Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պաշտոնատար այլ անձանց հետ միասին մասնակցել է մայրաքաղաքի Ծիծեռնակաբերդի 1/2 հասցեում կառուցված բազմաբնակարան բազմաֆունկցիոնալ շենքի շահագործման հանդիսավոր արարողությանը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ ստեղծված միջգերատեսչական հատուկ հանձնաժողովի առաջարկությունների հիման վրա, ՀՀ կառավարության 04.04.2013թ. 342-Ա որոշման շրջանակում, նորկառույց շենքում բնակարաններ են հատկացվել նաև Երևան քաղաքի Արամի 72-80 հասցեներում մասնավոր կառուցապատողի ձախողած կառուցապատման ծրագրից տուժած ընտանիքներին: Շենքի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և «Դի Ընդ Էյջ գրուպ»-ի տնօրեն Վահե Պետրոսյանին:
Հարկ է նշել, որ դեռևս 2011թ. դեկտեմբերին ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից քրեական գործ էր հարուցվել Արամի 72-80 հասցեներում կառուցվող շենքից բնակարաններ վաճառելու պատրվակով 2005-2011 թվականների ընթացքում բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով խարդախությամբ մեծ գումարների հափշտակման կապակցությամբ: Ըստ այդմ, Արամի 72-80 շենքում առկա մոտ 21000 քմ մակերեսի դիմաց, 2005-2011 թվականների ընթացքում տվյալ շենքի կառուցապատող հանդիսացող «Գապբնակշին» ՍՊԸ-ն վաճառել էր53000 քառ. մետր, ընդ որում, քրեական գործի հարուցման պահինտվյալ շենքն անավարտ էր ու շահագործման ոչ ենթակա: Այս ամենին զուգահեռ, «Գապբնակշին» ՍՊԸ-ի պատասխանատուները արհեստականորեն Արամի փողոցի տվյալ շենք էին տեղափոխել նաև իրենց կողմից կիսավարտ կամ դեռևսշինարարությունը չսկսված այլ շենքերի գնորդներիև իրացվող տարածքների սեփականատերերի:
Կարդացեք նաև
«Արամի 72-80 հասցեներում մեկ բնակարանը վաճառվել էր ընդհուպ 8 գնորդի և, ըստ էության, 476 ընտանիք դարձել էր խաբեբաների զոհ, և մարդիկկանգնած էին վճարած գումարները կորցնելու շեմին: Մասնավոր կառուցապատողի կողմից խաբեության զոհ դարձած քաղաքացիները ստիպված դիմել էին Հանրապետության Նախագահին՝ խնդրի լուծման գործում ակնկալելով որոշակի աջակցություն, ինչի արդյունքում, Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ, կառավարությունը 2012թ մարտին ստեղծեց միջգերատեսչական հատուկ հանձնաժողով՝ այդ քաղաքացիների կորուստների վերականգնման միջոցառումներ մշակելու համար: Հաշվի առնելով, որ խոսքը 476 ընտանիքների մասին էր, ակնհայտ էր, որ անհրաժեշտ էր գտնել ոչ ստանդարտ ու աննախադեպ լուծումներ: Բանակցությունների և քննարկումների արդյունքում ոչ այնքան դյուրին այդ լուծումը գտնվեց, կառուցապատման ընթացքում տուժած քաղաքացիների մի մասին բնակարանով ապահովեցին այստեղ՝ Ծիծեռնակաբերդի 1/2 հասցեի այս շենքում, մյուս մասին էլ՝ Արամի փողոցի բազմաբնակարան շենքում: Այսպիսով` կարող ենք արձանագրել, որ տուժած 476 ընտանիքների կողմից բարձրացված խնդիրը վերջնականապես լուծված է»,- ընդգծել է քաղաքապետը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Այնուհետ Տարոն Մարգարյանը զրուցել է բնակիչների հետ, նրանց հետ միասին շրջել բնակարաններով, ծանոթացել պայմաններին ու գնահատել կատարված աշխատանքը: Ժամանակակից պահանջներին համահունչ կառուցված շենքն ապահովված է անհրաժեշտ բոլոր պայմաններով: Շնորհակալություն հայտնելով բնակարանների տրամադրման համար՝ բնակիչներն ընդգծել են, որ իրապես կանգնած են եղել վճարած գումարները կորցնելու շեմին, սակայն Հանրապետության Նախագահի աջակցության ու խնդրին լուծում տալու շնորհիվ նրանք այսօր նոր բնակարանների սեփականատերեր են դարձել:
Շուրջ 65000 քմ ընդհանուր մակերեսով բազմաբնակարան համալիրի հարակից տարածքն ամբողջությամբ բարեկարգվել է, կառուցվել են նոր հաղորդուղիներ, իրականացվել են բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներ: Շենքի բակային տարածքում տեղադրվել են նաև նստարաններ, աղբամաններ, զրուցարաններ, իսկ փոքրիկների համար էլ՝ մանկական ատրակցիոններ:
Երևանի քաղաքապետարան