Լրահոս
Օրվա լրահոսը

«ՉԻ» լրագրող. «Երբեք հնարավոր չէ այս իշխանությունների օրոք հույս ունենալ, որ դատարանը կկայացնի օրինական որոշում»

Սեպտեմբեր 10,2014 22:55

Այսօր` սեպտեմբերի 10-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի լրագրող եւ լուսանկարիչ Անի Գեւորգյանի բողոքի քննությունը ոստիկանության դեմ:

Հիշեցնենք` փետրվարի 12-ին Մաշտոցի պողոտայում մի խումբ երիտհհկականներ խոչընդոտել էին ՀԱԿ ակտիվիստների կողմից առաջիկա հանրահավաքի մասին իրազեկում իրականացնել, ինչից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանները սկսել էին ակտիվիստներին բերման ենթարկել, իսկ ծավալվող իրադարձությունները տեսանկարահանող լրագրողներից խլել տեսախցիկները։ Ոստիկանները բերման էին ենթարկել ակտիվիստներին, «ՉԻ» լրագրող Անի Գեւորգյանին եւ «ilur.am» կայքի օպերատոր Սարգիս Գեւորգյանին, իսկ արդեն բաժնում ոստիկանության Կենտրոնի բաժնի պետ Արտակ Պողոսյանը ձեռքով հարվածել էր Գեւորգյանի դեմքին։

Անի Գեւորգյանը Aravot.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց, որ դատական նիստի ընթացքում իր ներկայացուցիչներ Արմեն Խաչատրյանը եւ Տիգրան Առաքելյանը ներկայացրեցին բողոքը, որտեղ նշված էին այն ապացույցները, որ նախաքննական մարմինը պարտավոր էր ոստիկաններին պատասխանատվության ենթարկել.

«Իմ ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը ներկայացրեց քրեական գործի նյութերին ծանոթանալու արդյունքում հայտնաբերված խախտումները, այսինքն` լրացուցիչ` այն, ինչ որ մեր բողոքում տեղ չի գտել: Այդ խախտումները բազմաթիվ էին, օրինակ` Կենտրոնի բաժնում, երբ որ ինձ բերման էին ենթարկել փետրվարի 12-ին, ինձ խուզարկության էր ենթարկել մի տեղամասային տեսուչ, մինչդեռ ըստ օրենքի` խուզարկություն իրավասու է կատարել միայն քննիչը»:

Նա հավելեց, որ իր ներկայացուցիչները միջնորդությամբ են հանդես եկել, որպեսզի դատարանը ուսումնասիրի այդ դեպքի հետ կապված  լրատվամիջոցների կատարած տեսագրությունները: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 24-ին:

«Երբեք հնարավոր չէ Հայաստանում այս իշխանությունների օրոք հույս ունենալ, որ դատարանը կկայացնի որոշում, որն իրավական եւ օրինական կլինի»,- հավելեց նա:

Անի Գեւորգյանի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ այն հիմնական դիրքորոշումը, որն հայտնեց ՀՔԾ քննիչը եւ դատախազը որեւէ կերպ չփարատեցին իրենց կասկածները, եւ իրենք ավելի համոզվեցին, որ քրեական գործի կարճումը կատարվել է օրենքի խախտմամբ եւ խախտվել են Անի Գեւորգյանի եւ արդարադատության շահերը. «Հայաստանյան արդարադատությունից 1 տոկոս է սպասելիքը միշտ, երբ որ խոսքը վերաբերվում է ՀԱԿ-ին եւ ընդհանրապես այն իրավական գործընթացներին, որոնց մեջ կա քաղաքական շարժառիթ, եւ մշտապես օգտվում ենք այդ 1 տոկոսի հնարավորությունից»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930