ՀՀ Նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի պետական համալսարանում մասնակցել է ԵՊՀ պատմության և հայ բանասիրության ֆակուլտետների հիմնադրման 95-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:
Հանրապետության Նախագահը նախ այցելել է հայ բանասիրության ֆակուլտետ, դիտել հոբելյանին նվիրված ցուցահանդեսը, զրուցել պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ: Այնուհետև Սերժ Սարգսյանը ԵՊՀ գլխավոր մասնաշենքում մասնակցել է համալսարանի վերոնշյալ ֆակուլտետների հիմնադրման 95-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:
Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության և պատմության ֆակուլ¬տետների հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառների զարգացման գործում ներդրած ավանդի, երկարամյա և արդյունավետ գիտամանկավարժական գործունեության համար Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով բուհի պրոֆեսորադասախոսական կազմի մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվել են ՀՀ պետական պարգևներով և ՀՀ Նախագահի շնորհակալագրերով:
Հանդիսավոր նիստի ժամանակ Հանրապետության Նախագահը հանձնել է պետական պարգևներն ու շնորհակալագրերը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողությանը շնորհավորել հոբելյանի առթիվ: «Երևանի պետական համալսարանն անգնահատելի ավանդ ունի Ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի վերածննդի, Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կայացման գործում, և այս դահլիճում նստածներից շատ-շատերն ու նաև ձեր նախորդներն ունեն սեփական ներդրումն այդ ավանդում: Շնորհակալ եմ բոլորիդ»,-շնորհավորական խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ Նախագահի աշխատակազմ