Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մարզահամերգային համալիրի համար փնտրում ենք վարձակալ կամ գնորդ». Դավիթ Հարությունյան

Սեպտեմբեր 10,2014 18:31

«Ամիսներ առաջ ես նամակով դիմել էի կառավարությանը՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել, թե արդյո՞ք ճիշտ են շրջանառվող այն լուրերը, որ Մարզահամերգային համալիրն այսուհետ գտնվում է ՊՆ-ի հաշվեկշռում: Ինձ պաշտոնապես պատասխանեցին, որ 100 տոկոս բաժնետոմսերը գտնվում են Մուրադյան ընտանիքի մոտ, իսկ ՊՆ-ն որեւիցե կապ չունի: Բայց ներքին կարգով ինձ ասացին, որ որոշումը կայացված է, բայց կան անհասկանալի հարցեր: Ինչո՞ւ ՊՆ-ի եւ ոչ սպորտի կամ մշակույթի նախարարության հաշվեկշռում: Արդյո՞ք ավելի քիչ են վստահում մշակույթի նախարարությանը, քան ՊՆ-ին: Ունե՞ք լուրջ հիմնավորում՝ ՊՆ-ի հաշվեկշռում կառույցը ընդգրկելու համար»,- այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը այսպիսի հարց ուղղեց կառավարությանը:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Հավաստիացնում եմ ձեզ, որ ավելի քիչ չենք վստահում, ոչ: Իրականում ՊՆ-ն չէ, որ կարող է արդյունավետ կառավարել այդ հոյակերտ շենքը: Մենք որոնելու ենք ուղիներ, որպեսզի գտնենք արդյունավետ կառավարիչ կամ վարձակալ կամ անձ, որը կգնի այն: Բայց այդ գումարներն ուղղվելու են երկրի պաշտպանունակության բարձրացմանը: Դրանով է պայմանավորված այն, որ մենք ամրագրել ենք այն ՊՆ-ի բալանսում»:

Լյուդմիլա Սարգսյանին նաեւ հետաքրքրում էր՝ Կարեն Դեմիրճյանի անունը կպահպանվի՞ որպես համալիրի  անվանում, ի՞նչ նպատակով է այսուհետ օգտագործվելու համալիրը եւ կարո՞ղ եք այսօր տալ երաշխիքներ, որ համալիրը որոշ ժամանակ հետո չնչին գումարներով չի վաճառվի եւ օգտագործվի որպես առեւտրային համալիր, ինչպես եղել են բազմաթիվ այլ հոյակերտ կառույցների դեպքում, ինչպես «Ռոսիա» կ/թ-ի շենքը, «Հայրենիք» կ/թ-նն էր:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ թեեւ այդ հարցը կառավարությունում չեն քննարկել, բայց վստահաբար Կարեն Դեմիրճյան անունը պահպանվելու է,եւ դա լինելու է հիմնական պահանջներից մեկը: Դավիթ Հարությունյանը նաեւ հավաստիացրեց, որ այնն չի դառնա առեւտրային կառույց, կպահպանի իր նշանակությունը. «Իսկ այն հարցը՝ արդյո՞ք չնչին գումարներով չի մասնավորեցվի, գիտեք, ես կարծում եմ, որ չնչին գումարների մասին խոսք լինել չի կարող: Ընդհանրապես ի՞նչ է  նշանակում չնչին գումար, խոսքը վերաբերումէ շուկայական արժեքին: Եթե կա պահանջարկ եւ կա առաջարկ եւ դրանք հանդիպում են միմյանց՝ դա հենց արդարացի գինն է: Եթե որեւէ մի կարծիք լսեք իքս գումարի վերաբերյալ, ապա այդ գումարը կարող է համարվել չնչին, եթե կա որեւէ մեկը, որը պատրաստ էր վճարել իքս գումարած 1՝ ստանձնելով նույն պարտավորությունները: Ես վստահեցնում եմ ձեզ, որ գործընթացն իրականում լինելու է թափանցիկ եւ այդ առումով մտահոգություն որեւէ մեկի մոտ չի առաջանա»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930