Լրահոս
Օրվա լրահոսը

Հանգչող օջախի օրագրից

Սեպտեմբեր 11,2014 12:30

Հաճախ եմ այցելել Խ. Աբովյանի տուն-թանգարան: Առաջինը, որ ուշադրություն էր գրավում՝ ցուցափեղկում տեղադրված թանգարանի հրատարակություններն էին, որտեղից կարելի էր գնել մեծ լուսավորչի կյանքին ու գործունեությանը նվիրված բարձրարժեք ժողովածուներ, «Հայկական հարց» աբովյանագիտական-հայագիտական հանդեսը: Բարձրանալով ցուցասրահ՝ ականատեսն էիր դառնում երեւի եզակի մի իրողության, որին չէի հանդիպել որեւէ թանգարանում՝ դա աշխատակիցների արտահագուստն էր, նրանց բարեհաճ ընդունելությունը:

Ես թանգարան, որպես լրագրող, այցելել էի մայիս ամսին կազմակերպված «Թանգարանային գիշեր», «Թանգարանային միջազգային օր» միջոցառումներին: Այդ օրերին մեր նկարահանող խմբին դիմավորեցին թշնամաբար եւ թանգարանի մոտակայքում կայանված բոլոր ավտոմեքենաների համարանիշները գրի էր առնվում եւ փոխանցվում էր տնօրենին ծանոթ ոստիկաններին՝ ճշտելու, թե «ով ինչ օդ է շնչում»: Չես հասկանում, թե ինչո՞ւ:

Կարդալով «Առավոտի» «Վերք Հայաստանի, ողբ նրա կազմողներին» հոդվածը, որոշեցի կրկին այցելել թանգարան, պարզել նոր հրատարակությունների գոյությունը եւ վայելել նրա հիասքանչ այգին: Այս անգամ ինձ սպասում էր հիասթափություն` այգու ծառերը չորանալու վտանգի տակ էին: Զսպելով ինձ՝ մոտեցա ցուցափեղկին եւ այնտեղ չտեսնելով նոր հրատարակություն, դժկամությամբ բարձրացա ցուցասրահ: Որոշ ժամանակ անց ինձ մոտեցավ թանգարանի աշխատակից: Թեեւ որոշել էի ոչ մի հարց չտալ, բայց, չգիտես ինչու, հարցրեցի. «Կարելի՞ է հանդիպել ձեր նոր տնօրենին»: Աշխատակցուհին հայտնեց, որ տնօրենը տեղում չէ, արձակուրդում է, բացի այդ, նա ուրիշ երկու տեղում էլ է համատեղությամբ աշխատում: Բայց մի՞թե նորանշանակ տնօրենը դեռ նոր կարգուկանոն չհաստատելով՝ հանգիստ խղճով գնում է հանգստանալու: Ապշահար նայում էի երբեմնի ծաղկուն եւ վարդաշատ, եռուզեռով լցված թանգարանին…

Ինձ մնում էր հավատալ, որ հիշատակված կայքի հոդվածն ամբողջովին չի արտահայտում իրավիճակը, ավելին՝ համոզվեցի, որ գիտամշակութային կենտրոնի վերածված թանգարանը կորցրել է իր ուղեգիծը: Զարմանալի է, նախարարությունը իր հովանավորյալից հաշվետվություն չի՞ պահանջում, թե՞ նախարարության ու պաշտոնակատարի գործունեությունը համահունչ են: Ափսոս, մեր հասարակությունը կորցնում է մի շատ կարեւոր հաստատություն: Թվում է՝ ժամանակն է ձայն բարձրացնել թանգարանի փրկության համար: Մինչ այս հոդվածը տպագրելը մի քանի անգամ փորձեցի հանդիպել արձակուրդից վերադարձած տնօրենի հետ, բայց կրկին անգամ ինձ չհաջողվեց: Այնպիսի տպավորություն է, որ պաշտոնակատարն անլրջորեն է մոտենում իր պաշտոնին եւ չի գիտակցում թանգարանի ողջ կարեւորությունը:

ԱՐԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Պատրաստ ենք տպագրել
նաեւ մյուս կողմի տեսակետը:

«Առավոտ» օրաթերթ
10.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930