Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուջեի հաշվին Միկա Բաղդասարովի օգնության ֆոնդին 22 մլն դոլար փող են փոխանցել

Սեպտեմբեր 10,2014 19:22

Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարց ուղղեց «Արմավիայի» կուտակած պարտքերի մասին: Նա ասաց, որ «Արմավիան» հարկային պարտավորությունները չի կատարել, իսկ կառավարությունը քրեական հետապնդում իրականացնելու միջնորդությամբ հանդես չի եկել՝ պարտակելով կատարված հանցագործությունը. «Թվում էր, որ նոր կառավարությունը ոչ միայն հնարավորություն ունի վեր հանել այս գործը, այլ, վերջապես, համալրել պետբյուջեն օրինազանց «Արմավիայի» եւ Միկա քորփորեյշնի հաշվին: Սակայն  նոր կառավարությունը ոչ միայն շարունակում է հանցագործության պարտակման գործը, այլ նաեւ շատ ճարպկորեն օգնում է Միկա Բաղդասարովին պետության հաշվին կուտակած պարտավորությունների բեռը թեթեւացնելու՝ միեւնույն ժամանակ օգնելով կախարդական փայտիկ չունեցող վարչապետին խոսել բյուջեն լցնելու խոստումների կատարման մասին»:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ կառավարությունը Միկա քորփորեյշընից բռնագանձված սպորտային օբյեկտը ճանաչել է գնորդ չգտած գույք, այնուհետեւ գնահատել է այն աստղաբաշխական 9 մլրդ 845 մլն դրամի՝ 22 մլն ԱՄՆ դոլարի չափով եւ որոշել ֆինանսների նախարարության միջոցով մուտքագրել գումարը որպես պետական բյուջեի եկամուտ եւ ստանձնել Միկա քորփորեյշընի պարտավորությունների այդ չափով մեղման արդյունքում: Սիրելի կառավարություն, ինչի՞ հիման վրա է  վերոհիշյալ գույքը գնահատվել նման հսկայական գումարով, եթե շուկայում այդ գնով գնորդ չի գտնվել: Ի՞նչն էր խանգարում բյուջեում մուտք անել այն ժամանակ, երբ կկարողանայիք այդ գնով վաճառել այդ օբյեկտը: Չի ստացվում, որ դուք վատնել եք այդ չափով պետական միջոցներ եւ այդ չափով ներդրում եք կատարել Միկա Բաղդասարովի օգնության ֆոնդին»:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը պատասխանեց, որ օդային փոխադրողի կողմից հարկային պարտավորություն չկատարելու դեպքում, եթե արգելանք դնեին, դա կնշանակեր, որ ՀՀ-ում օդային փոխադրումներ չէին լինի. «Անկախ նրանից, թե ով էր զբաղվում այդ գործունեությամբ, մենք կունենայինք պրոբլեմներ, դրա համար համբերատար, ինչպես վարվում ենք շատ այլ ձեռնարկությունների հետ, ժամանակացույց ենք տրամադրում, որ կարողանան վճարումներ կատարել»:

Ըստ Լեւոն Զուրաբյանի, աբսուրդն այն է, որ շուկան Միկա Բաղդասարովի այդ օբյեկտը գնահատել է 7 մլրդ, ոչ թե 9. «Ի՞նչ է նշանակում պահուստային ֆոնդից երեւակայական գումար եք տալիս, հետո այդ գումարը մուտքագրվում է պետբյուջե՝ որպես Արմավիայի պարտքերի մարում: Դուք օգնում եք այդ մարդուն: Սա արվել է ժողովրդի հաշվին, պետբյուջեի հաշվին»:

Գագիկ Խաչատրյանի խոսքերով՝ օբյեկտի գինը գնահատվել է անկախ փորձագետների կողմից մրցույթի կարգով շահած կազմակերպության կողմից. «Իսկ քիչ է գնահատել, թե շատ է գնահատել՝ ժամանակի խնդիր է խորանալ: Հիմա գնահատել է այդքան»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930