Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը՝ Հովիկ Աբրահամյանին. «Այս 4 ամսվա ընթացքում ի՞նչ եք արել»

Սեպտեմբեր 10,2014 18:46

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին, թե խոստացել է, որ հատկապես էներգետիկայի բնագավառում կատարված չարաշահումները կբացահայտվեն, բայց նրա վարչապետության ժամանակ դրանք շարունակվում են դեռ: Նա հարցրեց, թե այս 4 ամսվա ընթացքում ի՞նչ է արել. «Ընդհանրապես, գազը թանկացավ, գազի սպառումը քչացավ: 4 մլն խմ գազ բնակչությունը 1 տարվա ընթացքում քչացրել է, 12 հազար բնակարան այս տարվա ընթացքում գազաֆիկացվել է եւ դա մտել է ինքնարժեքի վրա, գինն ավելացվել է: Տեսեք ինչ քաղաքականություն է: Գազաֆիկացվում է Հայաստանը, մարդիկ սկսում են ավելի քիչ գազ վառել, դրա արդյունքում էլ  գազի գինն ավելանում է: Այսինքն, գազ վառողների վրա բեռը գնալով ավելանում է: Նույնը՝ հոսանքի հետ կապված»:

Արամ Մանուկյանը հետաքրքրվեց նաեւ «Նաիրիտի» պարտքից, Վանաձորի Քիմպրոմից. «Երկու անգամ հանդիպել եմ, չեն կարողանում ճշմարտությունն ասել՝ ո՞վ է այդ հիմնարկի սեփականատերը, որ պահանջեն մարդիկ իրենց 12 ամսվա աշխատավարձը: Եթե մասնավորը չի կատարում իր պարտականությունները, ինչի՞ են «Նաիրիտի» պարտքերը բյուջեից փակում»:

Հարցերին պատասխանեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, ինչը բարկացրեց Արամ Մանուկյանին: Նա ակնկալում էր պատասխան վարչապետից: Երվանդ Զախարյանը վստահեցրեց, որ բոլոր այդ հարցերի հետ կապված կառավարությունը ծավալուն աշխատանք է կատարել՝ կապված կոռուպցիայի նվազեցման հետ, կորուստների նվազեցման հետ:

Արամ Մանուկյանի խոսքերով՝ «Ձեր վերաբերմունքն առնվազն հարգալից չէր մեր նկատմամբ: Ես ձեզ հարց եմ տալիս 4 ամսվա ընթացքում էներգետիկա բնագավառում իրականացված քաղաքականության վերաբերյալ: Երվանդ Զախարյանը դրա հետ կապ չունի, ինչպես այն ժամանակ Արմեն Մովսիսյանը կապ չուներ: Ինձ այդ պատասխանը պետք չի, որ կառավարությունն ամեն ինչ անելու է, մեր ուշադրության կենտրոնում է: 4 ամսվա ընթացքում առնվազն 2 քրգործ կա «Նաիրիտի» հետ կապված, «Որոտանի» հետ կապված: Հիմա դուք կարող եք չպատասխանել, դա էլ է պատասխան»:

Երվանդ Զախարյանն էլ սկսեց համոզել, որ էներգետիկայի բնագավառում քաղաքականություն իրականացնողը ինքն է, որ կա:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930