Ինչպես տեղեկացրել ենք, նախորդ օրը աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել Գյումրու քաղաքապետարանի մի քանի բաժնի պետեր: Մասնավորապես հեռացել են մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը, իրավաբանական բաժնի պետ Արտակ Ղազարյանը, որը մայրաքաղաքից էր եկել աշխատելու: Իսկ ավելի վաղ Գյումրիից հեռացավ նաև Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը ու փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը:
Այսօր Aravot.am-ը Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Ասատրյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են բաժնի պետերն ու մյուս պաշտոնյաները լքում իրենց աշխատավայրը: Ի պատասխան մեր հարցի, քաղաքապետարանի պաշտոնյան ասաց, որ մարդիկ շատ ցածր աշխատավարձ են ստանում: Օրինակ` բաժնի պետը ստանում է 150 հազար դրամ, մյուսներն` ավելի ցածր, հետևաբար և նոր, բարձր աշխատավարձով աշխատանք գտնելուն պես դուրս են գալիս քաղաքապետարանից:
«Մեզ մոտ իսպառ վերացված է կոռուպցիան: Քաղաքապետը հենց սկզբից որդեգրել է մի սկզբունք ` ոչ մի կոռուպցիոն երևույթ համայնքում չպետք է լինի, ոչ մի ծանոթ-բարեկամ, չգիտես էս, էն… ամեն ինչ օրենքի սահմանում: Դե հիմա, որ ավելորդ եկամուտներ չկան, չգիտեմ ինչեր չկան, գուցե և շատերը գալիս են` էդ կարծիքին լինելով, գալիս են, աշխատում են, տեսնելով որ… Իհարկե, խոսքս ոչ բոլորին է վերաբերում, կրկնում եմ, կան մարդիկ, որոնք էդ սկզբունքով են առաջնորդվում, հետո տեսնում են, որ չէ, չկա, թողնում, գնում են:
Աշխատավարձը ցածր, գործառույթները բավականին շատ, մեր պահանջները բավականին լուրջ են օրենսդիր սահմաններում: Մյուս մասը ունեն այլ աշխատանք, այսինքն` զբաղվում են գիտամանկավարժական աշխատանքային գործունեությամբ: Մենք ունեցանք բաժնի պետեր նախկինում, դուք հիշում եք, որոնք ազատվեցին աշխատանքից իրենց ցանկությամբ, որովհետև քցեցին-բռնեցին, ինչպես ժողովուրդն է ասում, տեսան, որ ավելի լավ է իրենք երիտասարդ են, նվիրվեն գիտամանկավարժական աշխատանքին, ժամանակ շատ կունենան», -ասում է քաղաքապետարանի պաշտոնյան:
Պաշտոնյան ցածր աշխատավարձի պատճառով հեռացած մարդկանց ցանկում թվարկում է Սամվել Բալասանյանի մամլո քարտուղար Զոհրապ Եգանյանին, իրավաբանական բաժնի պետ Արտակ Ղազարյանին: Աշխատակազմի քարտուղարի պատմելով, Զոհրապ Եգանյանը աշխատանքից ազատվելուն պես իրեն ասել է, որ ինքը արդեն աշխատանքի մի քանի առաջարկ է ստացել: Նմանապես իրավաբանական բաժնի պետը բարձր աշխատավարձով աշխատանքի է անցել մայրաքաղաքում, դրա համար էլ դիմում է ներկայացրել:
Նրա պարզաբանմամբ, կան մարդիկ էլ, որոնք շատ են ձգտում աշխատել քաղաքապետարանի գեղեցիկ շենքում, բայց գալով տեսնում են, որ այն կենդանի մարմին է, ծանր աշխատանքով պիտի զբաղվի, թողնում-հեռանում են:
Ռոբերտ Ասատրյանն այն կարծիքին է, որ եթե համայնքային ծառայողների աշխատավարձը ևս բարձրանա, նրանք չեն մտածի քաղաքապետարանը լքելու մասին: «Մենք չենք կարող բարձրացնել համայնքային ծառայողների աշխատավարձը, էնքան սուղ է համայնքային բյուջեն: Դուք տեսնում եք, խնայողությունները անմիջապես ներդրվում են որևէ տեղ փողոցաշինության, համայնքի այլ կարիքների համար:
Լրատվամիջոցները պետք է պատկան մարմիններին բարձրաձայնեն, թե, այ մարդ, պետական մարմինների աշխատավարձը բարձրացրել եք, համայնքային աշխատողների աշխատավարձերը ինչո՞ւ չեք ավելացնում: Ինչո՞ւ բյուջեն չեք ավելացնում, ինչո՞ւ եք կիրառում հին բանաձևը դոտացիայի հաշվարկման, ինչո՞ւ չեք կիրառում միջոցներ, մեթոդներ աշխատավարձի բարձրացման, որ մնան տեղում: Մարդիկ էդ պահին գալիս են, չունեն աշխատանք, գալիս են , նորմալ կադրեր են, աշխատում են, մի ընթացք վերցնում են արձակուրդ, երևի էդ ընթացքում ճշգրտումներ են անում, զբաղվում, հետաքրքրվում են, անցնում են ավելի բարձր աշխատավարձի», -պարզաբանում է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Ռոբերտ Ասատրյանը մեզ հետ զրույցում հարկ համարեց որոշ դիտողություններ անել լրատվամիջոցներին: Նա, իր բառերով ասած, զարմացած է որոշ լրատվամիջոցների ոչ ճիշտ մեկնաբանություններից: «Լրատվամիջոցները թողած իրենց հիմնական պարտականությունը, զբաղվում են շատ փոքր, ճղճիմ հարցերով` Պողոսը ընդունվեց, Պետրոսը կրճատվեց, սա ի՞նչ հարց է, որ լրատվամիջոցը զբաղվի սրանով, ես չեմ հասկանում: Եթե հարցը լրջություն ունենա, գործում է օրենքը, մարդիկ կարող են դիմել, վերականգնել իրենց իրավունքները, եթե կան ոտնահարված իրավունքներ: Սա սովորական աշխատանքային պրոցես է, մարդիկ ընդունվում ու ազատվում են»:
Վերջինս նեղված է նաև այն քննադատություններից, որ Սամվել Բալասանյանը այլ կառույցներում թոշակի անցած մարդկանց իր մոտ աշխատանքի է տեղավորում:
«Չի կարելի տարիքը ասել, դա անպատվություն է, մենք ունենք խորհրդականներ, հայեցողական պաշտոններ զբաղեցնող մարդիկ, որոնք տարիքն առած են, բայց ունեն կենսափորձ, գիտելիքներ, ինչի՞ համար իրենք չպիտի չաշխատեն: Մարդիկ, կարծես թե, ազդվում են, խոսքը իմ մասին չէ, ես էդ տարիքին չեմ, բայց մի օր էլ ինձ կասեն, բայց կարծես մարդուն ինչ-որ ձևով անպատվում ես, մինչդեռ նա համապատասխանում է իր պաշտոնին: Սա ձեր լրատվամիջոցում էլ եմ նկատել»:
Հիշեցնենք, որ Aravot.am-ը Սամվել Բալասանյանի կադրային քաղաքականությունը քննադատել է ոչ թե թոշակառուներին աշխատանքի տեղավորելու պատճառով, այլ տարբեր համակարգերից հեռացված ու քաղաքում, մեղմ ասած, լավ համբավ չունեցող թոշակառու կադրերին իր մոտ հրավիրելու ու պաշտոններ տալու պատճառով:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Մի հատ հարցրեք էլի, մի քանի ամիս առաջ երբ որ նույն ասատրյանն էր գնում քաղաքապետարանից ու թռնում բալասանյանից ցածր?աշխատավարձն էր պատճառը?, հետո, բոլոր նրանք, ովքեր գալիս են քաղաքապետարան աշխատանքի գիտեն ինչքան են ստանալու, մի հատ նայեք աշխատավարձերի չափերը,դրանք քիչ են? ոչ, ասատրյանը լավ գիտի, որ բալասանյանի հոգեբարոյական մթնոլորտն է պատճառը, որ մարդիկ գնում են, նրա տարիօրինակությունները, ի վերջո, մի հատ հարցրեք էդ գնացողներին ինչն է պատճառը? մտերիմ զրույցներում բոլորն էլ ասում են, որ աշխատելու տեղ չի դաձել քաղաքապետարանը, եվ հետո, չեմ կարող չասել, երբ, որ մեզ հարկադրում էին դիմում գրել գնալ, նույն խոսնակը մամուլի հայտարարում էր, որ մենք ոչ պրոֆեսիոնալ ենք, իրա շեֆը հարկադրանքով ու շանտաժով մեզ ազատում էր, ինքն էլ արդարացնում , դե հիմա իրա դուռն էլ չոքեց էդ դավեն, ՞քաղաքապետարանի ամենհաջող կադրի՞ դուռը, ինքն էլ դիմում գրեց, ու բոլորը հասկանում են ինչու, բնավ, ոչ աշխատավարձի պատճառով, այ էդպես է , որ մարդիկ չար են լինում, չարությունը իրենց է կործանում, իսկ ասատրյանը թող իր մասին մտածի, որ իրա աղջիկան բերել է իրեն քարտուղարուհի է աշխատեցնում, այ այսիպիսնն է Գյումրու քաղաքապետարանը