Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը պատգամավորուհու հոր մասին. «Ես զարմացած եմ, թե ինչո՞ւ է Արտաշես Կարապետյանը զարմացած». (Տեսանյութ)

Սեպտեմբեր 10,2014 19:50

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի հայրը, երեկ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Վերջինս մեզ հետ զրույցում դժգոհել էր, որ ինքը այդպես էլ չկարողացավ իր դիմումը անձամբ հանձնել քաղաքապետին, որպեսզի ի վերջո նրանից իմանար, թե ո՞րն էր իր հեռանալու պատճառը: Արտաշես Կարապետյանի բնութագրելով, 6 ամիս առաջ Սամվել Բալասանյանը անհասկանալի պատճառներով մեկուսացրեց իրեն` պետի պարտականությունները դնելով այլ աշխատակիցների վրա:

Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Ասատրյանն այսօր Aravot.am-ին որոշակի պարզաբանումներ ներկայացրեց վերջերս քաղաքապետարանից որոշ աշխատակիցների հեռանալու, այդ թվում նաև Արտաշես Կարապետյանի դիմում տալու մասին: Աշխատակազմի քարտուղարը միանգամից արձագանքեց, որ իրենք առ այսօր ոչ մեկին աշխատանքից չեն հեռացրել, նրանք աշխատանքից ազատվել են իրենց ցանկությամբ:

Ըստ պաշտոնյայի, «Համայնքային ծառայության մասին» օրենքի համաձայն, անչափ դժվար է համայնքային ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատել: Նրանք պաշտոնից ազատվում են այն դեպքում, երբ նրանց նկատմամբ մեկ տարվա ընթացքում երկու կարգապահական տույժ է կիրառվում ու տարածքային կառավարման նախարարության հանձնաժողովի կողմից ծառայողական քննություն է անցկացվում: Մեր այն հարցին, եթե աշխատակիցներին չեք հեռացնում` ինչո՞ւ է մշակույթի բաժնի նախկին պետ Արտաշես Կարապետյանը հայտարարում է, որ ինքը այդպես էլ չհասկացավ, թե ինչո՞ւ է զբաղեցրած պաշտոնից ազատման դիմում տալիս ու հեռանում:

«Արտաշես Կարապետյանը, որ ասում է, թե զարմացած եմ` ինձ ինչո՞ւ են պաշտոնից ազատել, ես` որպես աշխատակազմի քարտուղար, զարմացած եմ, թե ինչո՞ւ է ինքը զարմացած»,- ասաց Ռոբերտ Ասատրյանը: Նա Արտաշես Կարապետյանի պատմությունը փորձեց ներկայացնել սկզբից: Աշխատակազմի քարտուղարը ցույց տվեց Արտաշես Կարապետյանի`Սամվել Բալասանյանին մարտի 21-ին հասցեագրված դիմումը, որով նա խնդրում էր իրեն ժամանակ տրամադրել` սրտի հետազոտություն անցնելու նպատակով:

«Քաղաքապետը, ընդառաջ գնալով, հասկանալով իր առողջական վիճակը, իրար հետևից տվել է իրեն ազատ, մարտից մինչև պատկերացրեք քանի ամիս, մոտ 6 ամիս գնացել է արձակուրդ: Գնացել է նաև չվճարվող արձակուրդ, ի դեպ, ինքը ավելի երկար ժամանակ էր ուզում, բայց օրենքը 30 օր է սահմանել, ընդ որում չվճարվող արձակուրդից էլ ինքը ավել է մնացել: Ինքը պարտավոր էր օգոստոսի 19-ին ներկայանալ աշխատանքի, սակայն 10 օր ուշացումով բացատրագիր է գրել, որտեղ ասում է` իրեն թյուրիմացաբար թվացել է, թե պիտի ներկայանա օգոստոսի 29-ին», -ներկայացրեց Ռոբերտ Ասատրյանը: Ըստ մեզ ցույց տված փաստաթղթի, Արտաշես Կարապետյանը խոստովանում է, որ ինքը կատարել է կարգապահական ներքին կանոնների կոպիտ խախտում և խնդրում է իր նկատմամբ ծառայողական քննություն չձեռնարկել, քանի որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացնում:

«Ինքը ընդհակառակը շնորհակալություն պետք է հայտնի քաղաքապետին, որ գործընթաց չի կիրառել, քաղաքապետը դա չի արել`պարզապես հասկանալով, որ մարդը ունի առողջական խնդիրներ: Երկրորդ, ինքը կատարել է կոպիտ խախտում աշխատանքային կարգապահության, և ընդառաջ գնալով իրեն, որ երկար տարիներ աշխատել է, չձեռնարկեց ծառայողական քննություն անցկացնելու գործընթացը: Էդ նույն բանը շատ լավ հասկանում է նաև ինքը`Արտաշես Կարապետյանը, շատ լավ գիտակցում է, որ երկրորդ կարգապահական տույժը կիրառելու ժամանակ սկսվելու է ծառայողական քննություն, որը ոչ թե մենք են վարելու, այլ տարածքային կառավարման նախարարության նշանակած հանձնաժողովը: Հնարավոր է շատ-շատ հարցեր բացվեն, այ, դրա համար էլ ինքը այդպես է վարվել:

Այլապես ի՞նչ կապ ունի այստեղ քաղաքապետը. ես եմ համարվում մեր աշխատակազմի բոլոր բաժնի պետերի անմիջական ղեկավարը: Ի՞նչ կապ ունի էստեղ քաղաքապետը, որ ինքը նրա մոտ մտներ կամ չմտներ: Չնայած հասկանում եմ իրեն, բայց պետք չէր, մանավանդ էն դեպքում, երբ արդեն հայտնի է, որ ինքը լավ էլ աշխատանքի է անցել: Նորմալ ձևով գնացեք, էլի», -հորդորեց աշխատակազմի քարտուղարը:

Մանրամասները` տեսանյութում: 

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930