Լրահոս
Օրվա լրահոսը

Մանդատների հաշվին բարիքներից օգտվելու բանաձեւը

Սեպտեմբեր 11,2014 14:00

Վերլուծաբան Հարություն Մեսրոբյանը գտնում է, որ այսօր բոլոր
երկրներում էլ վերնախավերում գտնվում է ոչ իրական վերնախավը

Շաբաթ օրը կայացած ՀՀԿ ԳՄ նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ԱԺ-ն համեմատել էր խրամատի հետ, իր կուսակիցներին ասել, որ չլքեն «խրամատն» ու իրենց բոլոր անձնական գործերը մի կողմ դնեն, մասնակցեն ԱԺ նիստերին, քանի որ, ըստ նրա, նիստերին չմասնակցող կուսակից պատգամավորը կնմանվի խրամատը լքող զինվորի: Թեմայի վերաբերյալ «Առավոտը» զրուցեց վերլուծաբան Հարություն Մեսրոբյանի հետ:

– Ինչո՞ւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջապես հանդես եկավ նման հայտարարությամբ ու համեմատությամբ, արդյոք պատճառը իրավիճակի լրջությո՞ւնն է, թե՞ ՀՀԿ առաջնորդը վերջապես հասկացավ, որ իր կուսակիցներից ոմանց համար ՀՀԿ պատգամավորի մանդատ ունենալը զուտ անձնական հարցերը կարգավորելու միջոց է:

– Արդեն մեկ տարուց ավելի ամբողջ աշխարհում եւ մեր տարածաշրջանում իրավիճակը թեժացել է, եւ որոշ տեղերում այդ թեժացումը քողարկված է գնում, ու այստեղ ընդհանուր առմամբ շատ երկրների վերնախավեր լուրջ խնդիրներ են ունենում: Նրանք որոշ չափով փորձում են մոբիլիզացվել, որ սեփական շահը չկորցնեն: Ընդգծում եմ՝ սեփական շահը, որովհետեւ, որպես կանոն, դժբախտաբար, աշխարհով մեկ վերնախավերում գտնվում են ոչ իրական վերնախավերը, ու Հայաստանն էլ բացառություն չէ: Եվ այդ վերնախավերը դարձել են շատ խոցելի: Միայն այն փաստը, որ ամբողջ աշխարհում բանկային համակարգի իմաստը սկսել է կորչել, արդեն խոսուն է: Առաջինը, եթե հիշում եք, Կիպրոսի դեպքերն էին, որ օրը ցերեկով սառեցվեցին հաշիվները, կորցվեցին ավանդները, իսկ սա սարսափելի հարված էր, եւ վատ մեսիջ՝ աշխարհի վերնախավերին, որ աշխարհի վերնախավերից ցանկացածին կարող են կպնել: Հայաստանում պարզապես անպտուղ ընդդիմություն ունենալու պատճառով համեմատաբար կոմֆորտ է զգում իշխող վերնախավը, բայց, այնուամենայնիվ, չի կարելի չտեսնել, որ լարվում է իրավիճակը, եւ կարող է արձագանքել Հայաստանի մեջ: Այսինքն՝ երբ մոբիլիզացիայի կոչեր են արվում, նշանակում է՝ վտանգները որակապես փոխվել են:

– Կիսո՞ւմ եք այն տեսակետը, որ իշխող կուսակցության պատգամավորներից որոշների համար մանդատը անձնական հարցերի, բիզնեսի եւ այլնի համար է:
Ես ռոմանտիզմով չեմ տառապում, ասում եմ, որ մեզ մոտ՝ Հայաստանում, ինչպես եւ շատ պետություններում, իշխող վերնախավը, ինչու չէ՝ նաեւ ընդդիմադիր վերնախավը, տվյալ ազգի վերնախավը չէ, ու այստեղ խոսքը գնում է ընդամենը կորպորատիվ շահերը պահելու մասին:

Նստաշրջանի բացման հենց առաջին օրը ՀՀԿ-ական պատգամավորներ՝ գեներալ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը լքեցին «խրամատը», սա արհամարհանք չէ՞ր առաջնորդի խոսքի հանդեպ, չէ՞ որ նրանց հորդորվել էր ներկա գտնվել, մասնակցել:
-Իշխանության մեջ ոչ իրական վերնախավն է, իշխող կուսակցությունը զուտ բարիքներին մոտիկ լինելու գործիք է, եւ ոչ թե կուսակցական պատկանելություն, հետեւապես բոլոր երկրներում էլ այդ մարդիկ իրենց ոչ թե իշխող կուսակցության անդամ են զգում, այլեւ կոմֆորտ միջավայրում, որտեղ մոտ են հարստությանը, իշխանությանը: Ինչ վերաբերում է՝ արհամարհվե՞ց առաջնորդի խոսքը, թե՞ ոչ, կասեմ հետեւյալը՝ մարդկանց զգալի մասը երբեք չի կարող հաշվել կամ նայել մեկ քայլ առաջ, դուք բարձր կարծիքի եք ոմանց մտավոր կարողությունների մասին… Նորմալ մարդու ողբերգությունը կայանում է նրանում, որ ինքն իրեն դնում է դիմացինի տեղն ու զարմանում…

Զրուցեց
ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
10.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930