Լրահոս
Օրվա լրահոսը

Կշեղվե՞նք Բոլոնիայի գործընթացից

Սեպտեմբեր 11,2014 13:00

Նոր ուսումնական տարվան ընդառաջ նորից ակտիվանում են բուհական համակարգում կրթական բարեփոխումների շուրջ քննարկումները: Մասնավորապես, Բոլոնիայի գործընթացին Հայաստանի անդամակցությունը մինչեւ այսօր տարակարծության առիթ է տալիս ակադեմիական շրջանակներում, եւ անգամ մեր հասարակության լայն շերտերում, որը պայմանավորված է մի շարք պատճառներով:

Նախ եւ առաջ, անցած տասը տարիները ցույց տվեցին, որ Բոլոնիային անդամակցության մեկնարկային տեսլականի հիմնական դրույթները այդպես էլ իրենց լիարժեք կիրառումը չստացան Հայաստանի Հանրապետությունում: Բոլոնիային անդամակցելուց հետո մեկ տասնամյակ անց նախատեսվում էր, որ ունենալու ենք ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անարգել եւ ակտիվ շարժունություն, որակի ապահովման առումով գրավիչ կրթական տարածք, սերտ ինտեգրացիոն կապեր եվրոպական կրթական շուկայի հետ: Սակայն, Բոլոնիային անդամակցության տեսլականի այս հիմնադրույթները դեռեւս թղթի վրա են, եւ չեն իրագործվում, քանի որ արդյունքում ունենք ձեւական կրթական աստիճանային համակարգ` կայացման փուլում գտնվող իր մագիստրատուրայով եւ դոկտորանտուրայով, որտեղ կրթական ծրագրերի, կրթության վարչարարության անորոշությունները շատ են: Ի հավելում դրան, ակադեմիական կրեդիտների կուտակման եւ փոխանցման մեխանիզմը դեռեւս ՀՀ-ում արդյունավետ չի գործում, որով ուսումնառության ընթացքում կուտակված կրեդիտները ծառայում են միայն ավարտական դիպլոմին, եւ չունեն էական դերակատարում շարժունության ապահովման ու կրթական ծանրաբեռնվածության պաշարի գնահատման ոլորտում: Կայացման փուլում է նաեւ կրթության որակի ներքին եւ արտաքին ապահովման մշակույթը, որի արդյունքում դեռեւս անհասկանալի են մեր իրականությունում կրթական ծառայությունների մատուցման որակի գնահատման մոտեցումները եւ մեխանիզմները:
Հարկ ենք համարում նշելու նաեւ, որ Եվրոպական բարձրագույն կրթական տարածքին (ԵԲԿՏ) ինտեգրման քաղաքական շարժառիթները նույնպես նպաստում են Բոլոնիային անդամակցության տարակարծության խորացմանը մեր հասարակությունում: Չխզելով Եվրոպայի հետ անկախության տարիներին հիմնած լայնամասշտաբ համագործակցության իր կապերը, այնուամենայնիվ, վերջերս Հայաստանի Հանրապետությունը Մաքսային միության անդամակցության ուղենիշ վերցրեց, դրանով իսկ նպատակադրվելով առավելապես ինտեգրվելու ոչ թե եվրոպական, այլ եվրասիական կրթական շուկային: Ձեւավորված իրավիճակում բնականաբար ծագում են մի շարք հարցեր. որքանո՞վ է նպատակահարմար Բոլոնիայի գործընթացին անդամակցությունը, երբ մեր զարգացման վեկտորը ուղղված է դեպի Մաքսային միություն, կամ՝ արդյո՞ք Բոլոնիային Հայաստանի անդամակցությունը չի հակասում մեր կողմից իսկ ընդունած ներկա քաղաքական կուրսին եւ առաջացնում սոցիալ-քաղաքական ռիսկեր:

Եվ վերջապես, Բոլոնիայի գործընթացին անդամակցության փորձը ցույց տվեց, որ բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումները պահանջում են հսկայածավալ ֆինանսական ռեսուրսներ, որի աղբյուրները մեր հանրապետությունում այդպես էլ չգտնվեցին: Կրթական բարեփոխումները միայն միջազգային հատուկենտ դրամաշնորհներով իրագործելի չեն, եւ դրա համար անհրաժեշտ են ներհանրապետական ֆինանսական լուրջ միջոցներ: Սակայն Հայաստանի Հանրապետությունում ձեւավորվել է մի իրավիճակ, երբ սակավամասշտաբ ֆինանսական ռեսուրսներով ընդամենը ապահովվում է կրթական ծառայությունների անխափան իրականացում, եւ հանրային ու մասնավոր ֆինանսավորման սուղ պայմաններում կրթության բարեփոխումների ոլորտում պարզապես չեն իրականացվում էական ֆինանսական ներդրումներ: Արդյունքում, ունենք սոցիալապես անապահով ուսանողության եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի որոշակի շրջանակ, բարոյապես եւ ֆիզիկապես մաշված կրթական ծառայությունների մատուցման ակտիվներ, որոնց միջոցով պարզապես անհնար է իրականացնել խորքային եւ արդյունավետ կրթական բարեփոխումներ:

Սակայն, մեր կարծիքով, Բոլոնիայի գործընթացի զարգացման ճանապարհին վերը թվարկած ակադեմիական, քաղաքական եւ ֆինանսական գործոնների արգելքները ժամանակավոր են եւ անցողիկ բնույթ են կրում: Գլոբալացման այսօրվա տեմպերի պայմաններում պարզապես անհնար է մեկուսանալ, ինչպես տնտեսական, այնպես էլ կրթական շուկայում: Իսկ կրթական միջազգային շուկան ներկայումս զարգացման դինամիկ բնույթ ունի եւ պահանջում է համընդհանուր սկզբունքներով եւ ընդհանուր հայտարարի բերված գործիքակազմով կրթական ծառայությունների մատուցում, որն արդեն իսկ միջազգայնորեն ներդաշնակեցվել եւ հղկվել է Բոլոնիայի գործընթացում: Ուստի, Հայաստանի Հանրապետությունը այս տասը տարիների ընթացքում անդամակցելով Բոլոնիային եւ այդ ոլորտում ունենալով տեսանելի հետագիծ, անկախ ներկայումս ստեղծված դժվարություններից, չպետք է հրաժարվի ԵԲԿՏ-ում ունեցած ձեռքբերումներից, եւ պետք է շարունակի կրթական բարեփոխումների որդեգրած քաղաքականությունը:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
տնտեսագիտության դոկտոր,
պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ
10.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930