «հավաքված» էր հայկական եւ թուրքական «հումքից», որի ընթացքում նույնիսկ եղեռնը խորհրդանշող դրվագ է եղել: Հավելեց էլ, թե մինչ ներկայացումն ամերիկացիները հայերի եւ ադրբեջանցիների համար անակնկալ էին պատրաստել. «Լյուինսթոնի եկեղեցում կամերային նվագախմբի երաժիշտները «Սարի աղջիկը» հնչեցրին հայերեն, թուրքերեն եւ անգլերեն: Հետո էլ մենք հայերենով ներկայացրինք Շերամի «Շորորան», տեղյակ լինելով, որ թուրքերն այդ երգն էլ են «սեփականաշնորհել»: Ի զարմանս մեզ, նրանք խոստովանեցին, որ «Շորորան» հիանալի է հնչում հայերեն: Պատասխանեցինք, որ դա բնական է, քանի որ մենք այն ներկայացնում ենք բնագրով…»: Կարենը հավաստիացրեց, որ թուրքերը քաջածանոթ են ոչ միայն հայ աշուղական ու ժամանակակից, այլեւ դասական կոմպոզիտորների գործերին, այդ թվում՝ հատկապես Խաչատրյանին, Բաբաջանյանին:

Հայ արտիստներն ասացին, որ թուրք գործընկերները ցանկանում են գալ Հայաստան, իրենց աչքով տեսնել մեր երկիրը, շփվել եւ ավելին իմանալ, իսկ Դորֆմանն էլ խոստացել է, որ մեր երկիր կայացած իր առաջին այցին կհաջորդի երկրորդը, երրորդը…

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Դրվագ համատեղ ներկայացումից:

«Առավոտ» օրաթերթ
10.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930