Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ազատ ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը լիակատար ձախողման մատնվեց

Սեպտեմբեր 11,2014 13:30

Երեկ Տաշքենդում ավարտվեց այս ոճի աշխարհի առաջնությունը:
Մեր ընտրանին Ուզբեկստանում ութ քաշային կարգերից մասնակցեց հինգին ու հայաստանցի ըմբիշներից ոչ մեկը երկու գոտեմարտից ավելի չանցկացրեց՝ արագորեն համալրելով հանդիսականների շարքերը:

Առաջին օրը հենց մեկնարկային պայքարից հետո ասպարեզը լքեցին 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը եւ 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը եւ միայն Գրիգոր Գրիգորյանը երկրորդ անգամ գորգ մտնելու իրավունք վաստակեց, որը նրա համար վերջինը եղավ:
Հայ մարզասերները մեդալի լուրջ հույսեր էին կապում հատկապես աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի անցած տարվա լավագույն մարզիկ, 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանի հետ, որը, սակայն, վնասվածքից հետո տեւական բուժում ստանալուց հետո էր միացել հավաքականին ու վերսկսել լիարժեք մարզումները: Բայց ավաղ, տիտղոսավոր մարզիկը նույնպես հուսախաբ արեց՝ երկրորդ գոտեմարտից հետո դուրս մնալով պայքարից: Հավանաբար, դեռ ամբողջովին չի վերականգնվել:

Իր երկրպագուներին ոչնչով չուրախացրեց նաեւ 61 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանը՝ մրցագորգ մտնելով ընդամենը մեկ անգամ:

Թիմային հաշվարկով Հայաստանը 42 երկրների մրցապայքարում զբաղեցրեց 33-րդ տեղը, ինչը, վերջին մի քանի տարիների ամենավատ ցուցանիշն է: Իսկ առաջատարների եռյակն ըստ հաջորդականության զբաղեցրին Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը:
Ինչ վերաբերում է մեր ազատ ոճային ըմբիշների անհատական արդյունքներին, այստեղ էլ սփոփիչ ոչ մի բան չկա: Ահա նրանց զբաղեցրած տեղերն ըստ իրենց քաշային կարգերի:
27. Գարիկ Բարսեղյան՝ 57 կգ
25. Վոլոդյա Ֆրանգուլյան՝ 61
16. Դավիթ Սաֆարյան՝ 65
11. Գրիգոր Գրիգորյան՝ 70
27. Մուսա Մուրթազալիեւ՝ 86
Այսօր պայքարի մեջ ներգրավվելու է կանանց առաջնության մեր միակ մասնակիցը՝ 69 կգ քաշային Կարինե Շադոյանը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930