Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանը Հայկ Մովսիսյանի գործի լուծումը Եվրոպական դատարանում է տեսնում

Սեպտեմբեր 10,2014 22:00

Երեկ` սեպտեմբերի 9-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ տեղի ունեցավ ԼՂՀ քննչական մեկուսարանում մահացած Հայկ Մովսիսյանի գործով դատական նիստը:

Նախորդ դատական նիստի ընթացքում Հայկ Մովսիսյանի մոր` Հեղինե Պետրոսյանի ներկայացուցիչ Արայիկ Զալյանը միջնորդություն էր կատարել` ստանալ կարճված քրեական գործի նյութերը:

Հիշեցնենք` Հայկ Մովսիսյանը 2011 թ. հուլիսի 22-ին տեղափոխվել է ՀՀ «Սովետաշենի» ՔԿՀ, իսկ սեպտեմբերի 10-ին` ԼՂՀ «Շուշի» ՔԿՀ: Նույն թվականի նոյեմբերի 29-ին Հայկ Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել անդամախեղելու եղանակով ծառայությունից խուսափելու հոդվածով: 2012 թ. նոյեմբերի 20-ի դատավճռով Հայկ Մովսիսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 3 տարվա ազատազրկման: Դատավճռի հրապարակումից 7 օր անց Հայկ Մովսիսյանին ԼՂՀ քննչական մեկուսարանում գտել են մահացած:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատական նիստի ընթացքում հայտարարեց, որ բողոքին կից նյութերի հրապարակման անհրաժեշտությունը չի տեսնում: Արայիկ Զալյանը հայտարարեց, որ համարում է, որ առկա է հավասարության սկզբունքի խախտում եւ պնդեց իր միջնորդությունը: Սակայն դատարանը հայտարարեց, որ իր որոշումը կայացրել է: Արայիկ Զայլյանը ներկայացրեց ինքնաբացարկ, բայց դատարանը մերժեց այն:

Արայիկ Զեյնալյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ քաղաքական ինչ-որ ուժ կա, որ այդ գործը պահում է: Նա հավելեց, որ իր ինքնաբացարկի պատճառն այն էր, որ նախաքննական մարմինը պարտավոր է գործի նյութը ներկայացնել դատարան.

«Երկրորդ անգամ ներկայացրեցի միջնորդությունը, որպեսզի պարտավորեցնի ներկայացնել, սակայն նույնպես մերժվեց երկրորդ միջնորդությունը, որը որ հիմք տվեց, որ ես մտածեմ, որ դատարանը կողմնակալ վերաբերմունք է դրսեւորում նախաքննության մարմնի նկատմամբ»:

Նա նշեց, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատական նիստի ընթացքում որոշում է հրապարակել` բողոքը մերժելու մասին. «Ինքն արդեն պատրաստված եկել էր, որ պետք է մերժման որոշում կայացնի»:

Արայիկ Զալյանը հայտարարեց, որ գործի լուծումը Հայաստանի Հանրապետությունում չի տեսնում. «Բայց Եվրոպական դատարանով մենք ակնկալիքներ ունենք եւ հաջողությունների հասնելու ենք տվյալ գործով: Հայաստանը նորից պետ բյուջեի հաշվին վնասներ կկրի»:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930