Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջարկվում է փակել այն հատուկ կրթական հաստատությունները, որոնք գործում են երեխայի խնամքի անընդունելի չափանիշներով

Սեպտեմբեր 10,2014 18:01

«Կոնգրես» հյուրանոցում այսօր ներկայացվեց ՀՀ կրթության և գիտության (ԿԳ) և ՀՀ տարածքային կառավարման (ՏԿ) նախարարությունների ենթակայության տակ գտնվող 22 հատուկ կրթական հաստատությունների մոնիթորինգի երրորդ հաշվետվությունը, որը ներառում է 2013 թ. մայիս-հոկտեմբեր ամիսներին հանրային դիտորդական խմբի կողմից (31դիտորդ 13 հասարակական կազմակերպություններից) կատարված մոնիթորինգի արդյունքները:

Մոնիթորինգն իրականացվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:
Ծրագրի նպատակն է եղել խթանել և պաշտպանել երեխաների իրավունքները հատուկ կրթական հաստատություններում՝ ներդնելով երեխաների իրավունքների անկախ մոնիթորինգի մեխանիզմ ԿԳ և ՏԿ նախարարությունների ենթակայության տակ գտնվող հաստատություններում:

Ըստ զեկույցի՝ 22 հատուկ կրթական հաստատություններում խնամվում / կրթվում է 2106 երեխա, այդ թվում 876-ը՝ ՏԿ նախարարության և 1230-ը՝ ԿԳ նախարարության ենթակայության տակ գտնվող դպրոցներում: Այս հաստատություններում գիշերում են 1081 երեխաներ, որոնց մեծ մասը տղաներ են:

Զեկույցի համաձայն՝ ընդամենը մեկ այցելության արդյունքում երեխաների հիմնարար կարիքների և իրավունքների ոտնահարման դեպքեր են արձանագրվել այս հատուկ կրթական հաստատություններում՝ ներառյալ երեխաների կարգապահության համար կիրառվող անընդունելի մեթոդները, ինչպես նաև ֆիզիկական ու հոգեբանական բռնության և անտեսման դեպքերը:

«Ես, հավանաբար, երբեք էլ չեմ կարողանա հասկանալ այն մեծահասակներին, որոնք կարծում են, որ երեխաների նկատմամբ բռնությունը լավ բան է: Շատերը մտածում են, որ երեխային ծեծելով կարող են հասնել ցանկալի արդյունքի: Դա սխալ պատկերացում է,- ասում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Ռադոսլավ Ռզեհակը՝ ընդգծելով, որ երեխաների նկատմամբ բռնությունը ոչ մի դեպքում չի կարող արդարացված լինել. «Երբ աշխատավայրում ղեկավարդ բարկանում է քեզ վրա, ծեծո՞ւմ է, իսկ եթե ծեծի, քեզ դո՞ւր կգա»,- հռետորական հարց է տալիս Ռ. Ռզեհակը:

Ինչ վերաբերում է պատժի ձևերին, զեկուցման մեջ նշված է, որ դրանք խիստ բազմազան են՝ սկսած լայնորեն տարածված՝ անկյուն կանգնեցնելուց, բղավելուց, ականջ քաշելուց մինչև հայհոյանք, մութ տեղում պահել, անգամ դպրոցից հեռացնել և այլն:
Մոնիթորինգի զեկույցի համահեղինակ, հասարակական դիտորդական խմբի անդամ Միրա Անտոնյանին մտահոգում են ոչ միայն վերը նշված պատժամիջոցները, այլև այն, որ, ըստ նրա, այս հաստատությունները բավարար ջանքեր չեն գործադրում երեխաների ու ընտանիքի անդամների միջև կանոնավոր կապ ստեղծելու հարցում: Բացի այդ, անտեսվում են երեխաների կանոնավոր բժշկական ստուգումները, իսկ հագուստի, սննդի և ժամանցի կազմակերպման հարցերում երեխաների կարծիքն ընդհանրապես հաշվի չի առնվում. «Բայց ամենավատն այն է, որ երեխաները չեն էլ փորձում փոխել իրենց դրությունը, իսկ դա նրանից է, որ չգիտեն իրենց իրավունքները, բավարար չափով իրազեկված չեն»,- ասում է տիկին Անտոնյանը:

Ընդունելով ՀՀ կառավարության քաղաքականությունը՝ ուղղված երեխայի խնամքի հաստատությունների վերակազմավորմանը՝ մոնիթորինգի զեկույցում առաջարկվում է փակել այն հատուկ կրթական հաստատությունները, որոնք գործում են երեխայի խնամքի անընդունելի չափանիշներով և կիրառում են ոչ պատշաճ կրթական և ուսուցման մեթոդներ:

Արձագանքելով զեկուցման արդյունքներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ընդունում է ինչպես այս հաստատություններին վերաբերող քննադատությունները, այնպես էլ մասնագիտական խմբի կողմից արված առաջարկները:

Նախարարի խոսքով՝ այս ոլորտում թեև ձեռքբերումներն զգալի են, այնուամենայնիվ, անելիքներ դեռ շատ կան. «Ուռա՜ գոռալով գնալ առաջ՝ այս հարցում չի կարելի: Ասել՝ ռեֆորմ ենք անում ու վերջ, չի կարելի, որովհետև ամեն մի ռեֆորմի հետևում երեխաների ճակատագրեր են, և պետք է զբաղվել յուրաքանչյուր երեխայի ճակատագրով, իսկ դա, իհարկե, թիմային աշխատանք է պահանջում. սոցիալական ծառայության աշխատակիցները մեծ անելիքներ ունեն, տեղական ինքնակառավարման մարմինները պետք է մեր կողքին լինեն և բազմաթիվ այլ կառույցներ ևս»,- ասում է պարոն Աշոտյանը:
Նրան մտահոգում է նաև սոցիալական խնդիրների պատճառով նման դպրոցներում հայտնված երեխաների խնդիրը. «Հատուկ դպրոցներում հայտնված ոչ բոլոր երեխաներն ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք,- ասում է Ա. Աշոտյանը,- նրանց զգալի մասը, պարզապես, սոցիալապես անապահով ընտանիքներից է: Երեխաներ են, որոնց կարիքներն ընտանիքը չի կարողանում հոգալ, և նրանք հայտնվում են պետության ձեռքերում, որը կարողանում է հոգալ այդ կարիքները: Այս տեսակետից երկրորդ լրջագույն խնդիրն այդ երեխաների վերադարձն է ընտանիք: Հատուկ դպրոցներում պետք է լինեն բացառապես այն երեխաները, որոնք իսկապես ունեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք»:

Սակայն սոցիալապես անապահով երեխաների վերադարձն ընտանիք իրականում այնքան էլ դյուրին չէ, ինչպես փաստում է ԿԳ նախարարը. «Բազմաթիվ դեպքեր կան, երբ հաջողությամբ երեխային վերադարձնում են տուն, բայց քիչ չեն նաև դեպքերը, երբ վերադարձնում են տուն, բայց այդ երեխան հետո կամ հետ է գալիս, կամ հայտնվում է փողոցում, կամ էլ ավելի վատ դրության մեջ է ընկնում»,- ասում է Ա. Աշոտյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930